Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կերպարվեստի չուսումնասիրված էջերից

Հունիս 24,2016 13:00

Այսօր ընթերցողի սեղանին է դրվել ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի պատկերազարդ, խնամքով հրատարակված «Իմպրեսիոնիզմ. նկարիչ հայեր» մեծածավալ գիրքը: Պատմամշակութային եւ փաստագրական վիթխարի նյութ պարունակող եռալեզու հիմնարար ուսումնասիրությունը հեղինակի երկարամյա հետազոտությունների եւ պրպտումների արդյունքն է: Այն էապես խորացնում է ազգային նոր եւ նորագույն կերպարվեստի մասին մեր պատկերացումները: Կատարված հետազոտությունն արժեւորվում է նրանով, որ ընթերցողը մանրամասնորեն ծանոթանում է XIX-ի դարավերջի եւ XX-րդ դարի ողջ ընթացքում` իմպրեսիոնիստական ոճով ստեղծագործող թվով 37 հայազգի նկարիչների կերպարային եւ զգացմունքային բովանդակությանը, ոճակատարողական նվաճումներին, լուսաօդային գունաբազմազանության յուրովի մոտեցումներին:

Գրքում խտացված եւ ընդգրկուն պատկերացում է տրվում տպավորապաշտական ուղղության զարգացման, գեղագիտության եւ կերպարվեստում իշխող այլ հոսանքների ու դրանց փոխազդեցության մասին: Մեծածավալ պատկերագրքում առաջին անգամ հանգամանորեն ներկայացվում են իմպրեսիոնիզմի ոճով ստեղծագործող կամ այդ ուղղությանը հարող հայ նկարիչների մոտ 300 ստեղծագործություններ, յուրաքանչյուրի անվան կողքին բերվում են հատվածներ նրա գրավոր ժառանգությունից եւ իր մասին արված նշանավոր մարդկանց կարծիքներից: Վիթխարի նյութի ուսումնասիրման արդյունքում մոռացությունից հանվել եւ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվել արեւելահայ, արեւմտահայ եւ սփյուռքահայ տասնյակ վարպետների անուններ եւ ստեղծագործություններ, որոնք իրենց ուրույն տեղն ունեն եւ որոշակի դեր են խաղացել նոր եւ նորագույն շրջանների հայ կերպարվեստի ձեւավորման ու զարգացման գործում:

Նյութը դիտարկված եւ լուսաբանված է տարբեր կողմերից, պատմամշակութային լայն համատեքստում, բացահայտվել եւ մատնանշվել են հայ կերպարվեստում տպավորապաշտական ուղղության առավել բնորոշ գծերը, նկարիչների պլեներային գունամտածողության ուրույն դրսեւորումները: Հատկապես կարեւորվում են գործերում արտացոլված թեմատիկ եւ կերպարային բովանդակության, ազգային մտածողության, գունային սուր ընկալումների, տեխնիկական յուրահատուկ կատարման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք դիտարկվել են առանձին նկարիչների աշխատանքների օրինակներով, դրանց մանրախույզ քննությամբ: Գրքում Երեւանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի, Փարիզի, Վենետիկի, Բուխարեստի, Լոնդոնի, Նյու Յորքի, Կրակովի, Մյունխենի պետական եւ մասնավոր թանգարաններում ու արխիվներում պահվող ստեղծագործությունների, ցուցահանդեսների կատալոգների, ձեռագրերի ու վավերագրերի, հին ու նոր գեղարվեստական մամուլի, հայ եւ օտարազգի արվեստագետների գրական ժառանգության համակողմանի ուսումնասիրման շնորհիվ կատարվում են փաստական բազմաթիվ ճշտումներ, պարզաբանվում են վիճահարույց խնդիրներ:
Մեծածավալ նյութի հետազոտության եւ դասակարգման արդյունքում հնարավոր դարձավ ընդհանուր իմպրեսիոնիզմի դրոշի ներքո համապատկեր ներկայացնել լավագույն մարդկանցից եւ ազնվագույն մտավորականներից կազմված հայ նկարիչների մի զորավոր ամբողջություն` Ֆելիքս Զիմ եւ Թեոդոր Աման, Գեորգի Յակուլով եւ Վարդան Մախոխյան, Մարտիրոս Սարյան եւ Արշիլ Գորկի, Երվանդ Քոչար եւ Գրիգոր Խանջյան, Փարավոն Միրզոյան եւ Արամ Իսաբեկյան…Գրքի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ իմպրեսիոնիզմը, որպես համաշխարհային գեղանկարչության զարգացման տրամաբանական մի փուլ, չէր կարող մեկ ժողովրդի կամ մեկ երկրի նվաճումն ու սեփականությունը լինել: Պլեներում աշխատելիս դրսեւորվում է բնությանը մերձենալու մարդու բնազդային ձգտումը, բնության անկրկնելի շնչառության նրա ենթագիտակցական ընկալումը: Իմպրեսիոնիզմը, ինչպես այլ պայմաններում ծագած ամեն մի ուղղություն եւ հոսանք հասկանալի պատճառներով չէր կարող օրգանական զարգացում եւ տարածում գտնել բոլոր ազգային մշակույթների մեջ: Եղիշե Թադեւոսյանի, Վահրամ Գայֆեճյանի եւ հայազգի այլ իմպրեսիոնիստ վարպետների գոյության փաստն ապացուցում է, որ նրանց ստեղծագործությունը բնականոն ու անհրաժեշտ էր հայ գեղանկարչության զարգացման համար: Իսկ հայ կերպարվեստը, բոլոր ժամանակներում լինելով արվեստի առաջատար ճյուղերից մեկը, հասել էր գեղարվեստական ճաշակի ընդհանուր զարգացման այնպիսի աստիճանի, որտեղ ազգային արվեստի մեջ արդեն առկա էին արդիական միտումները կամ դրանց արձագանքները, ինչով եւ բացատրվում է հայ նկարիչների նորամուծությունն ու դրա օրինաչափ բնույթը, որտեղ սյուժեի մեկնաբանությունը ոչ թե հանուն բուն սյուժեի է, այլ հանուն նրա տոնայնության, այսինքն այն, ինչը իմպրեսիոնիստներին առանձնացնում է մյուս նկարիչներից:

Ուսումնասիրելով հարուստ գրականություն եւ կատարելով նաեւ հավաքչական հսկա աշխատանք` գրքի հեղինակը ստեղծել է լիարժեք եւ պատմական ճշգրիտ հղումներով հարուստ հանրագիտարան, որը ե՛ւ տեղեկություններ է տալիս, ե՛ւ աղբյուր հանդիսանում գալիք նոր արվեստաբանների գիտական աշխատանքների համար:
ՍԱԹԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
արվեստագիտության թեկնածու

«Առավոտ»

23.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930