Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած լուծումը հետևյալն է. ստեղծել հանձնաժողով, որը կտա երկու հարցի պատասխան՝ արդյո՞ք Ամուլսարի շահագործումը իսկապես կբերի ջրերի աղտոտմանը և կվտանգի Ջերմուկի՝ որպես առողջարանային և զբոսաշրջային քաղաքի բնականոն կենսագործունեությունը: Փաշինյանն ասում է, որ Ամուլսար իր այցը օգնեց հասկանալու, որ կառավարությունը պետք է գտնի այս երկու հարցերի պատասխանը: Բայց մի՞թե այս երկու հարցերի պատասխանից ինչ-որ բան փոխվում է, եթե անգամ այդ պատասխանները միանգամայն արդար են և օբյեկտիվ:
Ամենահավանական պատասխանը կարող է լինել այն, որ ոսկու հանքավայրի աշխատանքը հանգեցնելու է բնապահպանական աղետի՝ թունավորելով ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա ջրային պաշարները, իսկ Ջերմուկը առողջարանային քաղաքից վերածվելու է բնապահպանական աղետի գոտու, ինչպես օրինակ՝ Ալավերդին է կամ Քաջարանը: Ի՞նչ է, այդ դեպքում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները ենթակա՞ են վերանայման: Դժվար թե, որովհետև ցանկացած մետաղական հանքավայրի շահագործում իր հետ բերում է բնապահպանական ռիսկեր՝ լինի դա ԱՄՆ-ում, թե Չինաստանում: Խոշոր կորպորացիաների և հանքարդյունաբերողների համար չկա բնապահպանություն, մարդու առողջություն և նման այլ սենտիմենտալ հասկացություններ, այլ կա ֆինանսական հաշվարկ: Մարդկանց և բնությանը պատճառված վնասի, այսպես կոչված, փոխհատուցման գումարը ևս մտնում է այդ հաշվարկի մեջ:
Երբ նրանք Հայաստանի իշխանությունների հետ պայմանագիր են կնքել և ստացել են հանքավայրը շահագործելու թույլտվություն, բոլոր այդ հաշվարկները եղել են: Այնպես որ, եթե կառավարական հանձնաժողովը որոշի, որ բնապահպանության առումով հանքավայրի շահագործումը վտանգավոր է, միևնույն է՝ Հայաստանը պարտավորված է լինելու հայտնվել միջազգային արբիտրաժային դատարանում և վճարել «Լիդիանի» կորուստները:
Մյուս տարբերակն այն է, որ հանձնաժողովը կարող է որոշել, որ Ամուլսարի շահագործումը բնապահպանական աղետի չի հանգեցնի: Իհարկե, բնությանը որոշակի վնաս կպատճառվի, ի վերջո խաթարվելու է այն բնական միջավայրը, որը եղել է մինչև հանքի շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները սկսելը, բայց «Լիդիան Արմենիան» օգտագործելու է հանքաքարից ոսկու կորզման այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնի են հասցնելու բնապահպանական ռիսկերը: Այնպես որ, հանքավայրի հարակից գյուղերի բնակիչների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում, իսկ Ջերմուկը կարող է զարգանալ որպես առողջարանային և զբոսաշրջային քաղաք: Այդ դեպքում կառավարությունը պետք է կոչով դիմի բնապահպաններին և ցուցարարներին՝ դադարեցնել բողոքի գործողությունները և թույլ տալ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակի հանքավայրի շահագործումը:
Այս տարբերակը ևս համոզիչ չի թվում, որովհետև հանքավայրի շահագործման անվտանգ լինելու մասին եզրակացությունը չի կարող բավարարել ո՛չ բնապահպաններին, ո՛չ էլ շրջակա բնակավայրերի բնակչությանը, ովքեր համոզված են հակառակում, և ոչ մի հանձնաժողովի եզրակացություն նրանց դիրքորոշումը չի փոխի: Նման որոշումը կբերի նրան, որ ցուցարարները անվստահությամբ կլցվեն կառավարության նկատմամբ, և կառավարությունը ստիպած կլինի գնալ բռնության, հանքավայր տանող ճանապարհները բացելու է՝ «Լիդիանի» համար գործունեության անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար, միայն թե ձեռքի տակ ունենալով հանձնաժողովի եզրակացությունը:
Այնպես որ, Ամուլսարի հանքավայրի շահագործումը իսկապես բնապահպանական հարց չէ, այլ զուտ քաղաքական: Կառավարությունը պետք է քաղաքական որոշում կայացնի՝ ճնշե՞լ մի քանի հարյուր բողոքավորների և ապահովել հանքավայրի շահագործումը, թե՞ բավարարել ցուցարարների պահանջը, դադարեցնել հանքավայրի շահագործումը և մի քանի հարյուր միլիոնի տուգանք վճարել: Հնարավոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ չունի այս հարցի պատասխանը, և հանձնաժողով ստեղծելը ժամանակ շահելու նպատակ ունի, մինչև որ կկարողանա կողմնորոշվել:
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում



















































ԱՄՈԻԼՍԱՐԻ ՀԱՆՔԱՔԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՃԱՌՎԵԼ ՈՐՊԵՍ ՀՈԻՄՔ ՏԵՂՈԻՄ ՉՄՇԱԿԵԼՈԻ ՈԻ ԲՆՈԻԹՅՈԻՆԸ ՉԱՂՏՈՏԵԼՈԻ ՀԱՄԱՐ!! ՍԱ ԵՎՍ ՏԱՐԲԵՐԱԿ Է ՊՐՈԲԼԵՄԻ ԼՈԻԾՄԱՆ․ ԵԹԵ ԻՀԱՐԿԵ ՏՆՏԵՍԱՊԵՍ ԱՐԴԱՐԱՑՎԻ!