Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքերն ապրում են. Հանդիպում Սամվել Մարտիրոսյանի հետ

Մարտ 15,2016 16:01

Ի՞նչ գիրք կարդալ: Հաճախակի տրվող այս հարցը ընթերցասերների համար դարձել է սովորական երևույթ: Իսկ գրքերի ընտրությունն արդեն բարդ գործ չէ, խորհրդական ընթերցասերները միանգամից օգնության են գալիս: Սակայն` որ հարթակը ընտրել ընթերցանության` օնլայն, թե տպագիր:

Ժամանակի մեքենան դեռևս 2000-ական թվականներից զարգացման անսպասելի առաջընթաց ապրեց` իր հետ բերելով ինտերնետ, հոգնածություն և պարապություն: Օնլայն հարթակը կուլ տվեց ոչ միայն ինտերնետամոլ հասարակությանը, այլև ընթերցասերներին: Գրքասեր հասարակությունը, կարծես, արագ և հեշտությամբ ընդունեց նորագույն տեխնոլոգիաների մարտահրավերը և դարձավ օնլայն ընթերցանության սիրահար: Սակայն որքան էլ զարմանալի չէ, տպագիր գրքերի ընթերցանությունն այդպես էլ չվերացավ:

Մարտի 14-ին «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում մեկնարկեց «Հանդիպումներ Բյուրոկրատում» նախագծի առաջին հանդիպումը, որի հյուրն էր Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ, iDitord.org-ի համահեղինակ և համակարգող Սամվել Մարտիրոսյանը: Հանդիպման խորագիրը կրում էր «Գիրքը ներկայի և ապագայի միջև» անվանումը:

Սամվել Մարտիրոսյանը խոսեց գրքի պիտանելիության, արժևորման և կարևորության մասին: Թեմայի անվանումից արդեն պարզ է դառնում, որ հակամարտության մեջ են երկու իրարամերժ հարթակներ` էլեկտրոնային և տպագիր գրքերի կիրառումը: Սամվել Մարտիրոսյանի խոսքով վերջին ժամանակներում խոսակցությունների առիթ է դարձել գրքի էլեկտրոնային տարբերակի առկայությունը, որը ետ է մղում տպագիր գրքերի կիրառումը:

«Էլեկտրոնային գիրքն իր հետ շատ յուրահատուկ փոփոխություններ է բերել: Այն ունի երկու բևեռային հատկություններ: Նախ այն, որ եթե դուք օրինապաշտ եք և օնլայն գիրք եք գնում, այդ գրքերը ուրիշին տալ չի կարելի, չնայած, որ Հայաստանում սա գործող օրենք չէ և թերևս մի քանի տարի անց կիրառության մեջ կլինի: Երկրորդ յուրահատկությունն այն է, որ մեր ժամանակներում արդեն հնարավոր է գրքերը հեռախոսների մեջ պահել, համակարգիչների և ցանկացած ժամանակ կարդալ այն, ինչ կցանկանաս»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Թղթի հոտը, գրադարանների մի քանի ընթերցասերները և անվերջ գրադարակների շարքը կարծես «մոդայից» դուրս են մնացել: Նույնիսկ գրքի առկայությունը բնակարաններում դարձել է հազվադեպ երևույթ` ծառայելով դեկորատիվ մի անկյուն` տան դատարկ հատվածները լրացնելու համար: Դժվար է ասել` մարդիկ որքանով են հակված էլեկտրոնային գրքերի ընթերցմանը, սակայն Սամվել Մարտիրոսյանի կարծիքով կան մարդիկ ում համար գրքի հոտը, գրադարաններում ժամեր անցկացնելն ու տպագիր թուղթ շոշափելը անփոխարինելի են ամեն պարագայում:

«Եթե մի կողմ դնենք գիրքը որպես էություն, ապա կտեսնենք, որ այսօր փոխվում է ոչ միայն գրքի տարածման որակը, այլև գրելու: Գիրք գրելու մոտիվացիան և դրդապատճառն էլ է փոխվում, սպասելիքները գրականությունից նույնպես: Մենք միշտ գրքից ակնկալիքներ ենք ունենում: Հիմա մահվան գաղափարը գրքից դուրս է եկել, գրքերը լույս են տեսնում սպառման պահանջից ելնելով: Լավ գրողը մեր ժամանակներում ավելի շատ ցանկանում է,որ իր գիրքն ունենա շարունակություն, իսկ հերոսը չմահանա»,- ասում է Սամվելը:

Ժամանակների փոփոխությամբ, գիրքը կորցնում է նաև իր ֆիզիկական քաշը` դառնալով ավելի հասանելի ընթերցողին, դուրս են գալիս նախկին քաղաքակրթության արգելքները, արգելված գրքեր այրելը, գրքի պիտանելիությունն արժեզրկվում է: Այսօր Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» հայտնի վիպաշարի կողքին բեսթսելլեր է դառնում Էրիկա Լեոնարդ Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» գիրքը` էրոտիկ ժանրը համակցելով ֆանտաստիկայի հետ: Հերոսները մահանում և կենդանանում են, առաջ է գալիս սերիալային գիրք հասկացողությունը: Սամվելի կարծիքով կան գրքեր, որոնք կարծես նախօրոք մտածված սցենարներ լինեն, որոնց գաղափարով էլ ֆիլմեր են նկարահանվում:

Marine PetrosyanՀանդիպումն անպակաս էր նաև բանավեճերով, կարծիքներով գրականագետների, գրողների և պարզապես ընթերցասերների կողմից: Հայ բանաստեղծ և հրապարակախոս Մարինե Պետրոսյանի կարծիքով` գրքի մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ գիրքը գրականությունը չէ, սակայն համարվում է, որ 19-րդ դարից գիրքը դարձել է գրականության հոմանիշ:

«Գրականությունը գիրքը չէ, գրականությունը տեքստն է, գիրքը տեքստը փոխանցելու ձևն է: Ես չէի ուզի, որ գիրքը հեռանա կամ մահանա, բայց եթե անգամ գիրքը մահանա, գրականությունը դրանից չի մահանա: 19-րդ դարում, երբ գրականությունը դարձավ մասսայական, այդ ժամանակ ի հայտ եկավ նաև թերթը, տպագրությունը և այդ ժամանակ էր դա համարվում ֆենոմեն: Այսօր այդ ֆունկցիան վերանում է, բայց գրականությունը դրանով չի տուժի ըստ իս: Եթե գրականությունը նույնիսկ չգնվի, այն կապրի, ինչպես օրինակ` Facebook-ում և մնացած սոցիալական կայքերում»,- ասում է Մարինե Պետրոսյանը:

Ի վերջո, էլեկտրոնային, թե տպագիր ընթերցանություն, սա հարց չէ, այլ ընտրության լայն հնարավորություն: Գիրը, գրականությունը, գրքերն ապրում են մինչ կա հավատարիմ ընթերցասեր հասարակություն, որը չի տարբերակում` գրքի որ տարբերակից օգտվել:

Մարո ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Լուսանկարները՝ «Բյուրոկրատ» գրախանութի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031