Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ով է խոչընդոտում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության երկարաձգմանը. «Հայոց աշխարհ»

Հունվար 17,2017 12:42

Օրերս տեղեկացանք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետագա գործունեությունը հարցականի տակ է՝ ԱՊՀ մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԵԱՀԿ ներկայացուցչությունների լիազորությունները սպառվում են, եւ կառույցի պատասխանատուները չեն կարողանում կոնսենսուսի գալ իրենց տարածաշրջանային գրասենյակների մանդատը երկարաձգելու հարցում։ Ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ պետք է նման հարց առաջանար։

Մեր հարցերին պատասխանում է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

-Կարելի է տարբեր մեկնաբանություններ անել՝ այդ թվում չբացառելով նաեւ թուրքական եւ ադրբեջանական «լոբբինգի» տարբերակը, բայց, ըստ իս, խնդիրը կապված է ավելի շուտ Ռուսաստանի հետ։ Իհարկե, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բայց նման հարցերում, օրինակ, որտեղ գրասենյակ դնել, ինչ գործառույթներով եւ այլն, վետոյի իրավունք ունեն միայն Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն։

Ռուսաստանը հետխորհրդային երկրները համարում է իր ազդեցության գոտին, եւ կարող է առարկություններ ունենալ այդ գրասենյակների կամ դրանց գործառույթների վերաբերյալ։ Չմոռանանք, որ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը երեք անգամ անընդմեջ ղեկավարում են ռուս դիվանագետները, ինչը ընդունված չէ եվրոպական կառույցներում, որտեղ, որպես կանոն, գործում է ռոտացիայի սկզբունքը։ Դա եղել է Ռուսաստանի պահանջով։

Կան երկրներ, որ իրենք համաձայն չեն՝ չեն ուզում, որ ԵԱՀԿ-ն զբաղվի այս կամ այն հարցով, օրինակ, Ադրբեջանը փակեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը։ Հայաստանը նման խնդիր չունի, հետեւաբար պրոբլեմը կապված է ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ։

-Ֆինանսավորման գործոնը չի՞ կարող դերակատարություն ունենալ այդ հարցում։

-Չեմ բացառում, որ այդ գործոնն էլ է ունեցել իր դերակատարությունը։ Ի վերջո, ֆինանսավորման զգալի մասը (կարծեմ 25-ական տոկոսը) ապահովում են հենց Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը։ Հնարավոր է, որ Ռուսաստանը նաեւ ֆինանսական լծակներն է օգտագործում ԵԱՀԿ-ին պայմաններ թելադրելու համար։ Սրանք ենթադրություններ են, որոնք, կարծում եմ, շատ մոտ են իրականությանը։

Թուրքիան ու Ադրբեջանը հնարավորություն չունեն շրջափակելու երեւանյան գրասենյակի գործունեությունը. նրանք կարող են հարց բարձրացնել, քննարկման առարկա դարձնել այդ խնդիրը, կամ մենք կարող ենք ասել՝ մեզ դուր չի գալիս, որ ԵԱՀԿ-ն գրասենյակ ունի Ստամբուլում, բայց այդ հարցում վետոյի իրավունք չունենք վետոյի իրավունք ունենք քաղաքական հարցերում, եւ այդ իրավունքը օգտագործեցինք 1996թ. Լիսաբոնի գագաթաժողովում, երբ փորձեցին մեզ համար ոչ շահեկան բանաձեւ անցկացնել Ղարաբաղի հարցի վերաբերյալ, եւ բանաձեւը չընդունվեց։

-Ինչո՞ւ եք համոզված, որ ամերիկյան կողմը խոչընդոտներ չի հարուցում՝ նկատի ունենալով ԱՄՆ նորընտիր նախագահի «ոչ կոնվենցիոնալ» մոտեցումները երկրի արտաքին քաղաքականության հետ կապված հարցերում։

-Համոզված եմ, որովհետեւ Միացյալ Նահանգները շահագրգիռ է պահպանելու իր ազդեցությունը տարածաշրջանում, այդ թվում՝ նաեւ ԵԱՀԿ մեխանիզմներով, եւ որեւէ պատճառ չունի խոչընդոտելու այդ գրասենյակների գործունեությանը։ ԱՄՆ նախագահը փոխվել է, բայց առայժմ ազդակներ չենք տեսնում, թե Թրամփը պատրաստվում է վերանայել ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող քաղաքականությունը։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031