Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալների ու ջերմ մարդկանց «3-րդ ալիքը»

Փետրվար 19,2016 13:30

1991թ. փետրվարի 19-ին ծնվեց նորարարության շնչով ու տեսակով յուրօրինակ «3-րդ ալիքը», որի հիմնական ստեղծագործական խմբում էին Արտակ Արզումանյանը, Էլմիրա Արսենյանը, Արտավազդ Եղոյանը, Վաչագան Ներսիսյանը, Կարեն Քոչարյանը: Այս տարի լրանում է «3-րդ ալիքի» հիմնադրման 25-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում հատկապես միջին եւ ավագ սերնդի մարդիկ շատ ջերմ էին արտահայտվում «3-րդ ալիքի» մասին: Հիշում էին, թե ինչ անհամբեր էին սպասում, որ այն իրենց տուն «մտնի» ու չկտրվեն հեռուստաէկրաններից:

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «25 տարի անցավ այն օրվանից, երբ Երեւանի բոլոր հեռուստադիտողները միանգամից փոխեցին ալիքները, եւ փողոցում մարդ չմնաց, քանի որ բոլորը նայում էին «3-րդ ալիք»: «3-րդ ալիքի» տրամադրությունը, անմիջականությունը, վերաբերմունքը մեր սիրելի մայրաքաղաքին ու Հայաստանին, ուրիշ էր: Շատ-շատ հետաքրքիր էր նայելը: Ինձ էլ բախտ վիճակվեց լինել «3-րդ վագոնում», որից հետո եկավ «3-րդ ակումբը»: Ընդ որում՝ այդ բոլորը շարունակվում էին նույն ավանդույթով: Այնպիսի անձնավորությունների հետ, ինչպիսին մեր Էլմիրան է, մեր Արտոն, մեր Կարենն է, նույնիսկ նրանց փողոցում պատահական հանդիպելը, հաճելի էր: Երբ ավելի մտերմացանք, ընդհանուր հարցեր սկսեցինք շոշափել, ավելի ջերմ մթնոլորտ առաջացավ, որի համար շատ շնորհակալ եմ: Իսկ «3-րդ ալիքի» շարունակելիությունը, անկախ նրանից, որ էլ եթերում չեն, յուրաքանչյուրիս մեջ է: Դրա համար էլ շնորհակալություն: Ես շնորհավորում եմ ձեր 25-ամյակը, եւ հույս ունեմ շնորհավորել նաեւ 50-ը: Եթե ես էլ չլինեմ, իմ փոխարեն ուրիշները կշնորհավորեն: Դուք անմոռանալի եք, սերնդեսերունդ պետք է հաղորդել այն ջերմությունը, որ ստեղծում էր «3-րդ ալիքը», կեցցեք դուք»:

3_aliq_1

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Արմեն Մանուկյանը հպարտությամբ նշեց, որ ժամանակին պատիվ է ունեցել գործընկերակցելու «3-րդ ալիք» հեռուստաընկերության հետ: Նրա ձեւակերպմամբ, «3-րդ ալիքը» միշտ էլ բազմազան ու բազմակողմանի միջոցառումներ է իրականացրել: «Ինչ վերաբերում է «3-րդ ակումբին», այն էլ շաբաթը մեկ անգամ հավաքում էր քաղաքի, հանրապետության մտավորականությանը, ջերմ մթնոլորտում զրույց ծավալում հատկապես մշակութային թեմաներով: Ես շնորհավորում եմ նրանց, եւ շատ ցավում եմ, որ այսօր չկա «3-րդ ալիքը», հպարտ եմ, որ մենք լավ ընկերներ ենք»,- նշեց պարոն Մանուկյանը: Հավելեց, որ մի շարք հետաքրքիր դրվագներ կան «3-րդ ալիքի» հետ կապված, դրանցից մեկն էլ Իսահակյան 38 հասցեում գտնվող շենքի 50-ամյակն էր. «Բավական հայտնի մարդիկ էին բնակվում այդ շենքում: «3-րդ ակումբը» յուրովի նշեց 50-ամյակը: Իրենք ներառել էին մեր բակի ներկայացուցիչներին»:

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը փաստեց, որ «3-րդ ալիքի» հետ կապված է իր կյանքի մի մեծ կտոր: Ասում է, ափսոսում է, որ «3-րդ ալիքը» չկա եթերում, մյուս կողմից էլ երջանիկ է, որ ի դեմս «3-րդ ալիքի» հիմնադիրների ու անդամների, լավ ընկերներ ունի. «Այնտեղ աշխատում էին այնպիսի պրոֆեսիոնալներ, ինչպիսիք էին Էլմիրա Արսենյանը, Արտակ Արզումանյանը, օպերատոր Գագիկ Համբարձումյանը, Կարեն Քոչարյանը, Արտավազդ Եղոյանը… Դա մի կոլեկտիվ էր, որը աչքի էր ընկնում համերաշխությամբ, բարձր պրոֆեսիոնալ մոտեցմամբ եւ սիրով՝ դեպի իրենց աշխատանքը: Այնպես է ստացվել, որ ես եւ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը միշտ մասնակցել ենք իրենց համարյա բոլոր միջոցառումներին: Տպավորվել է 5-ամյակը, որ մեծ համերգով նշվեց Համալիրում: Վերջերս Կարեն Քոչարյանն այդ համերգից որոշ կտորներ էր դրել Ֆեյսբուքում: Շատ հուզիչ էր: Դրանք այնպիսի՜ հիշողություններ էին: Ցավոք, հիմա մի քանի հոգի կան, որ ողջ չեն, ինչպես Դավիթ Բեջանյանը, Խոսրով Վարդանյանը… Նայում էի կադրերը եւ մտածում, թե 90-ականների ծանր տարիներին ինչպես էինք ամեն ինչ անում, որ կրակը չմարի, հեռուստատեսությունը մնա բարձր մակարդակի վրա: Դրա համար էլ եմ շատ շնորհակալ «3-րդ ալիքի» կոլեկտիվին: Բոլորն իմ շատ մոտ ընկերներն են, տեսնում եմ, որ այսօր էլ նրանցից յուրաքանչյուրը, չլինելով «3-րդ ալիքի» մեջ, իր բարձր պրոֆեսիոնալիզմով շարունակում է ինչ-որ քար ավելացնել հեռուստատեսության շենքին»:

«3-րդ ալիքը» մի ջերմ ու համերաշխ համայնք էր, որին, ի թիվս այլոց, մաս են կազմել Արամ Պապոյանը, Գագիկ Սիմոնյանը, Գագիկ Համբարձումյանը, Արա Գեւորգյանը, Մուշեղ Մինասյանը, Գոհար Գասպարյանը, Վանիկ Ավագյանը, էլի շատերը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29