Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանը խախտի Հայաստանի օդային տարածքը

Հունիս 17,2016 18:00

«Լավ օրից չէ», որ չենք վստահում Մոսկվային

Թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ, թե՛, մասնավորապես, Ալիեւի սանձազերծած ագրեսիայից հետո Ռուսաստանի նկատմամբ անվստահությունն ավելի է սրվել: Ինչպես ասում են՝ «լավ օրից չէ», որ ՌԴ-ի կողմից ամեն մի քայլ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի զգացողություն է առաջացնում մեզանում: Այս առումով հակաօդային պաշտպանության համակարգը՝ ՀՕՊ-ը, եւս բացառություն չէ:

Հայաստանի անկախության հռչակագիր կարդացած ԱԺ պատգամավորը կամ օրինակ` ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ասում են, թե Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համաձայնագրում «անհանգստացնող որեւէ դրույթ չկա», «սա նոր բան չէ, Հակաօդային պաշտպանական համակարգը գործում է 1995-ից», «շնորհակալ պետք է լինեք ռուսներին», «եթե Հայաստանի վրա լինի հարձակում, ապա միայն Հայաստանն է որոշելու՝ որ օբյեկտին ինչպես հարվածել», «ինքնիշխանության ոչ մի կորստի խնդիր չկա», «այս համակարգը պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ ուժեղացնում մեր անկախությունը» եւ այլն…
Մենք արդեն առիթ ենք ունեցել համոզվելու, որ ՀԱՊԿ-ում Հայաստանն աջակիցներ չունի, եւ եթե Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում` ՀԱՊԿ-ում քար լռություն է, կամ ՀԱՊԿ-ի քարտուղարի մակարդակով որեւէ ստանդարտ հայտարարություն է հնչում` «լարվածությունը մեղմացնելու» ուղղությամբ հույս հայտնելու ոճով, եւ ոչ ավելին:

Իսկ թե ինչ եղավ այն բանից հետո, երբ իշխող վերնախավի ներկայացուցիչներն ու ՌԴ-ի շահերը Հայաստանում համառորեն պաշտպանողները վստահեցնում էին, թե ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում գոնե կլուծվի անվտանգության հարց` «Ադրբեջանը պատերազմ չի սկսի», ականատես դարձանք, թե այդ «բլեֆը» որքան կյանք ունեցավ:
Նույն իրավիճակն է այսօր: Ինչպե՞ս է իրեն դրսեւորելու Ռուսաստանը, եթե Ադրբեջանն, օրինակ, խախտի ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի օդային տարածքը (դեռ թողնենք հարցը, թե ում «դաբրոյով» Ադրբեջանը կարող է նման որոշում կայացնել)` սանձազերծելով նոր ագրեսիա: Մի կողմից` ՌԴ-ի դաշնակից Հայաստանն է, մյուս կողմից՝ Ռուսաստանի «ռազմավարական գործընկեր» Ադրբեջանն է, որի արժեքը Մոսկվան ամեն առիթով շեշտում է: Ո՞ւմ հրահանգով է ոչնչացվելու ռազմական ինքնաթիռը` ռուսակա՞ն, թե՞ հայկական կողմի:
Այդ ՀՕՊ-ի գործունեության պայմաններում Հայաստանն ունենալո՞ւ է հնարավորություն պաշտպանելու Ղարաբաղին` Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում:

Հաջորդը` կան կարծիքներ, թե Հայաստանը կարող է ունենալ հավելյալ, առանձին հակաօդային պաշտպանության համակարգ: Բայց արդյոք հայ-ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի պայմաններում ՌԴ-ն կողմ կլինի՞, որպեսզի Հայաստանը սեփական հակաօդային համակարգ ունենա, այդ համակարգի զարգացման հնարավորությունից օգտվի:

ՀՕՊ միասնական համակարգ` ինչի՞ դիմաց

Օրերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե Ռուսաստանը Հայաստանի առջեւ պայման է դրել, որ միայն այդ համաձայնագրի վավերացումից հետո կտրամադրի խոստացած զինտեխնիկան։ Խոսքը ՀՕՊ միասնական համակարգի համաձայնագրին միանալուց հետո շարունակաբար երկարաձգվող ՌԴ-ից 200 մլն դոլար վարկի դիմաց տրամադրվելիք զինտեխնիկայի մատակարարման հնարավորության մասին է: Անցյալ շաբաթ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում անդրադառնալով ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագրին՝ չէր բացառել, որ դրանից հետո ՀՀ-ում կհայտնվի 200 մլն դոլար վարկի դիմաց ՌԴ-ից տրամադրվող զինտեխնիկան. «Ցանկալի չէ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն, ինչ որ պայմանավորվել են ՀՀ-ում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»։

ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագիրն, իհարկե, ավելի վաղ էր ստորագրվել` անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին: Իր հերթին ռուսական կողմը երկարաձգում է 200 մլն դոլար վարկի դիմաց տրամադրվող զինտեխնիկայի մատակարարումը, եւ չի կարելի բացառել, որ այդ դեպքում էլ գործ ունենք յուրօրինակ «գույք պարտքի դիմաց» գործարքի հետ:

Եթե անգամ ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագիրն ու 200 մլն դոլար վարկը միմյանց հետ կապ չունեցող գործընթացներ են, այնուամենայնիվ, Մոսկվայից ամեն ինչ կարելի է սպասել: Չի բացառվում, իհարկե, նաեւ, որ ՀՀ իշխանություններն են նման հույսեր փայփայում, որ վերջապես ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագիրն ընդունելուց հետո Մոսկվան կտրամադրի խոստացված «բազմաչարչար» 200 մլն դոլար վարկը…

Ինչպե՞ս կվերաբերվեն ՀՕՊ-ին Վրաստանն ու Իրանը

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի պայմաններում հարցականները չեն վերաբերում միայն խնդրին, թե համաձայնագրի ընդունմամբ Հայաստանը կարողանալո՞ւ է իր հակաօդային պաշտպանության ուժերն օգտագործել Ադրբեջանի կողմից` Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի դեպքում: Սա իսկապես լրջագույն հարց է այն առումով, որ համաձայնագիրը որոշակիորեն վնասելու է ԼՂՀ անվտանգությանը, թեեւ հենց ՀՀ-ն է երաշխավորում ԼՂՀ անվտանգությունը:

Համաձայնագրի ստորագրումից հետո հարեւան Իրանի ու Վրաստանի համար Հայաստանի օդային տարածքը դառնալու է այլ՝ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Ռուսաստանը, հայտնի է, թե ինչպես է արձագանքում Վրաստանի իշխանությունների` ՆԱՏՕ-ին մերձենալու հայտարարություններին ու չի թաքցնում անբարյացակամ վերաբերմունքը այդ երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների առիթով: Վստահաբար, Իրանն էլ հիացած չի լինի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացման նոր քայլերից: Հետեւաբար, Հայաստանն իր հարեւանների հետ փոխհարաբերություններում կարող է հեշտությամբ հայտնվել բավական բարդ իրավիճակում, եւ ոչ միայն հարեւանների հետ, այլեւ Արեւմուտքի:

Ազդեցության եւս մեկ լուրջ լծակ` Մոսկվային

«Դիտարկվող համաձայնագրով հայկական կողմը իր հակաօդային պաշտպանության համակարգն ամբողջությամբ չէ, որ տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին: Հայկական կողմն է որոշում, թե իր համակարգի որ մասն է տրամադրելու միավորված տարածաշրջանային համակարգին կամ հետ վերցնելու նրանից: Նշված հարցում հայկական կողմը պահպանում է իր ինքնուրույնությունը»,- տեղեկացրեց օրերս պաշտպանության նախարարությունը:

Համաձայնագրում նշվում է, որ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի եւ հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Այդուհանդերձ, համաձայնագրում նշվում է, որ հավաքական անվտանգության առանձին շրջանի միավորված համակարգի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնելու են Հայաստանի համապատասխան մարմինները: Համաձայնագրի կանոնակարգով նախատեսվում է, որ հակաօդային պաշտպանության միավորված համակարգը խաղաղ ժամանակ իրականացնելու է մարտական հերթապահության կազմակերպում, իսկ ագրեսիայի սպառնալիքի դեպքում եւ պատերազմի ժամանակ կատարում են մարտական առաջադրանքներ:

Այն, որ համաձայնագիրը որոշակիորեն նվազեցնում է Հայաստանի օդային ինքնիշխանությունը, կարծես, կասկած չկա: Իհարկե, խնդիրները կարող են ծագել հենց պատերազմական իրավիճակում, Հայաստանն ի՞նքն է որոշում կայացնելու` ինչպես վարվել:

Հաջորդ հարցը` արդյոք Ռուսաստանն այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանի օդային տարածքում ինքնուրույն գործելու հնարավորություն չի՞ ստանում:

Կա՞ երաշխիք, որ Ռուսաստանի հնարավոր գործողությունները ի շահ Հայաստանի են լինելու, այլ ոչ թե «ռազմավարական գործընկեր» Ադրբեջանի:

Հետեւաբար, եթե ավելանում է Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի համար առանցքային որոշումներ կայացնելու գործում, ապա պետք է արձանագրել, որ Հայաստանը տրամադրում է Մոսկվային եւս մեկ ազդեցության լծակ, իսկ այդ լծակը կարող է օգտագործվել ոչ ի շահ Հայաստանի ու մեր պետության անվտանգության:
Բացի այդ, ցանկացած ոլորտում ռուսական տիրույթի պետություն համարվելը որքանո՞վ է նպաստում Հայաստանի ինքնիշխանության պահպանմանը, դրա ընկալմանը միջազգային հարթակներում: Հայաստանի քաղաքական դաշտի գերակշիռ մասը` իշխանությունից մինչեւ ընդդիմություն, կարծես, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի կախվածությունը ՌԴ-ից միջազգային ասպարեզում ավելի ու ավելի ակնհայտ դառնա` վերածելով մեր պետությունը Ռուսաստանի ուժային մի ստորաբաժանման:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Սկիզբը` այստեղ

«Առավոտ», 16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930