Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանին հլու-հնազանդ քաղաքի ահռելի ունեցվածքը նվիրաբերեց կառավարությանը. (Տեսանյութ)

Հունիս 16,2016 19:50

Գյումրու այսօրվա ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր Գյումրի քաղաքի գույքը կառավարությանը նվիրաբերելուն: Խոսքը վերաբերում էր ջրմուղ-կոյուղու ցանցին: Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը զեկուցող Հենրիկ Գասպարյանին հարցրեց. «Մեր տարեկան բյուջեի 50 տոկոսի չափով մեր ունեցվածքից կառավարությունը ուզում է, որ նվիրենք, ճիշտ հասկացա՞ ես: Իսկ ի՞նչ է ունենալու մեր համայնքը նվիրաբերության դիմաց ու նվիրաբերելու դեպքում ի՞նչ երաշխիքներ կան՝ ջրամատակարարման, կոյուղու սպասարկման, գների ու որակի: Կառավարությունը ներկայացնո՞ւմ է մեզ ինչ-որ երաշխիքներ, օրինակի համար, որ 50 տարի ջրի գինը չի փոխվելու, ծառայությունների գինը չի փոխվելու, ներդրումներ է այդտեղ անելու»: Լեւոն Բարսեղյանը նշեց, որ կառավարության ուղարկած փաստաթղթի մեջ չկան այդ երաշխիքները:

Հենրիկ Գասպարյանն ասաց, որ կառավարության կողմից ընդունված ծրագիրն արդեն կա, համաձայն որի Գյումրու քաղաքապետարանը պարտավորվում է այդ ընկերության մեջ կատարել 65 միլիոն դրամի չափով ներդրում, սակայն մինչ օրս կատարել է 15 միլիոն դրամի: Դրա համար էլ, ըստ Հենրիկ Գասպարյանի, քաղաքապետարանի բաժնեմասը նվազել է եւ եթե շարունակենք նման տեմպերով, կզրկվենք բաժնեմասերից: «Ես ընդունում եմ, որ կառավարության ծրագիրը ինքն իրենով երաշխիք է, պետք է բարելավվի ջրի որակը, ծառայությունների որակը եւ ամենակարեւոր հարցը մաքրման կայանների կառուցման հարցն է: Դուք գիտեք, որ մեր մաքրման կայանը չի աշխատում երկրաշարժից հետո ու հույսեր էլ չկան աշխատելու», -ասաց Հենրիկ Գասպարյանը:

Լեւոն Բարսեղյանը հիշեցնելով, խոսքը շատ մեծ հարստության մասին է, նորից հարցրեց կա՞ երաշխիք, որ նվիրաբերելուց հետո ջրի գինը չի բարձրանալու: Հենրիկ Գասպարյանը շարունակեց, որ կառավարության կողմից հարցը դրված է այնպես, որ, անպայման, պիտի բարելավվի ծառայություների որակը, սակայն գնի մասին չի կարող ասել: Երաշխիք բառը լսելով՝ ավագանու անդամներից մեկը՝ Մխիթար Սահակյանը, որի ձայնը 4 տարի շարունակ լսած չկան ներկաները, ակտիվացավ, թե ի՞նչ երաշխիք: «Ես ի՞նչ գիտեմ՝ էսօր քնիմ, էգուց կելնի՞մ», ասաց Մխիթար Սահակյանը:

Ավագանու մյուս անդամները նույնպես մասնակցեցին քննարկմանը՝ փորձելով հասկանալ հարցի լրջությունը: «Ձեր ունեցվածքը հենց էնպես պատրա՞ստ եք նվիրել ինչ-որ մեկին, թեկուզ Հայաստանի Հանրապետությանը: Ուշադրություն դարձրեք կառավարությունը առաջարկել է, բայց մարզպետարաններից գալիս են հրամայական թղթեր: Մարզպետը կամ մարզպետի տեղակալը ո՞վ են, որ ժամկետ դնեն վրեքս, ավագանու անդամի կամ քաղաքապետի վրա ոչ ոք չի կարող ժամկետ դնի, բացի էն մարդկանցից, ովքեր ընտրել են իրենց: Սա միանշանակ պիտի լինի ու մեկընդմիշտ, ցանկացած մարզպետի տեղակալ պիտի հասկանա: Մյուսը իրենք շատ լավ գիտեն ինչ հարստության մասին է խոսքը, ընդհանրապես համայնքի ունեցվածքից այս տեսակ հարստություն զիջել, նվիրել, այս հարցերում շատ արդար կլինի մարդկանց կարծիքը իմանալ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը: Նա առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, հանրային քննարկում կազմակերպել:

Սամվել Բալասանյանը թեեւ կիսեց Լեւոն Բարսեղյանի մտահոգությունը, սակայն հարցը համառորեն դրեց քննարկման, չհետաձգեց: Ավագանու անդամները, որոնց մանրամասն բացատրվեց հարցի լրջությունը, այդուհանդերձ կողմ քվեարկեցին՝ փրկելով Սամվել Բալասանյանին կառավարության մոտ սեւերես դուրս գալուց, քանի որ ակնհայտ էր կառավարությունը առաջարկ բառի տակ հրաման էր տվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930