Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը ինձ գոնե հայտնի է՝ որպես պրոֆեսիոնալ մենեջեր. Արծվիկ Մինասյան

Սեպտեմբեր 09,2016 15:14

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից իր հրաժեշտի խոսքում ասաց, որ չնայած մեծ ջանքեր են գործադրել, բայց հասարակությունը մնացել է բեւեռացված: Այսօր մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց հասարակության այդ բեւեռացվածության հարցը լուծել՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Քանի դեռ մեզ մոտ սահմանադրական նորմերը իրական կյանք չեն եկել, մենք միշտ ունենալու ենք այդ խնդիրը: Ես շատ եմ կարեւորում նախագահի երեկվա խոսքում սահմանադրական նորմերը կյանք դարձնելը: Այս ուղղությամբ բազմաթիվ ու մեծածավալ աշխատանք կա անելու, դա 1-2 օրվա խնդիր չէ: Որակական փոփոխությունը, մեր տնտեսական կառուցվածքի, պահանջում է հետեւողական եւ քրտնաջան աշխատանք»:

Մեր հարցին՝ ի՞նչ կտա Կարեն Կարապետյանի նշանակումը, նա կդառնա՞ փոփոխությունների խորհրդանիշը, ինչպես նախագահը նշեց՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մեծարգո նախագահի մոտեցումը Կարեն Կարապետյանի նկատմամբ իր մոտեցումն է: Կարեն Կարապետյանը ինձ գոնե հայտնի է՝ որպես պրոֆեսիոնալ մենեջեր, երբ Երեւանի քաղաքապետ էր: Այդ տեսակետը ես արտահայտել եմ նաեւ այն ժամանակ: Ինչ վերաբերում է ծրագրային մոտեցումներին, վստահ եմ, որ երբ կլինի նորանշանակ վարչապետի մոտեցումները եւ մենք կմասնակցենք ծրագրի մշակմանը, այդ ժամանակ նոր կկարողանամ լիարժեք պատասխանել հարցին՝ մեզ կհաջողվի՞, թե՞ ոչ: Մի բան պարզ է՝ երկրում տնտեսական հիմնարար փոփոխություններ պետք է իրականացվեն: Վստահ եմ, որ եթե միասնական մոտեցում սա դիտարկենք, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ կառավարությունը կկարողանա շատ լուրջ հաջողություններ ամրագրել»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ սա նախընտրական քայլ չէ, ՀՀԿ-ի հետ իրենք երկարատեւ ծրագրեր ունեն, ոչ թե կարճ, փոքր ժամկետի համար խնդիրներ են լուծում՝ նախընտրական շղարշի տակ:

Հարցին՝ օբյեկտիվորեն, վարչապետի հրաժարականը հասունացա՞ծ էր այսպիսի տնտեսական ցուցանիշների ֆոնին՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ինձ համար, որպես էկոնոմիկայի նախարար, 1-2 տոկոս տնտեսական աճը այսօր էական չէ, եթե ես չունեմ հիմնարար տեսլական: Ինձ համար շատ ավելի սկզբունքային է, թե ինչ փոփոխություններ են խորքում իրականացվում, ոչ թե ամեն տարի վախվորած նայենք՝ արդյո՞ք 4.3 տոկոս էր տնտեսական աճը, թե՞ 4.1, այլ շատ ավելի բարձր ցուցանիշների եւ որակյալ տնտեսական աճի մասին խոսենք: Սա ցանկացած վարչապետի երազանքն է»:

Մեր հարցին՝ ի՞նչ պետք է անի Կարեն Կարապետյանը, որ Հովիկ Աբրահամյանը չէր կարող անել՝ Արծվիկ Մինասյանն ի պատասխան՝ առաջարկեց մի քանի օր սպասել, մինչեւ Կարեն Կարապետյանը կներկայացնի ծրագիրը. «Ցանկացած վարչապետ ձգտում է լավագույն արդյունքի հասնել: Նախկին վարչապետն իր ժամանակահատվածում խնդիր էր դնում, որ արտաքին ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները չթափանցեն երկրի ներս: Բայց լիարժեքորեն հաղթահարել վիճակը, պահանջում է նոր գործողություններ: Տա Աստված, որ կարճ ժամանակ հետո տեսնենք, որ երկրի տնտեսական կյանքում շեշտակի բարելավումներ կան: Եթե կլինեմ նոր կառավարությունում, ես իմ պատասխանատվությունը դրանում զգում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930