Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշցի. «Մեր վտանգը Շահումյանի կողմից է». (Տեսանյութ)

Ապրիլ 27,2016 19:03

Ապրիլի 2-ին ադրբեջանական հրետակոծությունից մազապուրծ փրկված թալիշցիների մի մասը հանգրվանել է Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գյուղերում:

80 ամյա Սիրվարդ Դանիելյանն իր ամուսնու Բարմիկ Դանիելյանի հետ այդ գիշերը մի կերպ կարողացել են փախչել ու գալ Երեւան՝ դստեր տուն:

Aravot.am-ի հետ զրույցում Սիրվարդ տատը, որն արդեն 2-րդ անգամ է տեղահանվում իր հայրենի Թալիշ գյուղից, ասում է՝ այս անգամվա հրետակոծությունները նախորդի նման չէին: Սիրվարդ տատին երկու ձեռքով մեծ օղակ է ցույց տալիս ու ասում՝ մեծ, կլոր ինչ-որ բաներ էին ընկնում, կարկուտի պես թափվում էին:

«Մենք հավատում չէինք, որ տանից տյուս կկյանք: Ժողովուրդը հարայ էր անում, մինն  ասում էր՝ երեխաս չկա, մեկն՝ ասում էր՝ քույրս չկա, էն մինն ալ՝ եղբայրս չկա: Վազեցինք եկանք կանտորը, (նկատի ունի գյուղապետարանը): Դե հետո «բորտավոյ» մաշինա եկալ, ասել ա՝ շուտ ըրեք՝ մտեք, մտել ենք՝ վայեննի գծով, ծմակներովը եկալ՝ ոտաբոբիկ, նաչնոյով, մարդ կար, երեխեքը չի քթանում, մարդ կար՝ ուրյան ծնողները գյուդում չար որտեղ ա մնացել: Մի հարսի ուշքը քնյաց «կուզովում»: Հալա ես մին դերյա եմ կեցալ, մարդ կար՝ էրեխին չէր գտնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Թալիշցի այս կինն պատմում է՝ մի մեքենայով մի խումբ թալիշցիներով մի կերպ հասել են Վարդենիս. պատմում է, որ մի վարդենիսցու տանն են հյուրընկալվել. «Հարսը չայ, հաց ա տուվալ, դե հացը քյունո՞ւմ ա»:  Հետո ավտոբուս են կանչել, որն էլ Վարդենիս հասցրած թալիշցիներին Երեւան է բերել:

80 ամյա Սիրվարդ տատին ասում է՝ 2-րդ անգամ են տեղահանվում. Առաջին անգամ գյուղ վերադառնալուց հետո Արցախի կառավարության աջակցությամբ՝ գյուղացիները լավ տուն-տեղ էին դրել, այդ թվում նաեւ Դանիելյաները, հիմա, ինչպես տատն է ասում՝ կոտրած տաշտակի առաջ են կանգնած: Սիրվարդ տատն ասում է՝ ապրիլի 2-ի գիշերը, երբ դուրս են եկել գյուղից, անասուններին էլ թողել են գոմում կապած: Տատն ասում է՝ գոնե Թալիշի զինվորականներն անասուններին մորթեն՝ ուտեն, իմանանք մի լավ բան է եղել:

Հետո կնոջը միանում է Բարմիկ պապին. ասում է՝ Թալիշի վտանգը Շահումյանի կողմից է գալիս, Շահումյանը կարեւոր դեր ունի, բարձր տեղ է, այնտեղից է հակառակորդը գալիս: Բարմիկ պապի ռազմագիտական դիտարկումները՝ տեսանյութում

Տարեց ամուսինները չնայած դստեր տանն են, աղջիկն իրենց մասին լավ հոգ է տանում, բայց չեն ուզում մնալ այստեղ: Բարմիկ պապը բնակարանում իրեն վանդակի մեջ է զգում, ասում է՝ ուրիշ մի գյուղ լինի, որտեղ ազատ, փոքրիկ տուն լինի, կնոջ հետ գնան ապրեն, ու լավ կլինի՝ հենց Արցախում:

Թալիշ վերադառնալու մասին իմ հարցին, տարեց ամուսիններն ասում են՝ սիրով, բայց եթե երաշխավորված խաղաղություն լինի: Ամուսիններն ասում են՝ իրենց գյուղն իրենց համար աշխարհի ամենասիրուն ու բարեբեր գյուղն է, արդեն կարոտում են, բայց հետ գնալու մասին մի քիչ վախով են խոսում. «Մենք հալա մեծ ենք, բա էն ջահելները հո՞ւնց քնյան ետ, երեխանցը հո չեն տանի կրակի բերան: Հենց խաղաղություն լինի, կասկածեք ոչ՝ լող ալ քնյական են»:

Տարեց ամուսինների դուստրը՝ Գայանե Դանիելյանն ասում է՝ գոնե ծնողների թոշակի հարցը լուծվի, որպեսզի կարողանա նրանց դեղորայքի հարցը լուծել: Տիկին Գայանեն վստահեցնում է, որ մի քանի թալիշցիներով դիմել են սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին, սակայն նրանց ասել են՝ հրաման չկա՝ ԼՂՀ-ից եկածների կենսաթոշակները տալու:

Ծառայությունից Aravot.am-ին ասացին, որ Թալիշից Հայաստան եկած կենսաթոշակառուներն այդ խնդրի կարգավորման համար կարող են գրավոր դիմում գրել տարածքային բաժիններ. Ծառայությունը օրենքով սահմանված կարգով ընթացք կտա դիմումներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930