Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական ճշմարտությունները պետք է տարածել 500, թե՞ 5000 օրինակով

Հուլիս 06,2018 23:01

Ազգությամբ բաշկիր քաղաքական գործիչ, սենատոր, Ռուսաստանի Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆաիլ Զինուրովը Հայաստանի այն բարեկամներից է, որն ինքաբուխ կերպով է սիրահարվել հայ ժողովրդի պատմությանը, սիրահարվել է ու որոշել ՝ գիտական հենքի վրա ուսումնասիրել և ներկայացնել հայոց պատմությունը:

Իրավաբանական գիտությունների թեկնածու Զինուրովը հրաշալի գրում և խոսում է հայերեն ու արդեն չորրորդ աշխատությունն է լույս ընծայում հայոց պատմության մասին, որի շնորհանդեսը կայացավ Մոսկվայում՝ «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում:

Զինուրովի առաջին եռահատորյակը կրում է «Հայաստանի հազարամյակների ճանապարհը» անվանումը: Այդ ծավալուն աշխատության մեջ հեղինակը ընթերցողին է ներկայացնում հայոց պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր, բայց չափածո ժանրում: Դա իրականում մի հրաշալի պոեմ է, որտեղ հայոց պատմության հազարամյա ճանապարհը ընթերցողը անցնում է հանգավորված ու մեղեդայնային տրամադրությամբ:

Զինուրովի նոր աշխատանքը գիտական մենագրություն է, որը կոչվում է «Ակնարկներ Հայաստանի նոր և նորագույն պատմության մասին՝ ռուսալեզու պատմագրության մեջ»: Գիտական աշխատությունը, որը կատարվել է 300-ից ավել աղբյուրների ուսումնասիրության հիման վրա, մանրամասն ու հանրամատչելի լեզվով ներկայացնում է, թե ինչ պատկեր ունի հայոց պատմության առկայությունը ռուսալեզու գիտական օլիմպոսում՝ սկսած 18-րդ դարից մինչև մեր օրերը:

Աշխատության յուրօրինակ ու անվիճելիորեն բարձր արժեք ներկայացնող գլուխներից են հայկական հարցին, հայոց ցեղասպանությանը, սփյուռքին առնչվող ուսումնասիրությունները, ինչպես նաև հայոց պատմությունը թուրք-ադրբեջանցի մասնագետների կողմից խեղաթյուրելուն ուղղված քայլերը, դրանց բացահայտումն ու հանրայնացումը:

Ահա այս վերջին գլխի շուրջ էլ բուռն երկխոսություն ընթացավ շնորհանդեսին ներկա հայ և ռուս գիտնականների, քաղաքագետների և լրագրողների միջև:

Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ Հայաստանը գտնվում է թեժ տեղեկատվական պատերազմի մեջ արդեն երկար տարիներ շարունակ և հակառակորդ կողմը ջանք չի խնայում այդ հակամարտության մեջ առաջատար դիրք գրավելու համար: Զինուրովի աշխատությունը այն գործիքներից է, որը լուրջ դեր կարող է խաղալ այդ տեղեկատվական պատերազմում, քանի որ ինֆորմացիոն հակամարտությունը հնարավոր է տանուլ տալ, եթե չկա պատմական ճշմարտության լայն ու համակարգված տարածում, փաստում էին ներկաները:

Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւն իր խոսքում նշեց, որ այսօր չափազանց կարևոր է նման աշխատությունների և նյութերի լայն տարածումը, քանզի մենք ապրելով սոցիալական ցանցերի գերազդեցիկ ժամանակահատվածում, հաճախ նկատում ենք, թե ինչ արագությամբ ու հմտությամբ է տարածվում ինֆորմացիա, որը ոչ մի աղերս չունի իրականության հետ և, թե հաճախ ինչ ցավոտ է ընկալում ու հակադարձում լսարանը նմանատիպ տեղեկատվական հոսքերին: Դրա ականատեսը եղանք նաև վերջին հայաստանյան իրադարձությունների ժամանակ, նշում է Արեշեւը, պնդելով, որ հայկական կողմը միշտ կարծել ու կարծում է, որ անելիք չունի տեղեկատվական ոլորտում և պատմական իրողությունները ինքնուրույն ճանապարհ կհարթեն, սակայն, դա այդպես չէ:

«Դիալոգի» նախագահ Յուրի Նավոյանն էլ ընդգծեց, որ տպավորություն է, թե մեր հասարակությունը ավելի հակված է բացասական տեղեկատվության ընկալմանը, քան դրական: Մենք չենք սովորել դեռևս դրական կոնտենտի ստեղծմանն ու տարածմանը, ասում է Նավոյանը, եթե ինչ-որ ռուս մասնագետ ինչ-որ պրոադրբեջանական միտք է արտահայտում, մենք անմիջապես կենտրոնանում ենք դրա շուրջ և աչքաթող անում լուրջ հայամետ գործիչներին, չնայած, ըստ նրա, Զինուրովը հայամետ կամ ռուսամետ չի, նա գիտնական է, որը փաստերով է խոսում հայոց պատմության մասին: Բացի դա, խոսելով քարոզչության նշանակության մասին, Նավոյանը մատնանշեց, որ, օրինակ, շնորհանդեսին ներկա չեն հայկական ներկայացուցչությունները և Մոսկվայում հավատարմագրված հայկական լրատվամիջոցները, որոնք հիշյալ գործընթացում չափազանց կարևոր առաքելություն ունեն, սակայն, հաճախ հրապուրվում են թեթև բնույթի միջոցառումների լուսաբանմամբ, քան լուրջ թեմաներով:

Շնորհանդեսին ներկա լրագրող Էդուարդ Սախինովը շարունակելով միտքը ընդգծեց, որ հաճախ է ներկա լինում ադրբեջանական համայնքային միջոցառումների՝ օրինակ բերելով, որ նրանք ոչինչ չեն խնայում լրագրողներին ու այլ մասնագետներին իրենց կողմը գրավելու համար և բոլորովին վերջերս էլ հայոց ցեղասպանությունը հերքող ադրբեջանցի պատմագետի աշխատությունը ադրբեջանցիները տպագրել են 5000 օրինակով ու ակտիվ տարածում են ռուսալեզու ընթերցողի շրջանակներում, իսկ ահա Զինուրովի գիրքը միայն 500 օրինակ ունի:

Նշենք, որ Ռաֆաիլ Զինուրովը քաղաքական գործիչ և գիտնական լինելուց զատ, նաև քանդակում է և շուտով կունենա ցուցահանդես, որտեղ բազմաթիվ քանդակների շարքում ներկայացված կլինեն նաև Արշակ Երկրորդի, Պարույր Սկայորդու և Զեյթունի ապստամբության ժամանակ թնդանոթը սեփական մարմնով փակած ու հերոսացած Մարկոս Թաշյանի արձանները:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գոհար ՌՇՏՈՒՆՈՒ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031