Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ապրումները, որ ունեցել է Սեյրան Օհանյանի կինը, 3 մլն-ը չնչին փոխհատուցում է

Մարտ 03,2016 16:01

Այսօր ՝ մարտի 3-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն էր՝ ընդդեմ «Հայկական ժամի», որը hzham.am կայքում հրապարակել էր վիրավորական նյութեր՝ հայհոյախառն արտահայտություններով: Նախարարի կինը ԶԼՄ-ից պահանջում է ոչ միայն հերքում, ներողություն, այդ նյութերի հեռացում կայքից, այլեւ 2 մլն դրամ զրպարտությունների համար, 1 մլն դրամ վիրավորանքների համար:

ԶԼՄ-ի ներկայացուցիչները չէին մասնակցում նիստին: Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը կարդաց հերքման այն տեքստը, որը պահանջում են հրապարակել, որտեղ մասնավորապես ասվում է, որ այսինչ հոդվածներում հանցագործությունների մեջ եմ մեղադրել Ռուզաննա Խաչատրյանին, գրել եմ, որ նրա ներկան ու անցյալն անբարո է եւ այլն, «զրպարտող տեղեկությունները հերքում եմ, վիրավորանքների համար ներողություն եմ խնդրում»:

Նախագահող դատավոր Գայանե Խաչատրյանը հարցրեց՝ հերքումը բավարար չի՞ համարում հայցվորը, որ պահանջում է նաեւ փոխհատուցման գումար՝ Կարեն Մեժլումյանը պատասխանեց. «Հարգելի դատավոր, պատկերացրեք, կին է, ամուսին ունի, երեխաներ ունի, սկեսուր-սկեսրայր: Հայ մայր է անչափահաս փոքր երեխաների, որին մեղադրում են հանցագործության մեջ, մեղադրում են անբարոյականության մեջ, հայհոյանքներ են տալիս: Ավելին, երբ որ գրում ենք, շարունակում են, նույն հոդվածները տեղադրում են: Պետք է նաեւ գումարային փոխհատուցում լինի: Իրականում մենք օրենսդրությամբ սահմանված ամենաբարձր չափը չենք դրել: Հաշվի ենք առել, որ կա մոտ 7 հոդված, ամեն հոդվածում՝ մի քանի վիրավորանք: Հաշվի առեք քանի վիրավորանք կա, քանի զրպարտություն: Իրականում այս գումարը շատ ավելի պակաս գումար է, քան պետք է փոխհատուցվեր: Ավելին, մենք կարող էինք ամեն մի հոդվածի համար առանձին հայցով դիմել, նորից նույն գումարը ներկայացնել: Բայց միավորել ենք մի հայցի մեջ: Այն գումարը, որ նշել ենք, ամենեւին բարձր չէ, հայհոյանքներ կան, դրանք պարբերական բնույթ են կրում եւ ընդհուպ նպատակ ունեն ատելություն սահմանել մեր վստահորդի հանդեպ: Ռուզաննա Խաչատրյանի համար այն արտահայտությունները, այն վիրավորանքները, որ արվել են, այն ապրումները, որ նա ունեցել է, դա իրականում չնչին փոխհատուցում է»:

Ըստ Կարեն Մեժլումյանի, դեպք է եղել, որ կայքի սեփականատերը իր հոդվածի տակ վիրավորող մեկնաբանությունը չհանելու համար է պատասխանատվություն կրել, այս դեպքում խոսքը բազմաթիվ վիրավորանքների մասին է հոդվածում:

Դատավորը արդեն հաջորդ դատական նիստում կհրապարակի վճիռը: Իսկ դա կլինի մարտի 18-ին, ժամը 17-ն անց 40 րոպեին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031