Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կես ժամում խոցեց թշնամու 3 տանկը. բանակից վերադարձած գյումրեցի հերոսի պատմությունը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 06,2016 21:35

Այսօր բանակից վերադարձավ քառօրյա պատերազմում կես ժամվա ընթացքում թշնամու 3 տանկ խոցած հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի 20-ամյա հրամանատար, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյանը: Նա ապրիլի 4-ին 1200 մետր հեռավորությունից «Ֆագոտով» խոցել է հակառակորդի 3 տանկ` կասեցնելով վերջինիս առաջխաղացումը ու նախագահի կողմից պարգեւատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Gymreci heros_1 Gymreci heros_2 Gymreci heros_3 Gymreci heros_5 Gymreci heros_Balasanyan

Գյումրեցիները նրան դիմավորեցին քաղաքի մուտքի մոտ՝ ուղեկցելով Գյումրու քաղաքապետարան: Քաղաքապետարանում նրա պատվին ելույթ ունեցավ փողային նվագախումբը, գյումրեցիները, տեսնելով հերոսին, գալիս, ամուր փաթաթվում էին նրան ու շնորհակալություն հայտնում:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրան խնդրեց պատմել, թե ինչպե՞ս կես ժամում խոցեց երեք տանկ: Հերոսը, համեստորեն նշեց, որ դա եղել է իր սուրբ պարտքը հայրենիքի հանդեպ, կատարել է իրեն տրված առաջադրանքը. հետ է մղել թշնամուն: Երկու բառ խոսելուց հետո նա մեծ ցավով հիշեց իր զոհված ընկերներին: «Թուրքին պիտի ցույց տանք, որ մենք հավերժ կանք»-, ասաց Շուլի Հակոբյանը:

Սամվել Բալասանյանը անընդհատ հարցեր էր տալիս՝ հետաքրքրվելով, թե անակնկա՞լ էր թշնամու հարձակումը, ի՞նչ հաշվարկ արեց, որ խոցեց թշնամու տանկերը, սակայն զգացվում էր, որ Շուլի Հակոբյանը չէր ուզում խոսել իր սխրանքից: Սամվել Բալասանյանը նրան պարգեւատրեց Գյումրու քաղաքապետարանի ոսկե մեդալով:

Նրա փոխգնդապետ ուսուցիչը, խոսելով իր հերոս աշակերտի մասին, կատակով ասաց. «Իմ աշակերտը կրկնել է իմ ցուցանիշները, այդպիսի պատահականություն դժվար թե լինի. ուսուցիչն ու աշակերտը տանկ խփելու համար երկուսն էլ պարգեւատրվեն ՀՀ «Մարտական խաչ» շքանշանով»:

Շուլի Հակոբյանը, որը սովորում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, ասաց, որ թեեւ առաջարկ ստացել է զինվորական դառնալու, բայց դեռ մտածում է: Այժմ ուզում է շարունակել իր ուսումը Երեւանի պետական համալսարանում: «Պատերազմից քաղել ենք դասեր թե՛ մարտավարական, թե՛ ծառայողական, թե՛ կյանքի, մեզ ապագայում պետք եկող խրատներ ենք ձեռք բերել»,- ասաց նա: Նա մեկ անգամ խորը ցավ ապրեց իր զոհված ընկերների համար: Մարտական գործողությունները, հերոսի պատմելով, սկսվել են հանկարծակի, կես ժամվա ընթացքում հասցրել են մտնել թաքստոցներ, սկսվել են հրետակոծությունները տարբեր տեսակի հրետանային հրանոթներից ու կայանքներից: Հետո, երբ մի պահ հրետակոծությունը դադարել է, հրամանատարի հրամանով հավաքվել ու բարձրացել են դիրքեր ու ամեն գնով կատարել իրենց առջեւ դրված խնդիրը: Նա ասաց, որ բոլորն էլ պատրաստ էին բարձրանալ խրամատի գլխին, վազել մարտի դաշտով առաջ, միայն թե ոչնչացնեն հակառակորդին:

Շուլի Հակոբյանն համեստորեն ասում է, որ թե՛ ինքը, թե՛ ընկերները՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, որը նույնպես 3 տանկ է խոցել, անկախ այն հանգամանքից, թե թշնամու զրահատեխինկան 40 կամ էլ 80 տոննանոց է, միեւնույնն է՝ կարող են արդյունավետ մարտ վարել, թեկուզեւ հանկարծակիի եկած՝ հավաքվել, տալ ճիշտ հրամաններ, ճիշտ ղեկավարել մարտը ու տալ հակահարված:

Հայրը՝ Արմեն Հակոբյանն էլ ասաց, որ իր որդու արարքի մասին լսել են հենց նույն օրը, իրենք թեժ մարտերի ժամանակ լարված նստած էին, երբ որդին զանգահարել է տուն ու երեխայի նման պատմել, որ թշնամու երեք տանկ է ոչնչացրել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031