Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դպրոցի ճանապարհին հրթիռահրետաակոծության հետեւանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է․ հնարավոր է վիրահատեն

Ապրիլ 03,2016 16:41

Ապրիլի 2-֊ին դպրոց գնալու ճանապարհին ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է գնահատվում։ Լեռնային Ղարաբաղի հանրապետության «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի եւ Գեւորգ Գրիգորյանի վիճակը կայուն է, վտանգավոր բան չկա․«Վիճակները կայուն է, շարունակում են բուժում ստանալ, արդեն վիրակապել ենք, ամեն ինչ նորմալ է, վաղը հստակ կլինի՝ վիրահատելո՞ւ ենք, թե՝ ոչ»։

Հիշեցնենք, որ Գեւորգ Գրիգորյանը  ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանված 2004թ. ծնված Վաղինակ Գրիգորյանի եղբայրն է։

Բժիշկն ասաց, որ երկու երեխաների մոտ ազդրերի փափուկ հյուսվածքների վնասվածքներ են, մեկի մոտ՝ աջ ազդրի, մյուսի մոտ՝ ձախ։

Ըստ ԼՂՀ առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվության,  «Արեւիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի եւ Գեւորգ Գրիգորյանի վիճակը կայուն է գնահատվում, առկա է արտահայտված դրական դինամիկա, բարելավվել են նաեւ հեմոդինամիկ ցուցանիշները, դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ, ստանում են վերականգնողական շարունակական բուժում:

Ըստ նույն աղբյուրի,  Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 վիրավոր: Զավեն Ավանեսյանը եւ Կամո Աբրահամյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Իսկ Ծովինար Աղաջանյանը եւ Գարեգին Աղաջանյանը իրենց բուժումը շարունակում են վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն են գնահատում: Հայկ Թորոսյանը` գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով, տեղափոխվել է Երեւան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930