Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի նշանակում, որ բարեփոխումները վերջնականապես լինելու են». «Հրապարակ»

Մարտ 26,2016 13:24

Երեկ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջին նիստն է արել՝ մեկնարկել է բարեփոխումների գործընթացը։ ԼՂ նախագահի հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովը մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը պետք է նախագահին ներկայացնի բարեփոխումների հայեցակարգը, եւ հավանություն տրվելուց հետո՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, պետք է մշակվի եւ նախագահին ներկայացվի բարեփոխումների նախագիծը: Ու եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին կանցկացվի հանրաքվեն, ու Արցախը նույնպես կունենա նոր Սահմանադրություն։ Ինչո՞ւ են որոշել նման գործընթաց սկսել, կա՞ արդյոք հասարակական պահանջ նոր Սահմանադրություն ունենալու, թե՞ պարզապես Հայաստանին կապկելով են զբաղված, թե՞ Ղարաբաղն էլ նախագահական համակարգի վերացումով ուզում է կանխել ինչ-որ անցանկալի անձանց վերադարձն իշխանություն։ Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի օրերս արձակած հրամանագրում հիմնավորումը հետեւյալն է. «Ելնելով իրավունքի գերակայության եւ ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից…»։ Մասնագիտական հանձնաժողովը ղեկավարում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կազմում ընդգրկված են ԼՂ գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, Գերագույն դատարանի նախագահը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը եւ այլք։ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ մեզ հայտնեց, որ գործընթացը դեռեւս խիստ նախնական փուլում է, ու ինքը չի կարող ասել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են նախատեսվում, կհրաժարվե՞ն նախագահական համակարգից, թե՞ ոչ, ի՞նչ մոդել կընտրվի։ Պարզաբանեց, թե ինչու է պահանջ առաջացել նոր Սահմանադրություն ունենալու։ «Այդ առաջարկը կատարվել է ԱԺ ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կողմից, ինչպես նաեւ արտախորհրդարանական բոլոր կուսակցությունների, նրանք այդ պահանջով դիմել են հանրապետության նախագահին, որպեսզի ստեղծվի մասնագիտական հանձնաժողով, նախագահն էլ դրական է արձագանքել, ու հանձնաժողովն ստեղծվել է։

Սա չի նշանակում, որ բարեփոխումները վերջնականապես լինելու են»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Հարցրինք, թե քաղաքական ուժերն իրենց առաջարկն ինչով են բացատրել եւ, օրինակ, կառավարման ինչ մոդել են պատկերացնում նոր Սահմանադրությամբ, սակայն խոսնակն ասաց, թե քաղաքական ուժերն առաջարկել են ընդամենը բարեփոխումների հանձնաժողով ստեղծել. «Բոլորը կմասնակցեն այդ տարբերակների մշակմանը, թե ինչպիսի մոդել կլինի, ցույց կտա ժամանակը»։ Ստացվում է, որ քաղաքական ուժերը որեւէ կոնկրետ առաջարկ ու հիմնավորում չեն ներկայացրել, իսկ Բակո Սահակյանն էլ ընդունել է նրանց «չպատճառաբանված» ցանկությունը։

Հաշվի առնելով ԼՂՀ չկարգավորված կոնֆլիկտը, հնարավո՞ր է անցում կատարել թույլ նախագահական համակարգի կամ ընդհանրապես հրաժարվել այդ մոդելից։ «Ես չգիտեմ, քանի դեռ չկա հայեցակարգը, ոչինչ ասել հնարավոր չէ»։ Իսկ դա նպատակահարմա՞ր է։ «Ես չգիտեմ, քանի որ բոլոր քաղաքական ուժերն են առաջարկներ ներկայացրել, հիմա, իրենց կարծիքով, կա պահանջ սահմանադրական բարեփոխումների»,- չկոնկրետացրեց Բաբայանը՝ հավելելով. «Վերջում ժողովուրդն է իր քվեով որոշելու՝ պետք է, թե պետք չէ նման Սահմանադրություն»։

Հրապարակումն ամբողջությամբ՝ այսօրվա «Հրապարակ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031