Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային պատկերասրահը կգործակցի Իրանի խոշորագույն թանգարաններից մեկի հետ

Մարտ 10,2016 14:39

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր պատկերասրահի եւ Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի միջև ստորագրվեց հուշագիր, որը ենթադրում է առաջիկայում հայ եւ իրանցի նկարիչների աշխատանքների ցուցադրությունների կազմակերպում:

DCIM105MEDIA

«Սա մեզ համար կարեւոր փաստաթուղթ է, որը սկիզբն է Իրանի խոշորագույն թանգարաններից մեկի հետ աշխատանքի: Թանգարանը բավականին լուրջ հավաքածու ունի` իրանական արվեստից մինչեւ Եվրոպայի լավագույն նկարիչների աշխատանքներ»,-ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Նորուզին էլ նկատեց, որ պատկերասրահի հետ  գործակցությունն ինչ-որ տեղ ուշացած է. «Հայերը եւ իրանցիները պետք է ծանոթանան իրենց մշակույթի գլուխգործոցներին: Հուսով եմ, որ առաջիկայում հայ նկարիչների գործերը կցուցադրվեն Իրանում»:

DCIM105MEDIA

Նշենք, որ վաղը Ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական արվեստ» խորագրով ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն Իրանի ժամանակակից նկարիչների աշխատանքները:

«Ազգային պատկերասրահը աշխարհի լավագույն պատկերասրահներից է, եւ ուրախ ենք այստեղ ներկայացնել իրանցի մանրանկարիչների ստեղծագործությունները: Արվեստը եւ մշակույթը յուրաքանչյուր ժողովրդի հայելին են, եւ այցելուները հետաքրքիր նմուշներ կտեսնեն: Մենք հպարտանում ենք դրանցով: Իրանական մանրանկարչությունը բավականին մեծ համբավ է վայելում: Դրա միջոցով հնարավոր է ծանոթանալ իրանական մշակույթի, գրականության հետ: Ի դեպ, մեր մանրանկարչությունից անբաժան են հավքը եւ վարդը` որպես երկնքի եւ երկրի միջեւ ներդաշնակության խորհրդանիշ: Իսկ գույները խաղաղ են եւ հուշում են խաղաղության կարեւորության մասին»,-նշեց Մաջիդ Մոլլա Նորուզին:

Նրա ղեկավարած թանգարանն առաջիկայում ցուցադրություններ կկազմակերպի Բեռլինում եւ Հռոմում:

Արման Ծատուրյանը նաեւ տեղեկացրեց, որ իրանցի գործընկերներից մեկն իրեն հարցրել է` ինչպես ծանոթանալ ժամանակակից հայ նկարիչներին եւ նրանց աշխատանքներին. «Այդ նպատակով Մշակույթի նախարարության հետ նախատեսում են տեղեկատվական կայք ստեղծել, որը կներկայացնի հայ ժամանակակից նկարիչներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031