Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. Տարեցտարի գունառատ ու հագեցած է դառնում մայրաքաղաքային առօրյան

Հոկտեմբեր 08,2016 10:50

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երևանի օրվա առթիվ

Սիրելի՛ երևանցիներ,

շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2798-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք հպարտությամբ ենք փաստում, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր «Արևի քաղաքն» աշխարհին ներկայանում է որպես մշտապես  երիտասարդ, գործուն, զարգացող, ժամանակին համահունչ ու ներկայանալի:

Եվ դա շնորհիվ մեր համաքաղաքացիների, այն մարդկանց, ովքեր ապրում ու արարում են մայրաքաղաքի հանդեպ սիրո և պարտքի գիտակցումով՝ ոչ միայն եղածը պահպանելու, այլև Երևանն ավելի գեղեցիկ ու լավը դարձնելու և այն արժանապատվորեն սերունդներին փոխանցելու ցանկությամբ:

Տարեցտարի գունառատ ու հագեցած է դառնում մայրաքաղաքային առօրյան՝ համալրվելով դեռ ոչ վաղ անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններով ու մտահղացումներով, որոնցից շատերն արդեն հարազատորեն  դարձել են ավանդական, սպասված ու կենցաղի անբաժանելի մաս:

«Էրեբունի-Երևանը» միաժամանակ մեր հզոր նախնիներից հոգևոր լիցքեր ստանալու, միմյանց նկատմամբ վստահությամբ, սիրով ու հարգանքով համակվելու և դրական այդ լիցքերը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հիանալի առիթ է: Այս տոնը ոչ միայն Արևի քաղաք Երևանի կուտակած ջերմությունը մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին փոխանցելու հնարավորություն է, այլև հավաստումն է այն կամքի, որ ամեն ինչ արվել և արվելու է համայն հայության մայրաքաղաքի լուսավոր ապագան երաշխավորելու համար:

Շնորհավո՛ր տոնդ, Արևի՛ քաղաք Երևան:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31