Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ. «Արդեն պատասխաններ ենք ստանում պատասխանատվության ենթարկված ոստիկանության ծառայողների մասով». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 09,2016 11:30

«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի, դրանց հետ կապված իրավական գործընթացների շուրջ զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

– Պարոն Թաթոյան, Դուք առաջին պաշտոնյան էիք, որ Սարի թաղի բախումներից անմիջապես հետո գնացիք դեպքի վայր։ Հետաքրքիր է՝ գնացիք եւ ի՞նչ արեցիք այնտեղ։

– Առաջինը տեղի ունեցան, իհարկե, քաղաքացիների հետ շփումները, ուսումնասիրությունները։ Վնաս կրած գրեթե բոլոր անձանց հետ աշխատեցինք հանդիպել, ընդ որում, խոսքը, հատկապես, վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, այն ընտանիքներին, ովքեր հատուկ միջոցների գործադրման արդյունքում էին վնաս կրել, օրինակ՝ մի ընտանիք կար, որտեղ երեխաներ էին շատ տուժել։ Մենք եղանք այդտեղ, քննարկումներ արեցինք։ Դրանից հետո միջազգային կազմակերպությունների հետ էլ աշխատեցինք, որպեսզի աջակցեն իրենց։ Բայց ես պետք է ասեմ, որ, իհարկե, այն վնասը, որը պատճառվել էր, անթույլատրելի էր, հատկապես երեխաների մասով։ Խոսքը վերաբերում է նրան, որ հատուկ միջոցի գործադրման արդյունքում թե՛ երեխաներն էին վախեցել, թե՛ նաեւ վնաս էր պատճառվել ընտանիքի մեծերին, մի մասը հիվանդանոցում էր գտնվում։ Դրանից անմիջապես հետո հիվանդանոց էլ այցելեցինք եւ իրենց նաեւ հիվանդանոցում հանդիպեցինք։ Այնուհետեւ քաղաքացիների հետ էլ անհատական աշխատանք է կատարվել, իհարկե, եւ գլխավորապես բոլոր համապատասխան տեղեկությունները ներկայացվել են թե՛ քրեական հետապնդման մարմնին, թե ՛ նաեւ ոստիկանություն։ Հիմա մենք արդեն պատասխաններ ենք ստանում պատասխանատվության ենթարկված ոստիկանության ծառայողների մասով, իսկ քրեական հետապնդման մասով էլ իրականացվում է քննություն։ Այստեղ եւս լինելու ենք հետեւողական, որպեսզի հասկանանք, տեսնենք, ի վերջո, այդ կանխատեսելիությունը, որ անհրաժեշտ է ունենալ, ապահովվում է, թե չէ:

– ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահները եւս մասնակցում էին Սարի թաղի ծեծուջարդին, ավելին՝ ակտիվ հրահրողներից էին։ Կոնկրետ նրանք պատժվելո՞ւ են։

– Հիմա քննություն է ընթանում, եւ այդ հարցերին քննությունը պետք է պատասխան տա։ Այն, որ կար անհանգստություն, որ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ էին կամ բռնության գործադրման հարցերում ոստիկաններ էին ներգրաված եղել, այդ տեղեկությունները մենք էլ ունենք եւ դրա համար մենք էլ ենք ուղարկել քրեական հետապնդման մարմիններին։ Ինչ վերաբերում է՝ պատժվելու են, թե չէ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քննության ընթացքում պետք է պատասխանը ստանանք, մանավանդ դեռ առջեւում ունենք դատական քննություն։

Զրուցեց Վահագն ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930