Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի գրողների տունը կփրկվի հանրահայտ հիմնադրամի շնորհիվ

Օգոստոս 11,2016 13:00

Գեւորգ Քոչարի եւ Միքայել Մազմանյանի կողմից 1932թ. նախագծված Սեւանի գրողների ստեղծագործական տունը նոր շունչ կստանա հանրահայտ «Գեթթի» հիմնադրամի (Getty Foundation) շնորհիվ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց համադրող, արվեստի քննադատ, Արվեստի քննադատների Հայաստանի ազգային ասոցիացիայի նախագահ եւ Սեւանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավար Ռուբեն Արեւշատյանը: Նշենք, որ նույն նախագծի ճարտարապետական նախագծման ղեկավարն է Սարհատ Պետրոսյանը:

Ռուբեն Արեւշատյանի ձեւակերպմամբ, Սեւանի գրողների ստեղծագործական տունը հայտնի կառույց է, որի վերաբերյալ ինքը հետազոտություններ է կատարել դեռեւս 2004-2005թթ.: Սակայն բարձր միջազգային հանրայնություն շենքը սկսել է ձեռք բերել 2012 թ.-ից՝ հայտնվելով Վիեննայում կայացած ճարտարապետական ցուցահանդեսի գիրք-ալբոմի շապկին:

«Այդ շենքով սկսվում էր ողջ Սովետական մոդեռնիզմի 20-րդ դարի 2-րդ կեսի պատմությունը: Այդ ժամանակվանից ամեն օր «դրսից» խմբեր էին գալիս շենքը նայելու: Իմիջիայլոց, հենց 2012թ. Վիննայում կայացած Ճարտարապետական կոնգրեսը ընդունեց խորհրդային մոդեռնիզմի կառույցների պահպանման վերաբերյալ հայտնի բանաձեւը, որը պարբերաբար մեջտեղ ենք բերում, երբ խնդիր է առաջանում այս կամ այն շենքի փրկության հետ կապված, օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի եւ այլնի»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրա հավաստմամբ, 2015թ. «Գեթթի» հիմնադրամն իր հետ էր կապվել Խորհրդային մոդեռնիզմի վերաբերյալ որոշակի խորհրդատվության համար, քանի որ ինքն այդ նախագծի համադրողներից է: Բանակցությունների ընթացքում պարզվել է, որ «Գեթթին» հետաքրքրված է գրողների Սեւանի տնով: Դրանից հետո սկսել են հարաբերությունները գրողների, ճարտարապետների միությունների հետ, ու Գրողների միությունն առաջարկել է իրեն եւ Սարհատ Պետրոսյանին ղեկավարել նախագիծը: Այնուհետեւ սկսվել է նախագծի նախապատրաստումը, որը Ռուբեն Արեւշատյանի խոսքերով, իր ամենամեծ եւ մանրակրկիտ մշակված նախագծերից է:

Սեւանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավարը շեշտում է, որ Գեւորգ Քոչարն ու Միքայել Մազմանյանն անցյալ դարի 20-ականների վերջին ձեւավորել էին իրենց ռադիկալ սկզբունքները՝ ճարտարապետության սոցիալական նպատակայնության առաջնայնությամբ: Վխուտեմասում սովորած այս անհատները տարբերվել են իրենց մտածողությամբ: Ցավոք, Մազմանյանի, Քոչարի, Երկանյանի եւ մյուսների նախագծերով կառուցված շենքերի մեծ մասն այսօր գոյություն չունի, կամ աղավաղված է, ինչպես, օրինակ, Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող շախմատի տունը, որն առանցքային շենք էր կոնցեպտուալ առումով, սակայն այժմ սվաղվել է եւ հնարավոր չէ հասկանալ նրա հեղափոխական բնույթը: Արեւշատյանը նշում է, որ 38 թ. Մազմանյանին եւ Քոչարին աքսորել են, սակայն նրանց բախտը որոշակիորեն բերել է, քանի որ Նորիլսկում աքսորի ժամանակ շարունակել են գործել որպես ճարտարապետներ:
53 թ. Սեւանի գրողների տան շենքի վերակառուցման վերաբերյալ առաջարկ է արվել՝ ստալինյան գեղագիտության սկզբունքներին համահունչ դարձնելու համար, սակայն Ստալինը մահանում է, շենքը փրկվում է, ու, բարեբախտաբար, այդ նախագիծը մնում է զուտ թղթի վրա:

Sevani_groxneri_tun

«1960-ին Քոչարին բազում նախագծերի շարքում պատվիրում են նաեւ Սեւանի տան վերակառուցման նախագիծը, ավելանում է եւս մեկ տեռաս, ու շենքը հետաքրքիր ձեւով ամփոփում է 30-ականների ավանգարդի ու 60-ականների մտածողությունը՝ միեւնույն ժամանակ պահպանելով նախնական կոնցեպտուալ գիծը, թե ինչպես պետք է ճարտարապետությունը մաս կազմի գոյություն ունեցող լանդշաֆտին: 63-ին Քոչարն առաջարկում է նույն շենքի ճաշարանային բլոկի նախագիծը՝ 50-60-ականների ճարտարապետության տրամաբանության մեջ: Խորհրդային ժամանակաշրջանի ավարտին՝ 70-80-ականներին շենքը սիրված էր, բայց միեւնույն ժամանակ խորհրդային ճարտարապետության հանդեպ սկսել էր ձեւավորվել դիստանցավորված քննադատական վերաբերմունք, որը վերաբերում էր ոչ միայն կառույցներին, այլեւ ընդհանրապես համակարգին»,- փաստում է Ռուբեն Արեւշատյանը: Դառնալով Getty հիմնադրամի Keeping It Modern խորագրով նախագծին (թարգմանաբար` պահպանել այն արդի), որն արդեն երրորդ անգամ է դրամաշնորհներ առաջարկում միջազգայնորեն շատ հայտնի մոդեռնիստական կառույցների պահպանման եւ վերականգնման համար, մեր զրուցակիցը հիշում է, որ սկզբում «Գեթթի» հիմնադրամն ինքն էր ընտրում հանրահայտ ճարտարապետների նախագծած հայտնի շենքերը, իսկ 2016-ին մրցույթ է հայտարարվել եւ այդ մրցույթում հաղթել է նաեւ հայկական նախագիծը: Ընտրված կառույցների շարքում են եղել Նիքսոն եւ Բորիսի մանկական գրադարանը՝ Գանայում, աշխարհում թիվ 1-ը համարվող Լինա Բո Բարդիի կառույցներից մեկը Բրազիլիայում, Վելաս Հարիսոնի եկեղեցին՝ ԱՄՆ-ում, մեկ այլ եկեղեցի՝ Ուրուգվայում, Կոսովոյում՝ մի ինքնատիպ գրադարան, Լիվերպուլի Մետրոպոլիտեն տաճարը, Գաուտամ Սարաբհայի նախագծած հոգեբուժարանը:

Հետաքրքրվեցինք, թե ե՞րբ բոլոր փուլերի ավարտից հետո նոր շունչ կստանա Սեւանի գրողների տունը:

Ռուբեն Արեւշատյանը հայտնեց, որ նախ եւ առաջ գիտական հետազոտություն է իրականացվելու, մշակվելու է պահպանության կառավարման պլան, մի բան, որը շատ քիչ երկրներում է կիրառվել, թեեւ տեսականորեն հայտնի է. «Շենքը պետք է ենթադրի շահագործման ուղեցույց, խոսք է գնում նաեւ պատմական շենքի մասին, դրան գումարվում է վերականգնման հետ կապված հետագա շահագործման եւ պահպանության կառավարման ծրագիրը, կագավիճակի խնդիրը եւ այլն: Իմիջիայլոց, ինչպես շատ այլ մոդեռնիստական կառույցներ, այդ շենքը եւս բացակայում է հուշարձանների ցանկից…Ամեն մանրուք պետք է հստակ կերպով ձեւակերպվի պահպանության կազմակերպման պլանի մեջ: Նշեմ, որ մեր թիմը կազմված է միջազգային կարգի փորձագետներից, օրինակ, գիտական խորհրդատուներից մեկը ճարտարապետ, մշակութաբան Վլադիմիր Պապերնին է: Մենք գործ ունենք նաեւ Հայաստանի առաջատար փորձագետների հետ, միեւնույն ժամանակ «Գեթթի» հիմնադրամն իր կողմից առաջարկել է նախորդ նախագծերին մասնակցած այլ փորձագետների: Ի վերջո, առաջարկելու ենք էսքիզային նախագիծը՝ հիմնված գիտական հետազոտության վրա, որն իր մեջ ամփոփում է պատմական, տեսական հատվածը, գումարած կոնստրուկտիվ եւ ֆիզիկական հետազոտությունը: Հիմա սկսելու է իրականացվել շենքի կոնստրուկտիվ հետազոտության հատվածը»:

Նախագծի գիտական ղեկավարը կարծում է, որ սա տեւական նախագիծ է, որն առնվազն 3-4 տարի կտեւի:

Նա հիշում է, որ երբ հայտարարվել էին մրցույթի արդյունքները, ինքը բազմաթիվ զանգեր է ստացել խորհրդային մոդեռնիզմի հետազոտողներից ու ճարտարապետներից. «Ինձ համար հուզական պահ էր, որ զանգեց, օրինակ, Ֆելիքս Նովիկովը, որը 50-70-ականների թիվ 1 ճարտարապետներից էր: Ըստ էության, առաջին անգամ գրանցվեց միջազգայնորեն շատ ծանրակշիռ վերաբերմունք՝ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետական ժառանգության եւ ժառանգության պահպանման առումով: Սա նախադեպ եղավ բոլորի համար՝ սկսած Ռուսաստանից, Ուկրաինայից, Մերձբալթիկայից ու Միջին Ասիայից…Թե ճարտարապետները, թե հետազոտողները շատ ոգեւորված էին, որ խորհրդային մոդեռնիզմի նկատմամբ այդ տեսակ վերաբերմունք եղավ»:

Արեւշատյանի խոսքով, նախորդ դարի 20-ականներից Հայաստանի տարբեր քաղաքներ զարգանում էին հետաքրքիր առաջադեմ տրամաբանությամբ, որը բացարձակապես զերծ էր պրովինցիալիզմից, եւ մեր ճարտարապետները, քաղաքաշինարարները գործում էին ժամանակի տրամաբանությամբ՝ ամենաառաջնային գծում:
Ի դեպ, Սովետական մոդեռնիզմի մասին պատմող 2012 թ. Վիեննայում հրատարակված գրքում, որի շապիկին Սեւանի գրողների տունն է, ներառված են նաեւ այլ կառույցներ, որոնց թվում են Երիտասարդական պալատը, Առագաստ սրճարանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Սեւանա կզու վրա Չերքեզյանի նախագծով արված երկու պավիլիոններ, որոնք այժմ նախագահական հանգստյան գոտում են գտնվում, Մարզահամերգային համալիրը եւ այլն:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է
Ռուբեն Արեւշատյանը:

 

«Առավոտ»

10.08.2016 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031