Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Լինելով իշխող ռեժիմի գործիքն ընդամենը, Բալասանյանը լավ է կատարում միայն գյումրեցիներին թալանելու գործը»

Սեպտեմբեր 13,2016 19:30

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը ԱԺ-ում

Գյումրիում հոկտեմբերի 2-ին կկայանան ընտրություններ, որոնց արդյունքում կորոշվեն նոր քաղաքապետը եւ ավագանու կազմը: Չափազանց շատ եմ կարեւորում քաղաքացիների կողմից տեղեկացված ընտրությունը եւ այս հայտարարությունը ուղղում առաջին հերթին հենց գյումրեցիներին:

Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակը կատարելապես կրկնապատկերված է Գյումրիում. գործազրկություն, թշվառություն, կոռուպցիա, արտագաղթ: Գյումրիի այսօրվա քաղաքապետն է մի մարդ, ում ավելի ճիշտ կլիներ անվանել խոշոր օլիգարխ, որը ընտրակեղծարարությամբ տիրացել քաղաքապետարանի իշխանական լծակներին՝ իր բիզնեսի բարգավաճումն ապօրինաբար ապահովելու նպատակով:

Բալասանյանը իր որդու Միսակ Բալասանյանի կամ այլ բարեկամների միջոցով սեփականատերն է եւ տնօրինում է Գյումրու գարեջրի հին ու նոր «Ալեքսանդրոպոլ» եւ «Գյումրի» գարեջուր արտադրող գործարանները, «Անուշարան» հրուշակեղենի գործարանը, Գյումրի գարեջրի Արթիկի ՍՊԸ-ն, «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը: Բալասանյանը նաեւ Գյումրիի ամբողջ քաղաքային տրանսպորտի ցանցի տերն է: Այն հանգամանքը, որ այդ ցանցը նա խլել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից, միայն ընդգծում է Հայաստանում տիրող կոռուպցիոն համակարգի գիշատիչ էությունը եւ ցույց է տալիս, որ այդ համակարգում բարգավաճում է միայն նա, ով տիրապետում է իշխանության լծակներին եւ այն օգտագործում իր բիզնեսի ծաղկման համար, բնականաբար, խեղդելով այլոց տնտեսական նախաձեռնությունը:

Բնական է, որ նման քաղաքապետի օրոք քաղաքային բյուջեն անկում է ապրել 2011 թվականի 3 մլրդ 591 մլն-ից մինչեւ այսօրվա 3 մլրդ  426 միլիոնը: Գյումրիի բյուջեի մսխումը դարձել է սովորական մի բան, կատարվում են անհասկանալի ծախսեր՝ ցածրաճաշակ արձանիկներ, թանկարժեք գործուղումներ, ինչ-որ  կուսակցություններին եւ ՀԿ-ներին տարեկան 24 մլն օգնություն: Ծիծաղելի է, բայց Բալասանյանը իր քարոզարշավում որպես ամենամեծ նվաճում ներկայացնում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը ժամանակին վճարելը, այսինքն` իր առանցքային պարտավորություններից  մեկը :

Լինելով իշխող ռեժիմի գործիքն ընդամենը, Բալասանյանը լավ է կատարում միայն գյումրեցիներին թալանելու գործը, իսկ հետո դիմում էժանագին Փի-Ար-ի, կանգնելով Գյումրեցի օլիմպիական չեմպիոնների կողքը, կարծես մի օլիմպիական մեդալ էլ ինքն է շահել:

Այս մղձավանջին վերջ դնելու համար կոչ եմ անում մեր սիրելի գյումրեցիներին քվեարկել հօգուտ Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքապետի թեկնածու Սյուզի Մեխակյանի, որը մեր կարծիքով կլինի Դոնարա Հարությունյանի արժանի ժառանգորդը ու Գյումրիի հոգատար քաղաքապետը եւ իր թիմի հետ միասին կապահովի Գյումրիի զարգացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930