Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան.«ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն չկա» (Տեսանյութ)

Ապրիլ 21,2016 17:51

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել զոհված զինծառայողների ընտանիքներին հասցեական օգնություն տրամադրել, ի՞նչ փուլում է գործընթացը: Այս առնչությամբ պարոն Մինասյանն ասաց, որ արդեն կարգը մշակվել է եւ ներքին շրջանառության մեջ է, նախատեսվում է ընտանիքներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ:

Դա նշանակում է, ըստ նախարարի, որ փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում բացահայտել կարիքները, համապատասխան ուսումնասիրություն կատարել եւ վերապատրաստում տվյալ ընտանիքում՝ ի՞նչ բիզնես կամ ի՞նչ եկամտաստեղծ գործի մեջ կարող են ներգրավվել. «Օրինակ՝ մի բնակավայրում ընտանիքը կարիք ունի գյուղտեխնիկայի, որի առկայությունը թույլ կտա նրան ստանալ կայուն եկամուտ: Կամ քաղաքաբնակ ընտանիքը կարիք ունի փոքր, մշտական բիզնեսի»:

Մինասյանի խոսքերով՝ ամեն ընտանիքի համար առանձին կարիքների գնահատում պետք է կատարվի եւ ծրագիրն իրականացվի. «Եվ միայն ապրիլյան դեպքերի չէ, այլ ազատամարտի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների»: Մինասյանը վստահեցրեց, որ ծրագիրն իրատեսական է:

Նախարարն ասաց, որ ծրագրի մեխանիզմները մեկ ամսից կհրապարակվեն:

Հարցին՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ է ներկայացրել, ի՞նչ կարծիք ունի Մինասյանն այս մասին, վերջինս ասաց. «Ես որպես նախարար, դրա նպատակահարմարությունը չեմ տեսնում: Ավելին, նման ուղերձները կարող են շփոթ առաջացնել որոշակի տնտեսական գործընթացներում, դրա համար նման կարեւոր քաղաքականությունը նախ պետք է մշակվի ներսում, նոր հրապարակվի: Ցանկացած նման գործելակերպ ազդում է տնտեսության վրա, որովհետեւ որոշակի սպասումներ են ձեւավորվում: Ես որպես կառավարության էկոնոմիկայի բլոկի պատասխանատու, գտնում եմ՝ այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Մենք չենք էլ փորձել ԵՏՄ-ի առավելությունից օգտվել, ավելի լավ կլինի մտածենք՝ ի՞նչ մեխանիզմներ մտածենք, որպեսզի այդ հնարավորությունն իրացնենք ամբողջությամբ, երբ կսպառվի, նոր կքննարկենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930