Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանափակող գլխավոր խաղացողն ու սահմանափակվող գործիքը

Հունվար 30,2018 10:08 Share

Թուրքիայի նախագահը միայն օրեր առաջ բացատրելով «Ձիթենու ճյուղ» զինվորական ներխուժման նպատակը հայտարարում էր, «Մանբիջը պիտի ձերբազատենք ահաբեկիչներից… որովհետեւ նրանք այդ տարածքի իսկական տերերը չեն. իսկական տերերը մեր արաբ եղբայրներն են: Մեր գործողությունները պիտի շարունակենք ու հասնենք մինչեւ իրաքյան սահման` վնասազերծելու համար բոլոր ահաբեկիչներին»։

Միայն օրեր հետո` Թուրքիայի կառավարությունը հաղորդում էր, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սահմանափակ է եւ դրա թիրախը Աֆրինի շրջանում գտնվող ահաբեկիչներն են:

Անկարայի կողմից իբրեւ թե Սիրիան ահաբեկչազերծելու քաղաքականությամբ արդարացվող ներխուժումը էությունը եւ ուղղությունը սկսել է փոխել երեւութապես: Իսլամական ջիհադի, ահաբեկչազերծման, քրդական գործոնի չեզոքացման դրոշների ներքո պատերազմ մղելով Անկարան ըստ էության իր հին հանկերգն է, որը փորձում է իրականության վերածել: Անվտանգության գոտիների ստեղծման Անկարայի ծրագիրը, որը մերժվում էր միջազգային համաժողովների, հիմա գետնի վրա առարկայացման հանգրվաններ է արձանագրում։

Անվտանգության գոտու սահմանագծումը հեշտ չի ընթացել: Որքան էլ համաձայնեցված եւ թույլատրված ներխուժում լիներ դեպի Աֆրին թուրքական զորքերի տեղաշարժը, այնուամենայնիվ որոշ գոտիներում մի քայլ առաջ երկու քայլ հետ տեղապտույտները տեսանելի են դառնում:

Սահմանափակումը, որի մասին ակնարկություն է անում պաշտոնական Անկարան, խորքում թուրքական ուժերին պարտադրված սահմանափակում է: Քրդական զինյալ խմբավորումները այնքան չպիտի չեզոքացվեն, որ Անկարան կարողանա իր առաջադրած գոտիները վերահսկողության տակ առնել: Միաժամանակ սակայն, Սիրիայի տարածքում քրդերի աշխարհագրական միավորումը չպիտի կայանա, որպեսզի իրողապես ինքնավար իրավիճակը նոր միտումներ չպարզի:

Ուժերի հավասարակշռման այս խաղի կանոնները որոշ առումով թելադրում է գլխավոր խաղացող Ռուսաստանը, որը ահա ստանձնել է միջնորդությունը քրդական ուժեր-Դամասկոս բանակցությունների գործընթացում:

Այդ բանակցությունները նպատակադրում են Աֆրինի վերահսկողությունը հանձնել պաշտոնական Դամասկոսին:

Եթե դա իրականանա, ինչպե՞ս կմեկնաբանվի մինչ այդ պատահածը: Անկարան կանաչ լույս է ստանում Մոսկվայից սկսելու ներխուժման գործողությունը: Համեմատաբար արագ ներխուժմանը հաջորդում են լուրջ դիմադրություններ: Վերագրավվում են դիրքեր, որոնք քրդերը կորցրել էին: Քուրդ-թուրք պատերազմը որոշ տեղեր կերպարանափոխվում է եւ վերածվում կառավարական եւ դրանց հենած ժողովրդային ուժերի եւ սիրիական ընդդիմադիր ուժերի միջեւ ընդհարումների:Կտրուկ կշռույթներով երկու ուղղություններով էլ գրավում են, կորցնում եւ վերագրավում կարեւոր դիրքեր:

Այս բոլորին զուգահեռ միայն օրերի տարբերությամբ թուրքական հոխորտանքները մինչեւ իրաքյան սահմաններ ներխուժում ծավալելու կվերածվեն սահմանափակվելու որոշումների: Մինչ, քաղաքական բանակցային գործընթացը թե Աֆրինի ճակատագիրը ճշտելու տեղական առումով եւ թե Սոչիի բանակցությունները դարձյալ գլխավոր միջնորդի նախաձեռնությամբ Սիրիայի հանգուցալուծման ուղիները ճշտելու տեղի կունենան միեւնույն օրերին:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031