ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը վտահեցնում է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն՝ որպես կոալիցիոն գործընկերներ ստանձնել են պարտավորություն իրավիճակ փոխել, թանկացումների պատճառով ստեղծված իրավիճակը բարելավել:
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված քննարկմանը պարոն Պարսյանը ներկայացրեց «Դիզելային վառելիքի և բենզինի շուկայում առկա հիմնախնդիրների վերաբերյալ» ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կատարած ուսումնասիրությունները և որոշ առաջարկություններ հայտնեց:
Նա վստահեցրեց. «Եթե տնտեսական և հակամենաշնորհային քաղաքականությունը մնա նույնը, կունենանք հասարակության անվստահություն և եկամուտների անարդարացի բաշխում»: Ըստ նրա՝ Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական նշանակության ապրանքների մեծածախ վաճառքի առավել ադյունավետ տարբերակ է էլեկտրոնային հարթակների միջոցով իրականացումը, որը թափանցիկ և մրցակցային է դարձնում իրավիճակը:
Անդրադառնալով ՀՅԴ-ի առաջարկություններին՝ պարոն Պարսյանը թվարկեց՝ խստացնել այս ապրանքային շուկայում հարկային վարչարարությունը, միջազգային հայտնի կորպորացիաների մուտքն ապահովել ՀՀ շուկա:
Մյուս առաջարկությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին է վերաբերում: Սուրեն Պարսյանը մանրամասնեց. «Առաջարկությունն այն է, որ մենք հնարավոր ենք համարում, որ այս հանձնաժողովի ձևավորմանը մասնակցի նաև խորհրդարանական ընդդիմությունը, ինչը բխում է նաև ՀՅԴ յոթ կետերից: Երբ հանրությունը տեսնի, որ այս հանձնաժողովը զուտ իշխանական չէ, կբարձրանա նրա նկատմամբ վստահությունն ու անկախությունը»:
Սուրեն Պարսյանը վստահեցրեց՝ հակամենաշնորհային քաղաքականությունը շարունակելու է մնալ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության կարևոր կետերից մեկը. «ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստանձնել են այդ պարտավորություններ, որ իրավիճակ փոխեն: Այստեղ կարևոր է, որ սոցիալական քաղաքականությանը համահունչ տեղի ունենա նաև տնտեսական և հարկային քաղաքականության հետ միասին: Պտուղները շուտով կտեսնեք՝ ելնելով խորհրդարանական լսումներից: Ձևավորվել է առաջարկությունների փաթեթ, որը քննարկվելու է կառավարության, նախագահի, կոալիցիոն գործընկերների մասնակցությամբ: Մյուս շաբաթ հանդիպում ենք ունենալու ՏՄՊՊ հանձնաժողովի հետ, որտեղ առաջարկությոնները կքննարկվեն, և կհասկանանք մեխանիզմները»:
Պարոն Պարսյանը վստահեցրեց՝ խնդիր չկա որևէ խնդիր թաքցնելու, իրավիճակը կեղծելու: Հարցին՝ ի վերջո խնդիրը կլուծվի փողոցո՞ւմ, թե՞ մասնագիտական շրջանակներում, Սուրեն Պարսյանն այսպես պատասխանեց. «Այս խնդիրն ըստ էության երկուսի համադրմամբ կկարգավորվի: Հանրության ճնշման պարագայում անկախ ամեն ինչից իշխանությունը մոբիլիզացնում է իր ուժերը և ավելի արագ ու կտրուկ քայլերի գնում: Բայց միայն փողոցի պայքարի միջոցով չեն կարող լուծվել: Իրականում հանրության դժգոհություն կա և եթե այն ժամանակ առ ժամանակ ի հայտ է գալիս ապրանքների գների բարձրացման դեպքում, լուծումներ են պետք գտնել մասնագիտական քննարկումների միջոցով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան Տապան»-ի


















































