Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Վահան Շիրխանյանը չի կարողանում անգամ խցից դուրս գալ». Հայկ Ալումյանը տագնապի ազդանշան է տալիս

Օգոստոս 17,2016 14:50

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը մտահոգված է նրա առողջական վիճակով:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու մեջ»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ալումյանը ահազանգեց, որ օր օրի Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատանում է. «Մենք տագնապի ազդանշան ենք տալիս:

Նախքան անազատության մեջ հայտնվելն արդեն նա լուրջ առողջական խնդիրներ ուներ. ունեցել էր սրտի կաթված, ինսուլտ, կալանավորվելուց հետո վիճակը հետզհետե վատացավ և կալանքի տակ գտնվելու ժամանակ նրա մոտ առաջացավ նաև թոքի կաթված: Հիմա ամեն անգամ նրան այցելելիս ես նրա մոտ նկատում եմ բացասական փոփոխություն. դժվարությամբ է կարողանում իր խցից գալ այնտեղ, որտեղ տեսակցում ենք, երկրորդ անգամ է նա չի կարողանում քննչական գործողության մասնակցել, ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չի լինում գալ այնտեղ, որտեղ քննիչն այդ գործողությունը կատարում է, այսինքն` նույն շենքի վերևի հարկ չի կարողանում բարձրանալ»:

Ըստ փաստաբանի` Շիրխանյանի կալանքի երկարաձգումն իրականացվել է առանց հիմնավորման: Նա շեշտեց, թե նախորդ ամիսների ընթացքում քննչական խումբը ջանասիրություն չի ցուցաբերել, ուստի այդ դեպքում ինչո՞ւ է դատարանը թույլատրում ևս երկու ամիս երկարաձգել կալանքի ժամկետը:

Պարոն Ալումյանը տեղեկացրեց, որ սպառել են ՀՀ բոլոր դատական ատյանները, ուստի սեպտեմբերի առաջին կեսին այս հարցով իրենց գանգատը կլինի Եվրոպական դատարանում:

Հայկ Ալումյանը շեշտեց, թե քանի դեռ իր պաշտպանյալը համարվում է անմեղ, նա մեզնից յուրաքանչյուրի պես քաղաքացի է. «Պարզապես իր բախտը չի բերել. իր հետ կապված որոշակի կասկածներ են առաջացել: Դրանք պետք է փարատվեն դատարանում, ուստի չի կարելի նրան հասցնել մահամերձ վիճակի նոր տանել դատարան կասկածները փարատելու: Շուտ, թե ուշ կպարզվի, որ նա կապ չունի այդ հանցագործության հետ, բայց երբ դա պարզվի, և նրան ազատ արձակեն, նա կարող է լինել այն առողջական վիճակում, որը հնարավոր չլինի որևէ կերպ շտկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031