Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեժիսոր Արա Գեւորգյանն «իշխում» է դերասան Արա Գեւորգյանի վրա»

Հուլիս 08,2016 13:30

Արվեստագետը՝ իր բազմաճյուղ գործունեության մասին

Վերջին շրջանում ակտիվ ասեկոսեների մի մասը «նվիրված» է դերասան, ռեժիսոր Արա Գեւորգյանին: Ըստ որոշ լուրերի, գարնանը Յալթայում ավանդաբար անցկացվող «Թատրոն, Չեխով, Յալթա» միջազգային փառատոնի ժամանակ Չեխովի «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացման ժամանակ ժյուրիի անդամներից Անդրեյ Միրոնովի դուստրը՝ Մարիա Գոլուբկինան հայտնվել է բեմում, իմպրովիզ արել հայ դերասանի հետ:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ այս լուրը հաստատեց Արա Գեւորգյանն ու մանրամասնեց. «Այս մոնոներկայացման ժամանակ բեմում ինձ օգնում են միայն կավիճը, գրատախտակն ու ջնջոցը: Երբ ներկայացման ժամանակ Գոլուբկինան հայտնվեց բեմում ու որպես ծխախոտ կավիճը նրան հյուրասիրեցի, նա իրականում վերցրեց «ծխախոտն» եւ սկսեց ուտել»: Իսկ մոնոներկայացումը, ինչպես երեւում է վերնագրից, ծխախոտի վնասների մասին է: Նույն մոնոներկայացմամբ՝ իբրեւ ռեժիսոր եւ դերասան, Արա Գեւորգյանն առաջին անգամ 2014թ. մասնակցել է երեւանյան «Արմմոնո» միջազգային փառատոնին, ապա վերջինին ներկա գտնվող արվեստագետներից հրավերներ ստանալով՝ շատ երկրներ է «շրջել», այդ թվում՝ Ռուսաստան, Լիտվա, Թուրքիա…

12063504_1711647882443979_20001389864293941_n

Տեսարան Գեւորգյանի ռեժիսուրայով «Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացումից:

Մեր հանդիսատեսը Արա Գեւորգյանին կմտաբերի երեւանյան համարյա բոլոր թատրոնների ներկայացումներից, այդ թվում՝ մնջախաղի, կոմեդիայի, Համազգայինի, Սունդուկյանի անվան: 2003թ.-ից դերասանը Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում է: Կուզեինք առանձնացնել նրա մասնակցությամբ հատկապես իսպանացի դրամատուրգ Միլիանի «Ցիանկալիում կաթով կամ առանց կաթի» եւ անգլիացի Ռեյ Կումի «Վարչապետի օգնականը, նրա քարտուղարը, սիրուհին եւ դիակը» բեմադրությունները, որոնք ժամանակին իրականացրել է ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը: Առաջինում Գեւորգյանի կերտած կերպարը Գիերմոն է՝ խելագար, անբավարարված, իմպոտենտ մի ամուսին: Բայց դա՝ առաջին հայացքից: Բեմադրության ավարտին միայն դերասանը իսկապես իր խաղով ներկայացնում է մաքուր ու ողբերգական կերպար, ավելին՝ սիրող ամուսին: Երկրորդ ներկայացման մեջ դերասանին մարմնավորած Ռոնի Ուորզինգտոնը, դարձյալ առաջին հայացքից՝ կարծես «չստացված», խաբված ամուսին է, բայց այս ներկայացման ավարտին էլ նա ի վերջո վերականգնում է հավատը կնոջ հանդեպ:

Արվեստագետին հաճախ հանդիպում ենք նաեւ սերիալներում, ձայնը լսում ֆիլմերի կրկնօրինակումներում, վերջին շրջանում էլ իբրեւ ռեժիսոր ինքն է ընտրում դերասանի իր տեսակին: Այս դիտարկմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Հենց արվեստագետը բավարարված իրեն զգաց, ուրեմն մահանում է որպես արվեստագետ: Ես աշխատում եմ զբաղված լինել եւ թատրոնում, եւ թատրոնից դուրս»: Նա հիշեց իր առաջին հեռուստաներկայացումը. դա 1994-ին էր, երբ դեռեւս սովորում էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, պրոֆեսոր Ստեփան Ջրբաշյանի արվեստանոցում. «Դա իսպանացի դրամատուրգ Արաբբալլիի «Խնջույք» դրամայի հեռուստատեսային ներկայացումն էր, որ Հանրայինում իրականացրեց Հերբերտ Գասպարյանը»: Հպանցիկ նշեց, թե 10 տարի թատերական ինստիտուտում որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է պրոֆեսորներ Մայիս Ռաֆայելյանի եւ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում: Հետո էլ կարծես «արդարացնելով» մասնակցությունը հայաստանյան սերիալներին, ասաց. «Ուզենք թե չուզենք, սերիալը ժամանակակից հեռուստաարտադրության պարտադիր ճյուղերից մեկն է, պարզապես պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել, առաջին հերթին գրել մեր հասարակությանը հուզող սցենարներ, այլ ոչ թե վերցնել, ասենք, արտերկրի հայտնի սերիալը, ընդամենը թարգմանել եւ «արտատպել»:
Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե իր ներսում ի վերջո ո՞վ է հաղթում՝ դերասանը, թե ռեժիսորը, մեր զրուցակիցը հայտնեց. «Ներսումս եղած ռեժիսորը ինձ երբեք հանգիստ չի տալիս ու մշտապես դերասան Արային ուղղորդում է այն կերպարը խաղալուն, որը հոգեհարազատ է ինձ: Կարճ ասած՝ ռեժիսոր Արա Գեւորգյանն «իշխում» է դերասան Արա Գեւորգյանի վրա»:

13644191_1218333811513021_1879525028_n

Դերասանի խելագար, բայց մաքուր ու ողբերգակ Գիլերմոն:

Մեր զրուցակիցը այս գարնանը «Մհեր Մկրտչյան» դերասանական թատրոնում Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցի առիթով բեմադրել է «Կամակոր կնոջ սանձահարումը» եւ Բելառուսի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սաուլիսի հրավերով մասնակցել «Մարդ կոնտակտ» միջազգային փառատոնին: Հաստատելով մեզ հասած լուրը, թե հիմա էլ ցանկություն ունի ֆիլմ նկարահանել, Արա Գեւորգյանն առանց մանրամասնելու ասաց. «Փորձում եմ գրել սցենար Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա եւ այն վերածել կարճամետրաժ ֆիլմի»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում`  Մարիա Գոլուբկինան եւ Արա Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Suren says:

    Շատ հետաքրքիր անդրադարձ է շատ հետաքրքիր ու տաղանդավոր արվեստագետին։ Շնորհակալություն։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031