Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատասխան Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորի պատվիրած զրպարտախառն հոդվածի

Մայիս 23,2018 19:55

«Առավոտ» էլեկտրոնային օրաթերթում այսօր տպագրվել է ինձ վարկաբեկող և ապատեղեկատվություն տարածող հոդված, որի հեղինակին ես չեմ ճանաչում և ենթադրում եմ, որ ընդամենը պատվեր է: Ակնհայտ երևում է, որ պատվիրատուն, ինչպես նաև պատվեր կատարողը բացարձակ կապ չունեն բարձրագույն կրթության հետ: Միայն անգրագետը կարող է հայտարարել, որ ուսանողների քանակն ուղիղ համեմատական պետք է լինի լսարանային ժամերի քանակին:

Ըստ պատվիրատուի, եթե 2012 թվականին «Մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսում սովորել է 30 ուսանող և, ուսումնական պլանին համապատասխան, տրամադրվել է 900 ժամ լսարանային ծանրաբեռնվածություն, ապա 2016 թվականին նույն մասնագիտությամբ առաջին կուրսում սովորող 10 ուսանողին պետք է տրամադրել 300 ժամ, քանի որ երեք անգամ պակասել է ուսանողների քանակը: Վերջապես հասկացեք, որ գոյություն ունեն գիտական խորհրդի կողմից հաստատված ուսումնական պլաններ, որոնք, անկախ ուսանողների քանակից, պետք է իրականացվեն, ավելին՝ տարեցտարի ավելանում է կրթական ծրագրերի քանակը:

2015 թվականին ԿԳ նախարարության կողմից իրականացրած աուդիտը բուհում մեկ ամիս ուսումնասիրություն կատարելուց հետո չի արձանագրել անգամ որևէ խախտում ուսումնական պլաններից, դասաբաշխումներից և դասաբաշխումների հիման վրա կատարված ֆինանսական վճարումներից: Բոլոր փաստաթղթերը գտնվում են համալսարանում. կարող եք դիմել ԿԳ նախարարությանը և իրավապահ մարմիններին՝ ուսումնասիրություն անցկացնելու համար, իսկ ես պատասխանատու եմ ամեն մի տառի համար:

Չնայած, ընդհանարապես կապ չեմ ունեցել հաշվապահական գործունեության հետ, սակայն բերված փաստաթղթից ևս երևում է, որ պատվիրատուն կապ չունի բարձրագույն կրթության և տարիների ընթացքում համակարգի փոփոխման հետ: Ֆինանսական վերլուծություն իրականացնում են տարեկան կտրվածքով, իսկ թե ինչու են նախահաշիվն ու փաստացի մուտքերը տարբեր, նախ պետք է հասկանալ, թե քանի ուսանող էին այդ տարիներին միանգամից զորակոչվում ՀՀ Ազգային բանակ, ոչ թե նայել զուտ ընդունվածների քանակին: Պետք է պատկերացնել ուսանողների շարժը, պետք է գիտակցել, որ դեբիտորական պարտքերի մուծումներն են ավելցուկի պատճառը և այլն:

Բազմիցս հայտարարել ենք, որ 2016 թվականին Ս. Մինասյանին հանձնվել է հավատարմագրված բուհ, 500.000.000 ՀՀ դրամից (հինգ հարյուր միլիոն) ավելի ունեցող կայուն բյուջե: Պատահականություններն ու պատվիրատուն իրավունք չունեն գնահատական տալու կատարված աշխատանքին, երբ ընդհանրապես կապ չունեն բարձրագույն կրթության կառավարման հետ:

Ներկայացվել է ուսանողուհու ձեռագիր նամակ, որը կապ չունի տվյալ ուսանողուհու ձեռագրի հետ: Ինձ թվում է, որ սա պետք է պետք է պարզեն իրավապահ մարմինները: Պատվիրատուն կամաց-կամաց ցույց է տալիս այն մշակույթը, որը բերել է բուհ և որով պարծենում էր. հավաքագրել կոմպրոմատներ, զրպարտություններ, բանսարկություններ, որոնք փորձում է օգտագործել մարդկանց դեմ: Այո, նամակի «հեղինակ» Անի Սարգսյանը մոտեցել է ինձ, որպես պրոռեկտորի, 2015 թվականի սեպտեմբերին և մեկնաբանել, որ ինքը պետք է ընդունվեր մագիստրատուրա «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ» մասնագիտությամբ պետպատվեր համակարգ, սակայն պարզվում է, որ ընդունվել է վճարովի համակարգ, ավելին՝ անվճարունակ է և դուրս է գալու բուհից: Խնդրին ծանոթանալով՝ անմիջապես դիմել եմ նախկին ռեկտոր պարոն Վ. Գրիգորյանին:

Պարզվեց, որ Անի Սարգսյանը չի դիմել մագիստրատուրայի առաջին փուլի պետպատվեր մրցույթին մասնակցելու համար (2015 թվականի հունիս ), այլ դիմել է երկրորդ փուլի վճարովի մրցույթին (հուլիս-օգոստոս) և ընդունվել է վճարովի համակարգ (փաստաթղթերն առկա են բուհում): Բնականաբար, ուսանողուհին պնդում էր, որ մրցույթի ժամկետների մասին ֆակուլտետում սխալ են իրազեկել: Պարոն Գրիգորյանի կողմից հանձնարարվեց, որ ուսանողուհին հետ չվերցնի փաստաթղթերը, իսկ վարձավճարի համար կփորձենք գտնել բարերարներ: Երկրորդ կուրսում ուսանողուհին սովորել է պետպատվեր համակարգում, իսկ իր փոխարեն ցածր միավորներով ընդունված տղան համակարգը լքել է առաջին կուրսից դեռևս 2015 թվականի հոկտեմբերին (փաստերն առկա են բուհում): Խնդիրը պարոն Մինասյանին ներկայացվել է իմ իսկ կողմից, և այսօր որպես գործիք փորձ է արվում օգտագործել իմ դեմ: Սա էլ պարոն Մինասյանի բերած մշակույթը, որն անընդհատ բարձրաձայնվում է:

Պարոն պատվիրատու, որքան առաջ եք գնում, այնքան ավելի եք թաղվում ձեր իսկ ստեղծած կեղծ խնդիրների մեջ: Դադարեցրե՛ք ապատեղեկատվություն տարածելը և մարդկանց հասցրած բարոյական վնասի համար փորձեք ապաշխարել:

Անահիտ Ֆարմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031