Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ռուսական ՀՕՊ-ն ու անպաշտպան Արցախը

Հունիս 16,2016 19:00

ՊՆ-ն պարզաբանում է` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որն օրեր առաջ Երեւանում մասնակցում էր ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին, մամլո ասուլիսում անդրադառնալով հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության համակարգին՝ նշեց, թե դրա ստեղծման աշխատանքներն արդեն մի քանի տարի է՝ ընթանում են. «Դա բավականին բարդ փաստաթուղթ է, որն անցնում է համաձայնեցման բոլոր փուլերով եւ փաստացի արդեն անցել է ու հիմա գտնվում է օրենսդիրների սեղանին: Եվ եթե հաստատվի, ուժի մեջ կմտնի։ ՀԱՊԿ շրջանակներում նպատակ կա ստեղծելու այդպիսի համակարգեր: Արդեն կան ռուս-բելառուսական, ռուս-ղազախական, հիմա էլ ստեղծվում է ռուս-հայկական»։

ՀՀ ՊՆ-ն օրեր առաջ հաղորդագրություն-պարզաբանում տարածեց, որից նախ՝ տեղեկացանք, որ ստորագրվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որի «2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատակով ստեղծվում է հակաօդային պաշտպանության միավորված (անհրաժեշտ է նկատել, որ սա համատեղ, այլ ոչ թե միասնական համակարգ է, այսինքն` ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը) տարածաշրջանային համակարգ»:

Համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է` «…Հաշվի առնելով տարածաշրջանում ՀՀ-ի եւ ՌԴ-ի տարածքների անջատվածությունը՝ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում ՀՀ պետական սահմանի ներքո առանձնացվում է Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ, որի համատեղ գործողությունների կառավարումը, համաձայն 6-րդ հոդվածի 3-րդ մասի, իրականացնում է ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Նշված հարցերով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ենթարկվում են ՀՀ Գերագույն հրամանատարին»:

Նշվում է նաեւ, որ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ինքնուրույն կարող են համագործակցել ցանկացած այլ ՀՕՊ համակարգերի հետ, ընտրություն կատարելու հարցում նրանք ազատ են, իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը` ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը (սա այն դեպքում, երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք, կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը):

Համաձայնագրին կից հավելվածով նախատեսված «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին» Կանոնակարգի 5-րդ կետի 5-րդ պարբերության համաձայն՝ խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերը (ուժերը) պահպանում են իրենց ազգային հրամանատարություններին անմիջական ենթակայությունը: Իսկ Կանոնակարգի 7-րդ կետը նախատեսում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի եւ պատերազմի ժամանակ: «Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաեւ հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Դիտարկվող Համաձայնագրով հայկական կողմը իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չէ, որ տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին:

Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները հաստատում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կազմում, այդ թվում` Հավաքական անվտանգության առանձին տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կազմում, Կողմերի կողմից առանձնացված զորքերի (ուժերի), կառավարման կետերի (հրամանատարական կետերի) ցանկը: Հետեւաբար` հայկական կողմն է որոշում, թե իր ՀՕՊ համակարգի որ մասն է տրամադրելու ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգին կամ հետ վերցվելու նրանից: Նշված հարցում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը: Համաձայնագրի 1-ին հոդվածով «Հավաքական անվտանգության առանձին շրջան» հասկացությունը բնորոշվում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքի եւ օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում նշված Համաձայնագիրը չի գործում, հետեւաբար այն չի ազդում ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա»,- ասվում էր ՊՆ-ի հաղորդագրությունում:

Ռուսական տեխնիկայի համա՞ր է Հայաստանը կորցնում
օդային պաշտպանությունը

Անցյալ շաբաթ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նկատեց, թե համաձայն չէ այն տեսակետների հետ, որ այս համաձայնագրով Հայաստանը կորցնում է օդային պաշտպանության ոլորտում իր անկախությունը. «Դա էդքան էլ այդպես չէ: Իրականում դա այդպես չէ: Կա նաեւ դրա 2-րդ կողմը: Դա նաեւ հնարավորություն է տալու մեզ շատ մանրակրկիտ դիտարկել ամբողջ շրջապատող տարածքը: Այսինքն՝ ինքներս դեռեւս այն հնարավորությունը, որը տալիս է Ռուսաստանի տեխնիկան, չունենք: Իսկ այդ հնարավորությունը բավականաչափ դետալացված դիտարկելու համար ամբողջ մեզ շրջապատող տարածքը, դա, կարծում եմ, կարեւոր է»:

Ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի` 2015-ի դեկտեմբերին կնքված համաձայնագիրը միավորված է, այլ ոչ թե միասնական: «Եթե Բելառուսը եւ Ղազախստանը Ռուսաստանի հետ կնքել են միասնական համակարգի համաձայնագիր, որտեղ կա մեկ միասնական ղեկավարում, ապա Հայաստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը կնքել են միավորված համակարգի: Միավորված՝ նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը, եւ համաձայնագրի երկրորդ հոդվածով հստակ դա նշված է: Եվ պատահական չէ, որ մենք գնացել ենք այդ ճանապարհով, որպեսզի մեր զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումը բացառապես իրականանա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից:

Այսինքն՝ բոլոր այն կարծիքները, որ այս համաձայնագրով ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումն անցնում է մեր դաշնակից Ռուսաստանին կամ պետք է արվի նրա հետ համատեղ՝ իրականությանը չեն համապատասխանում: Սա ոչ թե միասնական, այլ միավորված ՀՕՊ համակարգ է»: Շարմազանովը հավելել է, որ համաձայնագրի երկրորդ հոդվածով նախատեսված է Հայաստանի սահմանների ներքո առանձին ՀՕՊ համակարգ, քանի որ Հայաստանը եւ Ռուսաստանը չունեն ցամաքային սահման, եւ այդ համակարգի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի ԶՈՒ համապատասխան պաշտոնյան, որը հաշվետու է բացառապես ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարին: «Երրորդ՝ շատ է խոսվում Արցախի հետ կապված, պաշտոնապես հայտարարում եմ՝ այս համաձայնագրում որեւէ տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան չկա, որը կապված է Արցախի հետ: Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ համակարգերում որեւէ սահմանափակում չկա, եւ այս համաձայնագիրը դրա հետ կապ չունի: Եվ չորրորդը, որը շատ կարեւոր է՝ այս միավորված համակարգը հնարավորություն է տալիս մեզ օգտվել մեր դաշնակից Ռուսաստանի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից»,- պարզաբանել էր Շարմազանովը:

Համակարգը կառավարվում եւ կառավարվելու է Մոսկվայից

2015թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը եւ Հայաստանը հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ կստեղծեն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց Հայաստանի հետ ստորագրել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր: «Ընդունել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը»,- ասվում էր Պուտինի ստորագրած կարգադրությունում: ՌԴ նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարեց արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ եւ ՌԴ-ի անունից ստորագրել համաձայնագիրը:

Փորձագետները նկատում էին, թե որեւէ նոր բան չկա, նման համակարգ Հայաստանում արդեն գործում է. «Մի բան է, երբ կա այդ համակարգը դե ֆակտո, մեկ այլ բան է, երբ փաստաթղթեր կան այս մասին»՝ դեռ անցյալ տարի նկատել էր ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերը` հավելելով, որ, իհարկե, իրականում այդ համակարգը կառավարվում եւ կառավարվելու է Մոսկվայից, թեեւ կարող է եւ սոսկ ձեւական առումով այն շահագործելու երկու բանալի լինել: «Այդ համակարգի ինչ-որ մասեր նաեւ Հայաստանին է տրամադրել Ռուսաստանը ժամանակին, սակայն հասկանալի է, որ Երեւանի հրամանով ռուսաստանցի զինվորականները չեն պատերազմի»,- ընդգծել էր Ֆելգենգաուերը «Ազատությանը» տված հարցազրույցում:

2015թ. դեկտեմբերին Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Սեյրան Օհանյանը Մոսկվայում ստորագրեցին Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Այսօր բերվող պարզաբանումը, թե ՀՕՊ համակարգը վերաբերում է միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ որեւէ կապ չունի, լա՞վ է դա, թե՞ վատ: ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշված համաձայնագրին կտրականապես դեմ է հանդես գալիս՝ բացատրելով, որ ՀՕՊ փաստաթղթով անջրպետ է առաջանում ՀՀ եւ ԼՂՀ-ի անվտանգության համակարգերի միջեւ, այն առումով, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության խնդիրը մեկ միասնական խնդիր է, եւ մենք իրավունք չունենք վավերացնելու որեւէ փաստաթուղթ, որը տարանջատում է մտցնում ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության համակարգերի միջեւ: Բացի այդ, Հայաստանը, փաստորեն, զրկվում է սեփական հակաօդային համակարգ ունենալու եւ դրա զարգացման հնարավորությունից:

Միասնական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը չընդգրկվեց ԱԺ արտահերթի օրակարգում: Առայժմ պարզ չէ, թե երբ փաստաթուղթը կդրվի քննարկման: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, թե համաձայնագիրն արտահերթ նիստում չհայտնվեց, քանի որ Հայաստանը հրատապության խնդիր չի դրել. «Ձեր հետաքրքրություններն են եղել պարզապես, որ շտապ է, մեկ օրվա, երկու օրվա խնդիր… Չի եղել նման խնդիր դրված: Ժամկետները որոշում ենք մենք: Եթե կլինի անհրաժեշտություն, դրա մասին տեղյակ կպահենք»:

Ակնկալվում է, որ երկկողմ այս համաձայնագիրն արդեն առաջիկա շաբաթներին քվեարկության կդրվի Ռուսաստանի Պետդումայում։ Որքան էլ իշխող ՀՀԿ-ն պնդի, թե ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագիրը Հայաստանը կվավերացնի այն ժամանակ, երբ տեսնի դրա անհրաժեշտությունը, պարզ է, որ այս համաձայնագիրը օրակարգում կհայտնվի ու կհաստատվի այն ժամանակ, երբ ՀՀ իշխանություններին նման հրահանգ իջեցվի Մոսկվայից:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 15.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930