Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նորություն կա մեծահարուստ ռուսաստանահայերի ներդրումներից (Տեսանյութ)

Ապրիլ 19,2017 15:21

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոսկովյան այցի ընթացքում,  ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները պատրաստակամություն հայտնեցին ՀՀ տնտեսության մեջ ավելի մեծ ներդրումներ անել: Մասնավորապես «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ արդեն գարնանը կարելի է ներդրումներ ակնկալել: Նախնական խոսք էր գնում 300 միլիոն դոլարի մասին: Այսօր Aravot.am-ը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանից հետաքրքրվեց` ի՞նչ նորություն կա մեր հայրենակիցների խոստացած ներդրումներից:

Պարոն Ազիզյանն ասաց, որ ներդրումային ակումբի ձեւավորումը վարչապետի` Մոսկվա այցելության ընթացքում է եղել. «Այդ ներդրումային ակումբում ընդգրկված են բավականին ճանաչված եւ խոշոր բիզնեսմեններ Ռուսաստանից, որոնք որ այս մեխանիզմով կիրականացնեն ներդրումները»:

Մանրամասները` տեսանյութում

Հովհաննես Ազիզյանը ներկայացրեց, թե այս վեց ամիսների ընթացքում քանի ներդրումային ծրագիր է հաստատվել: Ըստ փոխնախարարի, այս տարի կկատարվի 471.6 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչի արդյունքում կբացվի 6215 նոր աշխատատեղ: Մինչ օրս իրականացվել է շուրջ 63,5 միլիոն դոլարի ներդրում եւ ստեղծվել է 1807 աշխատատեղ` թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության, ջերմոցային տնտեսության ոլորտներում:

Հովհաննես Ազիզյանը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին ներդրումների հոսք կլինի դեպի մեր երկիր, քանի որ կառավարությունն ամեն ինչ անում է՝ սկսած օրենսդրության բարեփոխումից, ներդրումային դաշտը բարելավելուց:

Մեր այն հարցին, թե ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի պատասխանատուների հայտարարությունից հետո` թե առաջիկայում պլանավորում է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մեր տնտեսագետները կանխատեսում արեցին, որ այդ պարագայում ներդրումները կհոսեն ԱՄՆ, քանի որ նրանց համար կստեղծվի առավել բարենպաստ պայմաններ, պարոն Ազիզյանը պատասխանեց, որ զարգացող երկրներում շահութաբերության մակարդակը շատ ավելի բարձր է, քան զարգացած երկրներում. «Այդ տեսանկյունից ներդրումները ման են գալիս այն տեղը, որը ապահովված նվազ եկամուտ է ապահովում, մյուս կողմից այնտեղ, որտեղ կարող են ներդրումներ իրականացնեն եւ շահութաբերության ավելի բարձր մակարդակ ունենան»:

Հարցին, թե ի՞նչ է անում Վրաստանը, որ Հայաստանն այդպես էլ չի կարողանում անել ներդրողներ բերելու առումով` հաշվի առնելով, որ դեպի Վրաստան ներդրումների հոսքը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի ներդրումներին, Հովհաննես Ազիզյանը պատասխանեց, որ Վրաստանում հիմնական ներդրողները Թուրքիայից ու Ադրբեջանից են, Հայաստանում` Ռուսաստանից եւ ՌԴ-ում ստեղծված տնտեսական վատ իրավիճակով էլ պայմանավորված, ներդրումները նվազել են: Հ. Ազիզյանի տվյալներով, Վրաստանում 3 անգամ ներդրումները ավել են եղել:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Սյունիքի ազատ տնտեսական գոտու կազմակերպչի միջեւ ստորագրվեց պայմանագիր: Հոկտեմբեր ամսին արդեն ազատ տնտեսական այս գոտին կսկսի գործել: Առաջիկա տարիներին այս գոտու կազմակերպիչը մտադիր է ներդնել 300 միլիոն դոլար եւ բացել 2500 աշխատատեղ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930