Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կա-չկա նախընտրական տոնավաճառում. «Հայոց Աշխարհ»

Մարտ 08,2017 11:47

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դաշինքները եւ կուսակցությունները արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, եւ իսկը ժամանակն է վերլուծելու եւ հասկանալու՝ ինչ են առաջարկում հայրենի ընդդիմադիր ուժերը որպես այլընտրանք իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությանը։
Այս առումով ընտրությունն առանձնապես մեծ չէ, հատկապես տնտեսական բարեփոխումների ոլորտում։

Ձեւակերպումները, մատուցման կերպը տարբեր է, բայց բոլորը գրեթե նույն բանն են ասում. արմատախիլ անել կոռուպցիան եւ տնտեսական մենաշնորհները, վերացնել ստվերային շրջանառությունը, կարգուկանոն հաստատել կառավարման համակարգում, լուծել պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման հարցը, խթանել տնտեսությունը՝ հավասար մրցակցային դաշտ ստեղծելով բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Ակնհայտ է, որ այդ ամենն ավելի շուտ բարի ցանկությունների ոլորտից է՝ կա՛մ կլինի, կա՛մ չի լինի։

Սոցիալական քաղաքականության ոլորտում ընդդիմադիրները խոստանում են բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, միեւնույն ժամանակ կրճատել հարկային բեռը, արտոնյալներին բերել օրենքի դաշտ, հարկային նոր արտոնություններ սահմանել փոքր ու միջին բիզնեսի, սահմանամերձ շրջաններում ձեռներեցությամբ զբաղվող սուբյեկտների համար. հանձնառություններ, որ ուղղակի հակասում են մեկը մյուսին։
Մոտեցումների բազմազանությունը քիչ ավելի նկատելի է, երբ խոսքը վերաբերում է քաղաքական համակարգի զարգացման եւ արտաքին կողմնորոշումների հետ կապված խնդիրներին։

Իրեն ազատական արժեքների ջատագով հռչակած «Ելք» դաշինքը ընդդիմադիր մյուս ուժերից փորձում է առանձնանալ՝ շեշտելով ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ «ելք» ցույց տալու իր «մենաշնորհը». «ընտրեք մեզ, եւ բոլոր հարցերը հեչի պես կլուծվեն» տարբերակով։

Չնայած կարգախոսը, որով ներկայանում են ընտրողին, այնքան էլ «օրիգինալ» չէ՝ ընտրություն, փոփոխություն, հաղթանակ, այս դաշինքը մյուսներից տարբերվում է նաեւ նրանով, որ ոչ թե փող է առաջարկում ընտրողին, այլ ճիշտ հակառակը՝ փող է հանգանակում քաղաքացիներից, խոստանալով իշխանության գալուց հետո հատուցել «պարտքը», դեռ մի բան էլ՝ ավելի։

«Ելք»-ի «բրենդը» միակողմանի արեւմտամետ արտաքին կողմնորոշումն է. սրանք ինչքան էլ ջանում են լղոզել իրենց ծրագրի մեխը կազմող սույն մոտեցումը՝ ասելով, որ «ոչմիբանամետ» էլ չեն՝ հայամետ են ու հայաստանակենտրոն, միայն այն փաստը, որ «Լոսից» են սկսել իրենց քարոզարշավը եւ 16 էջանոց ծրագրում հստակ ֆիքսել են, որ իրենց հիմնական խնդիրը Հայաստանը «եվրոպական մոդելի» պետություն դարձնելն է, ինքնին խոսուն է։

Արդյոք, դա նշանակո՞ւմ է, որ նախանձախնդիր են լինելու նաեւ կրոնական եւ սեռական փոքրամասնությունների «ազատություններին» հետամուտ լինելու հարցում՝ պարզ չէ։ Մի բան հաստատ է՝ դաշինքը «արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»։

«Ազատ դեմոկրատները», որ գլոբալ առումով («եվրոպական արժեքներին» ինտեգրվելու մասով), ըստ էության, կրկնում են «Ելք»-ին՝ շեշտը դնելով Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող խոչընդոտների ու դրանց վերացման վրա, բնականաբար ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը դադարեցնելու համատեքստում, հանդես են գալիս պարզ եւ մատչելի կարգախոսով. «Մենք կարող ենք»։

ԱԴԿ համամասնական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը, այդ թեզն ավելի համոզիչ դարձնելու համար, ընդգծում է՝ մեր թեկնածուների միջին տարիքը 41 է. «Մենք փրկիչներ չենք, սակայն կարող ենք փոխել ՀՀ զարգացման ուղղությունը՝ տանել դեպի եվրոպական մեծ ընտանիք եւ ապահովել այն ամենը, ինչ երազում է ցանկացած հայ»: Այդ թվում՝ խոստանում է «բառացիորեն մի քանի ամսում վերացնել 30 տոկոսանոց ստվերը»:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կարգախոսն է՝ «Ժառանգություն-համախմբում-հաղթանակ», երկիրը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու տեսլականն էլ «365 օր. ամենօրյա փոփոխությունների ծրագիր»-ն է, որտեղ, իրենց գնահատմամբ, «ներառված են ՀՀ քաղաքացիներին հուզող բոլոր կարեւորագույն խնդիրները»։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031