Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի և կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտ 17,2016 10:34

Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը` մարտի 16-ին, հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ:

Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջկրոնական համերաշխությունն ու միմյանց հավատքի նկատմամբ հարգանքը, որը Նախագահի բնորոշմամբ` հայ-կիպրական անխախտ բարեկամության հիմնասյուներից է և այսօր էլ երկուստեք բարձր մակարդակով արժանանում է պատշաճ ուշադրության ու վերաբերմունքի:

Ընդգծելով, որ հայ և կիպրացի ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ համակրանքը պայմանավորված է նաև համամարդկային միևնույն արժեքներին հավատարմությամբ ու հարգանքով, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ արժեքների սերմանման ու պահպանման կարևորագույն առաքելությունը դարեր շարունակ իրականացրել է եկեղեցին, իսկ հայ ժողովրդի պատմության մի ժամանակահատվածում, երբ նա չի ունեցել պետականություն, հայոց եկեղեցին որոշ չափով իր վրա է վերցրել նաև պետության դերը: Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեր օրերում էլ հոգևոր արժեքների ամրապնդման հարցն առանձնակի կարևորություն ունի, նկատի առնելով, որ համաշխարհայնացման գործընթացները լի են ոչ միայն դրական, այլև բազմաթիվ բացասական հետևանքներով, որոնց դիմակայելը ժամանակի հրամայական է հատկապես փոքր ժողովուրդների համար՝ ազգային ինքնության, մշակութային ու հոգևոր արժեքների պահպանման տեսանկյունից։

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին, եկեղեցուն և բարեկամ կիպրացի ժողովրդին` հայ ժողովրդի և հատկապես Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը ուրախությամբ է փաստել, որ պատմականորեն եղբայրական ջերմ հարաբերություններ են հաստատվել հայերի հետ: Նրա հավաստմամբ, Կիպրոսի եկեղեցին գերազանց հարաբերություններ ունի ամբողջ քրիստոնեական աշխարհի, այդ թվում` հայոց եկեղեցու հետ, և այդ հարաբերությունները նպաստում են նաև միջպետական կապերի ամրապնդմանը: Արքեպիսկոպոսը վստահություն է հայտնել, որ եղբայրական հայ և կիպրացի ժողովուրդներին ապագայում ավելի լավ օրեր են սպասվում և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանին և նրա բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակներում մարտի 16–ին մայրաքաղաք Նիկոսիայում այցելել է նաև հայկական «Նարեկ» վարժարան, ծանոթացել կրթական այդ հաստատության պայմաններին ու ծրագրերին, ունկնդրել վարժարանի սաների կատարմամբ ՀՀ Նախագահի այցի առթիվ պատրաստված մշակութային ծրագիրը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել վարժարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այցելել է եկեղեցի, ապա հանդիպում ունեցել Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031