Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Առաջարկում ենք ավելի հարմար պահի կազմակերպել Ազգային Ժողովում փակ նիստով քննարկում»

Ապրիլ 04,2016 14:00

Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմական գործողություններ, խախտելով զինադադարի մասին 1994 թվականի եւ զինադադարի ռեժիմի պահպանման մասին 1995 թվականի համաձայնագրերը: Այս գործողություններով ոտնահարվել է նաեւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, որ ամրագրված է ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ առանցքային փաստաթղթերում, այն է` հակամարտությունների լուծմանն նպատակով ուժի չկիրառման սկզբունքը: Սա ագրեսիա է, որի հետեւանքով նորից զոհվում են տասնյակ զինվորներ, խաղաղ բնակիչներ, ռմբակոծվում են բնակավայրեր, առաջացնելով ավերածություններ:

Հայկական բանակը այսօր հերոսական մարտեր է վարում ռազմաճակատում, եւ մեր բոլորիս պարտքն է զորակցություն հայտնել մեր մարտիկներին, ամբողջ բանակին, ինչպես նաեւ սահմանամերձ խաղաղ բնակչությանը: Մենք այսօր այցելեցինք մեր վիրավոր մարտիկներին եւ կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ մեր բանակի, զինվորների ոգին անկոտրում է: Ագրեսորին ետ մղելու գործում գլխավոր երաշխիքը այսօր հենց այդ հայրենասիրական ոգին է, որն այսօր միավորում է ամբողջ հայությանը: Ես նաեւ ցանկանում եմ մեր խորը ցավն արտահայտել եւ ցավակցություն հայտնել մեր նահատակ հերոս-զինվորների մայրերին եւ հայրերին, ինչպես նաեւ զոհված խաղաղ բնակիչների հարազատներին:

Ստեղծված վիճակում Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ անկախ գործող իշխանությունների հետ եղած մեր հակասություններից, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին սպառնացող արտաքին ագրեսիայի վտանգի դեպքում բոլորս պատրաստ ենք միավորվել ագրեսիան ետ մղելու գործում:

Ցանկանում եմ այս կապվածությամբ նաեւ հնչեցնել այս լսարանում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւյալ խոսքերը. «…Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։

… Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները և լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»:

Առաջարկում ենք նաեւ, որոշ ժամանակ անց, ավելի հարմար պահի, կազմակերպել Ազգային Ժողովում փակ նիստով քննարկում, որում գործադիր իշխանությունը կներկայացնի անհրաժեշտ տեղեկություններ ստեղծված իրավիճակի մասին, եւ մենք բոլորս, խորը վերլուծելով կատարվածը, միասնաբար ելքեր գտնենք այս իրավիճակից:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930