Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմի» հետ «կասկածելի գործարքը», Լարսի այլընտրանքն ու Աբխազական երկաթուղին

Ապրիլ 03,2017 10:45

Վարչապետներն անգամ արձանագրեցին` լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը

Փետրվարի վերջին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այցով Վրաստանում էր:

Վրաստանի վարչապետը, ողջունելով հայաստանյան գործընկերներին, նշել էր. «Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առեւտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը»: Կարեւորելով երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը նշել էին, որ տնտեսական համագործակցության ոլորտում լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը՝ չնայած երկկողմ առեւտրաշրջանառության ցուցանիշների աճին: Կարեն Կարապետյանը եւ Գեորգի Կվիրիկաշվիլին համոզմունք էին հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առեւտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում նրանք կարեւորել էին էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը: «Ծրագրերի եւ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարեւորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին եւ այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը»,- ասվում էր կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Առանձնազրույցից եւ պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո Կարեն Կարապետյանն ու Գեորգի Կվիրիկաշվիլին ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջ հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Գեորգի Կվիրիկաշվիլին նշել էր, որ հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության հիմնական ուղղությունները՝ ինչպես առեւտրատնտեսական ոլորտում առկա վիճակը, այնպես էլ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի եւ այլ ոլորտներին վերաբերող կարեւորագույն հարցեր. «Հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձել ենք տարածաշրջանում առկա մարտահրավերներին եւ ընդգծել, որ խաղաղության ու կայունության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրների զարգացման գործում: ՀՀ վարչապետն ուներ շատ հետաքրքիր առաջարկներ՝ մեր երկրների միջեւ տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման ուղղությամբ: Մենք այս հարցում ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցինք եւ խրախուսելու ենք մասնավոր հատվածին, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն տարածաշրջանային կոոպերացիայի ներուժը»: Իսկ Կարեն Կարապետյանը Թբիլիսիում շեշտել էր. «Ինչպես նշեց իմ գործընկերը, եղել է շատ առարկայական զրույց բոլոր այն ոլորտների վերաբերյալ, որոնք հետաքրքիր են երկու երկրներին: Մենք պայմանավորվել ենք նոր լիցք տալ այդ բոլոր ուղղություններին: Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, եւ վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել եւ հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ: Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել: Ավելին, մեր գործընկերներն ունեն հստակ հանձնարարականներ՝ կազմակերպել «բաց օր» Վրաստանի այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր ունեն հայկական եւ հարակից շուկաներում գործելու հետաքրքրություն»:

Լարսին այլընտրանք կա՞, թե՞ չկա

Կարեն Կարապետյանը Թբիլիսի այցի ժամանակ իր վրացի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ պայմանավորվել է Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցում: Այս մասին նա հայտնել էր լրագրողների հետ զրույցում։ «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ՝ այո, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի»,- ասել էր Կարեն Կարապետյանը։

Այնուհետեւ Աբխազիայով ռուս-հայկական երկաթուղային գծի հնարավոր վերականգնման մասին ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրություններին հետեւեց Վրաստանի ընդդիմության սուր արձագանքը: Վրացական ընդդիմությունը երկրի իշխանություններից պահանջեց հրապարակել Հայաստանի հետ ընթացող բանակցությունների վերաբերյալ մանրամասներ: «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում, օրինակ, կարծում էին, որ երկաթուղային գծի վերականգնումը հարվածի տակ կդնի Վրաստանի օկուպացված շրջանները չճանաչելու քաղաքականությունը: Կուսակցության ներկայացուցիչ Նիկա Ռուռուայի խոսքով՝ դա ազգային հարց է, եւ այն չի կարելի որոշել հետնաբեմում: «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչներն էլ կարծում էին, որ իշխանությունները երկրի համար վնասակար որոշումներ են կայացնում: «Վրաստանն այսօր ղեկավարում է իշխանություն, որի նկատմամբ մեծ անվստահություն կա, որ այն զիջումներ է անում Ռուսաստանին: Դա լավ երեւում էր նաեւ «Գազպրոմի» օրինակով: Այդ պատճառով այս հարցում Վրաստանի իշխանությունը պարտավոր է հրապարակային ասել ճշմարտությունը, թե ինչ գործարքի հետ մենք գործ ունենք»,- նշել էր Զուրաբ Չիաբերիշվիլին:

Հայ-վրացական բանակցություններից մի քանի օր անց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց: Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Աբխազական երկաթգծի հարցը՝ որպես Լարսին այլընտրանք, չի քննարկվել. «Այլ ալտերնատիվ տարբերակներ են քննարկվել: Հավանական եմ համարում, որ այդտեղ լուծումներ կգտնվեն: Բանակցային փուլում ենք»: Նույնն էր վստահեցրել նաեւ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ պաշտոնյաների հետ հանդիպմանն Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել:

Վրաստանի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական փորձագետ Գելա Վասաձեն, որն օրերս Ծաղկաձորում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ անցկացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարի հիմնական զեկուցողն էր, նկատեց, որ Աբխազիայի երկաթուղու վերագործարկման հարցը քաղաքական է Վրաստանի համար, եւ դրա քաղաքական արժեքը բավական բարձր է. «Եթե խոսքը Աբխազիայով երկաթուղու մասին է` դա նշանակում է, որ բեռները, որոնք մտնում են Աբխազիա, միջազգային ծածկագրեր պետք է ստանան, ինչը պարտավոր են ունենալ»:

Վրաց փորձագետի կարծիքով՝ Աբխազական երկաթուղին կարող է առավելապես ձեռնտու լինել Թուրքիային, ընդ որում՝ ոչ այնքան տնտեսապես, Թուրքիայի համար տնտեսապես ավելի շահավետ կլիներ ավտոճանապարհների բացումը, քանի որ, ըստ փորձագետի, թուրքական բեռնափոխադրող ընկերությունների գործոնը բավական լուրջ է անգամ եվրոպական շուկայի համար: «Քաղաքական տեսանկյունից Աբխազական երկաթուղու հարց չի կարող լինել, ինչի մասին ասաց նաեւ Հայաստանի վարչապետը: Բայց եթե դրա մասին խոսք չի գնացել, ապա ինչի՞ մասին է գնացել»,- հարցրեց Գելա Վասաձեն:

«Գազպրոմի» հետ «մութ գործարքը»

Այս տարվա հունվարին Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Մինսկում «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովայի հետ Վրաստանի տարածքով Հայաստան գազամատակարարման եւ Վրաստան գազի մատակարարումների պայմանների վերաբերյալ մանրամասներ էր հայտնել: Նա ասել էր, որ Վրաստանը համաձայնել է, որ Վրաստանից Հայաստանի գազի տարանցման համար Ռուսաստանը գումար վճարի հումքի փոխարեն: Ի լրումն՝ Վրաստանը 1000 խմ գազը 215 դոլարի փոխարեն կգնի 185 դոլարով: «Հնարավոր է՝ սեզոնային դժվարություններ լինեն, եւ Վրաստանին անհրաժեշտ լինի գազի լրացուցիչ ծավալ։ Այդ դեպքում Վրաստանը Ռուսաստանից գազ կներկրի 215 դոլարի փոխարեն 185 դոլարով»,- ասել էր Կալաձեն: Ավելի վաղ հաղորդվել է, որ Կախա Կալաձեն Մինսկ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «Գազպրոմ» ընկերության ղեկավարության ներկայացուցիչների հետ: Ռուսաստանը ցանկանում էր Վրաստանի տարածքով գազի տարանցման համար գումարով վճարել, բայց վրացական կողմը ցանկանում էր պահպանել վճարման նախկին ձեւը՝ ստանալով Հայաստան ուղարկվող ռուսական «կապույտ վառելիքի» ընդհանուր ծավալի 10 տոկոսը:

Այս գործարքն էլ Վրաստանում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Վրաստանի քաղաքական փորձագիտական շրջանակները դժգոհում էին իշխանությունների եւ «Գազպրոմի» միջեւ համաձայնագրից։ «Պաշտպանի՛ր ազատությունը» պլատֆորմի հայտարարության մեջ ասվում էր. «Վրաստանի կառավարությունը համաձայնել է «Գազպրոմի» պահանջին, այսպիսով՝ այն, ինչ չկարողացավ անել Բիձինա Իվանիշվիլին անցյալ տարի ընդդիմության եւ քաղաքացիական հատվածի հակազդեցության պատճառով, այս տարի մեզ մատուցվում է որպես կայացած փաստ»։

«Գազպրոմի» հետ համաձայնագիրը քննադատել էր նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին` նշելով, որ նոր պայմանները վատթարացնում են երկրի էներգետիկ սեկտորը եւ վնաս հասցնում Վրաստանի քաղաքական ու տնտեսական շահերին։ Նա նաեւ կոչ է արել խորհրդարանին ներկայացնել նոր նախագիծ՝ գործարքի հետ կապված «ռիսկերն ու վտանգները նվազեցնելու վերաբերյալ»։ «Գազպրոմի» հարցը ավելին է, քան բիզնես գործարք, դա նախեւառաջ՝ անվտանգություն է, արտաքին քաղաքականություն եւ աշխարհաքաղաքականություն, ապա՝ էներգետիկա եւ տնտեսություն»,- նկատել էր նախագահի խոսնակ Էկա Միշվելաձեն։

Մինչդեռ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմի» հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ կառավարությունը «օպտիմալ որոշում» է կայացրել՝ ընդունելով «Գազպրոմի» պայմանները Վրաստանի տարածքով ՌԴ-ից Հայաստան գազի տարանցման վերաբերյալ։ Ըստ համաձայնության՝ երկամյա համաձայնագրի առաջին տարում մասամբ կպահպանվի տարանցման դիմաց գազով վճարումը, իսկ երկրորդ տարում անցում կկատարվի ամբողջությամբ գումարային տեսքով վճարմանը։

«Ազգային միացյալ շարժում» կուսակցության նախկին անդամ, ներկայումս «Եվրոպական Վրաստան» խմբակցության ներկայացուցիչ Ելենա Խոշտարիայի կարծիքով՝ «Մենք առանց պայքարի հանձնեցինք երաշխավորված պայմանները, ըստ որոնց՝ Վրաստանը ստանում էր մեր տարածքով ՌԴ-ից Հայաստան փոխանցվող գազի ծավալի 10 տոկոսը։ Այժմ մեր դիրքերը թուլացել են, ու հետագայում Ռուսաստանը կկարողանա ազատորեն մեզ թելադրել իր պայմանները։ Կարճ ասած՝ մենք Ռուսաստանից կախվածություն ենք ձեռք բերում մի հարցում, որի երկարաձգման վերաբերյալ տասը տարվա ընթացքում որեւէ խնդիր չէր առաջացել»։

Transparency International կազմակերպության վրաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրենի տեղակալ Գեորգի Օնիանին «Էխո Կավկազա»-ի հետ զրույցում նկատել էր, որ երկրի իշխանությունները բռնի կերպով ստորագրել են պայմանագիր, թեեւ դեռեւս դեկտեմբերի վերջին Կախա Կալաձեն հավաստիացնում էր, որ Վրաստանը նման քայլի չի դիմի, քանի որ երկրին ձեռնտու չէ տարանցման վճարի դրամայնացումը։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ «Գազպրոմի» հետ բանակցություններում ծագել են մի շարք խնդիրներ։ Ի վերջո, սակայն, կառավարությունը հաստատեց համաձայնագիրը՝ առանց որեւէ փորձագետի ծանոթացնելու դրա պայմաններին։ «Բազմաթիվ հարցեր են առաջ գալիս, հետեւաբար մենք պահանջում ենք, որպեսզի «Գազպրոմի» հետ կնքված պայմանագիրը հրապարակայնացվի… Որքանո՞վ են բանակցություններն ապահովված եղել ռազմավարական փորձագիտական հաշվարկներով։ Արդյո՞ք ներգրավվել են միջազգային գործընկերներ, որպեսզի ձեռք բերվեն հնարավոր լավագույն պայմանները։ Հանրության հետաքրքրությունը տրամաբանական է, ու իշխանությունները պետք է պատասխանեն այս հարցերին»,- նշել էր Օնիանին։

Մինչդեռ Վրաստանի իշխանական ուժերը հակադարձում էին, որ հարցը փակված է, քննարկելու ոչինչ այլեւս չկա, պայմանագիրն արդեն կնքված է։
«Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի առնչությամբ Գելա Վասաձեն նկատեց, որ մի բան հստակ է` մութ գործարք է, ընդ որում՝ գործընթացը սկսվել էր վաղուց, առնվազն երկու-երեք տարի առաջ, երբ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի լուսանկարները «Գազպրոմի» բարձրաստիճան պաշտոնյայի հետ` արված արտերկրում, տարածվել էին:
«Իհարկե, պարզ է, որ «Գազպրոմը» ոչ այնքան ընկերություն է, որքան քաղաքական լուրջ լծակ: Այնուամենայնիվ, մենք ստացանք մի պայմանագիր, ըստ որի՝ փոխվեցին ռուսական գազի տարանցման պայմանները: Մինչ այդ ամեն ինչ շատ պարզ էր ու թափանցիկ` գազի տարանցումն իրականացվում է, 10 տոկոսը մնում է Վրաստանին: Բայց հանկարծ ռուսական կողմը պահանջեց, որպեսզի այդ 10 տոկոսի համար վճարեն: Սա դժբախտության մի մասն է, պարզվեց՝ պայմանագիրը գաղտնի է, դա առեւտրային գաղտնիք է: Ու այստեղ հարց է ծագում` ումի՞ց են գաղտնի պահում: Վրաստանի կառավարությանը դա հայտնի է, «Գազպրոմին» հայտնի է, ստացվում է` գաղտնի է մեզնից: Կան կասկածներ, որ այդ համաձայնագրով «Գազպրոմը» Վրաստանը դնում է իրենից կախվածության մեջ, ինչը չի եղել 2007թ. ձմռանից հետո»,- նկատեց Գելա Վասաձեն:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 01.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930