Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ընկալվում ենք՝ որպես այլ երկրի կցորդ». Օսկանյանն ու Օհանյանը քննադատում են իշխանություններին

Փետրվար 17,2017 15:43

Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյանի դաշինքի անդամները ասուլիս էին հրավիրել: Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը ներկայացրեց իրենց ցուցակը, ասաց, որ իրենց դաշինքի շտաբի պետն է լինելու Արմեն Մարտիրոսյանը, խոսեց բանակի խնդիրների մասին, անվտանգության կարեւորության մասին:

Նա ասաց, որ սպասելի էր, որ իրենց դաշինքի, մասնավորապես՝ իր նկատմամբ հնչելու էին քննադատություններ եւ զգուշացրեց. «Հակահարվածներ լինելու են, ընդ որում, դրանք լինելու են փաստարկված եւ բամբասանքի մակարդակից հեռու»:

Ինձ համար անընդունելի է, որ ընդդիմադիր կեցվածք ունեցածները իրենց դաշինքի դեմ արշավ են անցկացնում: Անուններ ասաց, որ չի տա:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց դաշինքի մոտեցումն այն է, որ սփյուռքը շատ մեծ ներգրավվածություն է ունենալու ՀՀ տնտեսության մեջ: Նա նաեւ խոստացավ, որ Հազարամյակի մարտահրավերները նորից կարող են մտցնել ՀՀ, ենթակառուցվածքները կզարգանան, գյուղերում զարգացում կլինի. «Տուգանքների համակարգը ընդհանրապես պետք է վերանայվի ՀՀ-ում, խոսքը ոչ միայն արագաչափերի մասին է»:

Վարդան Օսկանյանն ասաց, որ իրենց դաշինքի ծրագիրն առավել մանրամասն կներկայացվի, բայց նախօրոք նշեց, որ մարդիկ այնտեղ կնկատեն գաղափարական փոփոխություններ եւ տարբերություն նրանից, ինչ այսօր իրականացվում է իշխանությունների կողմից: Տնտեսական քաղաքականության առումով կնկատեք փիլիսոփայության, մտածողության կտրուկ փոփոխություն»:

Նա ասաց, որ այսօր իշխանությունները մի նպատակ ունեն՝ բյուջեի իրականացում՝ ամեն գնով գնան քերեն բիզնեսը, որ լցնեն բյուջեն: Մեր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը կլինի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը. «Այսօր եթե իշխանությանը հարց տաք՝ եկեք թոշակները, աշխատավարձերը բարձրացնենք, պատասխանելու են՝ բյուջեում փող չկա: Իշխանության գալուց հետո մեզ եթե այդ հարցը տաք՝ այո, միանշանակ բարձրացնելու ենք: Որովհետեւ բյուջեն չի թելադրելու: Նա վստահեցրեց, որ թոշակները, աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու են: Այսօր բիզնեսն ու տնտեսությունը այնքան են սերտաճել, որ իշխանությունները չեն կարող դա իրականացնել, իրենց խնդիրը միայն բյուջեն հավաքելն է:

Նա հիշեցրեց, որ «Հազարամյակի մարտահրավերները» ՀՀ են բերվել իր արտգործնախարարության եղած ժամանակ, ու խոստացավ, որ երբ գան իշխանության, տարեկան սփյուռքից 1 մլն դոլար են բերելու. «Երբ որ մենք շեղվեցինք, գնացինք ԵՏՄ, այդ օրվանից իշխանությունները բանակցում են ԵՄ-ի հետ, որ երկկողմ մի հատ պայմանագիր ստորագրեն, արդեն 5-րդ տարին է: Մենք բերելու ենք դա: Համոզված ենք, որ տնտեսությունը կարող ենք շատ արագ դնել իր զարգացման ուղու վրա»:

Վարդան Օսկանյանը քննադատեց՝ հայտարարելով, որ միջազգային ասպարեզում ՀՀ-ն իր հեղինակությունը լրիվ կորցրել է, ՄԱԿ-ում խայտառակ քվեարկություններ ենք անում, մենք ընկալվում ենք՝ որպես այլ երկրի կցորդ: Ղարաբաղի հարցում էլ հետքայլ ենք արել, միանշանակ. «Մեր արտաքին քաղաքականության փորձով, պաշտպանության ոլորտում մեր փորձով մենք կկարողանանք ԼՂՀ բանակցությունները նույնպես դնել իր ուղու մեջ: Կարող ենք անցում կատարել ԼՂՀ ժողովրդի՝ արդեն 25 տարի ինքնորոշված լինելու փաստի քննարկմանը՝ իրավունքից անցնել փաստի»:

Հարցին՝ երկար տարիներ իշխանության համակարգում բարձր պաշտոններ եք զբաղեցրել, ամեն ինչ հուշում է, որ իշխանության ներսում լինելով՝ տիրապետում եք էքսկլյուզիվ տեղեկատվության, հնարավո՞ր է բացահայտումներ կատարեք՝ իշխանության դեմքը պատռելու համար՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Երկար տարիներ իրոք ես աշխատել եմ պետական կառավարման համակարգում եւ հենց այդ փորձի ձեռքբերումն է, որ ինձ ստիպել է, որ այդ փորձը իրականացնել փորձել պետական կառավարման համակարգում փոփոխություններ իրականացնելու հարցում»: Նա ասաց, որ տեսել է կառավարման համակարգի բացթողումները, կառավարման մշակույթի բացակայությունը, ժողովրդի եւ իշխանության կապի բացակայությունն է նկատել, ուստի նշեց, որ գաղափարական աշխատանքի հենք չենք ստեղծել մեր պետության ներսում, որ ժողովրդի հետ համախմբված խնդիրները հնարավոր լինի լուծել. «Իմ աշխատանքի արդյունքում բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերել են օրինականությանը, օրինական հենքի վրա են դրվելու: Օրինահենք գործունեությունը մեր դաշինքի հիմքում է լինելու»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ բանակն ուղղորդելով քվեարկությանը, դուք պետական հանցագործության մեջ եք ներգրավված եղել: Այս քննադատությանը Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Տարեցտարի բանակում կատարվող աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք այնպիսի աստիճանի հասնենք, որ ԶՈՒ-ն ապահովի իր չեզոքությունը քաղաքական գործընթացներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728