Լրահոս
Օրվա լրահոսը

«WebԾիրան» կինոփառատոնը շուտով կամփոփվի

Մարտ 03,2016 12:30

Այս տարի «WebԾիրան» առցանց համահայկական կինոփառատոնի համար հոբելյանական էր: Այն անցկացվում է 5-րդ անգամ: Ֆիլմերը ցուցադրվեցին բացառապես Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ՝ 2016 թվականի փետրվարի 1-29-ը: Փառատոնի գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 400.000 ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով, իսկ մյուս հաղթողները՝ խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով:
Ինչպես գլխավոր, այնպես էլ մյուս մրցանակակիրները կստանան նաեւ պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:

Արդյունքները կհրապարակվեն 2016թ. մարտի առաջին տասնօրյակում՝ հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Հավելենք, որ «WebԾիրան» համահայկական 5-րդ կինոփառատոնին ներկայացվել են մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն, էքսպերիմենտալ եւ այլն, ու խրախուսելի էին նաեւ տեխնոլոգիական նոր միջոցներով՝ բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանած կարճ ֆիլմերը:
Փառատոնն ավանդաբար անցկացնում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր գործընկերությամբ:

Փառատոնին այս անգամ մասնակցել են հիմնականում երիտասարդ ռեժիսորներ, ներկայացվել են երկու տասնյակից ավելի ֆիլմեր, որոնք որակապես չեն տարբերվում նախորդ տարիների ֆիլմերից: Դրանք նվիրված են ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանին, Արցախյան գոյամարտին, մերօրյա երիտասարդ արվեստագետների խնդիրներին, մարդկային հարաբերություններին, արժանապատիվ ապրելու իրավունքին, անգամ աղի բլիթին եւ այլն: Երբեմն ներկայացված ֆիլմերի երիտասարդ հեղինակների մոտ ընդգծված է իրենց դասախոսների ազդեցությունը, կան նաեւ թարմ հայացքով արված աշխատանքներ: Ամենաշատ դիտումներ ունեցող ֆիլմերի տասնյակը գլխավորում է պատերազմի դաժան դեմքը, հող հայրենին ազատագրած մարդու հպարտությունն ու ողբերգությունը ներկայացնող «Քառուղի» ֆիլմը: Ի թիվս այլ աշխատանքների, տասնյակում են նաեւ «Ակնթարթը», «Վերածնվածը», «Ով կա այդտեղ», «Աղի սեր», «Ռադիոլա», «Արվեստանոց էի ուզում» ֆիլմերը:

Գ. Հ.

«Առավոտ» օրաթերթ
02.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031