Լրահոս
Օրվա լրահոսը

Արևիկի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի անունով

Մայիս 16,2016 17:40

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Այդ հերոսների թվում էր նաև արևիկցի Գոռ Կարապետի Կիրակոսյանը` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին: Նա իր միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում` աչքի ընկնելով ուշիմությամբ, խոհեմությամբ և նպատակասլացությամբ: 2014 թվականի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայոց բանակ` իր որդիական պարտքը մատուցելու հայրենիքին: Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից հերոսաբար զոհվել է Գոռը` հետմահու ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվելով «Մարտական ծառայության համար» մեդալով:

Հերոս հայորդու սխրանքը յուրովի գնահատվեց նաև իր ծննդավայրում` հայրենի Արևիկում, որի դպրոցի ռազմագիտության դասասենյակն այսօր անվանակոչվեց Գոռ Կիրակոսյանի անունով: Դասասենյակի անվանակոչմանը Գոռի ծնողների, հարազատների հետ միասին ներկա գտնվեցին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը` իրենց խոնարհումը բերելով քաջարի զինվորի հիշատակին:

«Հավերժ փառք մեր Գոռին և մյուս հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանությանը: Այս քաջ տղաների կերպարը պետք է օրինակ դառնա մատաղ սերնդի համար, որովհետև Գոռը և նրա բախտակից ընկերները մեզ տվել են ազատ ու անկախ ապրելու, խաղաղ երկնքի տակ լուսացնելու հնարավորություն: Ոստի մեր բոլորի պարտքն է անմար պահել և խնկարկել նրանց հիշատակը»,- իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Կրթօջախի տնօրենն էլ իր խոսքում ընդգծեց, որ Գոռի անունը կապրի այս և գալիք սերունդների հիշողության մեջ` որպես հայրենի հողի պաշտպանության սխրալի օրինակ:

Օրվա առթիվ կրթօջախում կազմակերպվել էր նաև հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ավագ դասարանի աշակերտները Գոռի մասին իրենց հիշողություններով, օրվա խորհուրդը լրացնող երգերով ու ասմունքով մեծ հուզմունք և հպարտություն պարգևեցին ներկաներին:

 

Արմավիրի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031