Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը միշտ էլ ենթարկվում է կիբերհարձակումների» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2017 15:35

«Կիբերհարձակումներ միշտ էլ լինում են, բայց Հայաստանը պատրաստ է այդ հարձակումներին»,-ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` պատասխանելով հարցին, թե ինչ հաճախականությամբ է մեր երկիրը ենթարկվում կիբերհարձակումների եւ որքան տնտեսական վնասներ ենք կրել այդ հանցագործության պատճառով:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանը նյութական վնասներ գրեթե գրեթե չի կրել:

Պարոն Ենգիբարյանն ասաց, որ այս տարի ԱրմԹեք-2017 ամենամյա գործարար համաժողովը, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին` Երեւանում, նվիրված կլինի կիբերանվտանգության խնդիրներին: Ըստ նրա, ոլորտն արագ զարգացող է եւ այսպիսի համաժողովները նպաստում են արագ լուծումներ գտնելուն: Համաժողովին կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի ընկերություններ:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան մեր երկրում կիբերանվտանգության ոլորտում, պարոն Ենգիբարյանը պատասխանեց, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներով կառավարվում են բանկեր, ռազմավարական օբյեկտներ, ավտոմեքենաներ, ինչն իր հետ բերել է բավականին լուրջ կիբերանվտանգության խնդիրներ:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ ոլորտի մասնագետների, այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կա 500-ից ավելի ձեռնարկություն, 15 հազար մասնագետներով եւ ոլորտի շրջանառությունը կազմում է 600 միլիոն:

Aravot.am-ը Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե մասնագետների արտահոսքի առումով ոլորտում ինչ վիճակ է եւ արդյոք նախկին տարիների պես բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը շարունակվում է:
Պարոն նախարարն ասաց, որ արտահոսքը բոլոր երկրներից էլ կա. «Չի կարելի կենտրոնանալ միայն Հայաստանից արտահոսքի վրա, այսօր դա ե’ւ դրական ե’ւ բացասական կարելի է գնահատել: Դրական` կարողանում ենք ունենալ այնպիսի մասնագետներ, որոնց կարիքը զգում են միջազգային կազմակերպությունները»:

Ասուլիսին ներկա «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը պատասխանելով նույն հարցին, ասաց, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բավական կրճատվել է արտահոսքը:

Պարոն Մուսայելյանը ցավով նշեց, որ ընկերությունների մեջ մասնագետ տանելու ոչ վայել կեցվածք կա. «Ընկերություններ կան, որոնք կրթության բնագավառում, որակական պատրաստման բնագավառում շատ մեծ ներդրումներ են անում կադրերի պատրաստման եւ այն ընկերությունը, որը ոչ մի ներդրում չի անում, մի քիչ ավել աշխատավարձ տալով այդ աշխատակիցներին տանում է»:

Բագրատ Ենգիբարյանի խոսքով, հիմի մտածում են ինչպես պայքարեն ոչ թե արտահոսքի դեմ, այլ` խթանեն ներհոսքը:

Նախարարից հետաքրքրվեցինք նաեւ, թե այս ոլորտում որքան ներդրում է արվել: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ներդրումները հիմնականում աշխատատեղերի տեսքով են, աշխատավարձեր վճարելով: Հարցին, թե մեկ տարվա ընթացքում որքան աշխատատեղ է ստեղծվել, նախարարը պատասխանեց, որ աշխատատեղերը մինչեւ 10 տոկոս աճել են, իսկ վերջին 7 ամիսներին տնտեսությունում այս ոլորտի աճը կազմել է 35 տոկոս:

Մանրամասները` տեսանյութում      

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930