Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

Օգոստոս 24,2026 16:03 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանը

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Նախագահի հարգելի՛ տեղակալներ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության հարգելի՛ անդամներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ 1990 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու և այս ընկալումն արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամբ։

Իրական Հայաստանի գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունն իր միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր, ինչպես ժամանակակից կյանքում ընդունված է ասել՝ էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։ Հենց այսպիսի պետության ու տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին և այս տեսլականն է, որ անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։

Եվ այսպիսով կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է։ Այն, որ հենց խաղաղ կյանքի պետությունն է մեր ժողովրդի ակնկալիքը, ինձ համար ակնհայտ է դառնում Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությամբ։ 2021 թվականին, օրինակ, այն պայմաններում, երբ ընդդիմությունը զարգացնում էր «պարտված իշխանությունը պետք է հեռանա» թեզը, ժողովուրդը վստահության քվե տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Մինչդեռ, 1994 թվականից ի վեր պատերազմում հաղթանակի թեզով կամ որպես հաղթական առաջնորդ հանդես եկած նախկին նախագահներից որևէ մեկն ընտրություններում չի ստացել ժողովրդի վստահության մանդատը և ստիպված է եղել բռնազավթել իշխանությունը կեղծիքների, ուժի կիրառման և/կամ սպանությունների ու ահաբեկումների միջոցով։ Այդպիսի մի փորձ էր, որ 2018 թվականին պսակվեց հեղափոխությամբ։ Այս ամենը մեկ բանի նշան է, որ մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է և առանց այս փաստի հետ առերեսվելու հնարավոր չէ ունենալ իրապես անկախ պետություն, որտեղ կարելի լինի ազատ, անվտանգ և բարեկեցիկ կյանքը։

Այնուամենայնիվ, ինչպես հաճախ պատահել է մեր պատմության մեջ, ժողովրդի այդ ձգտումները քաղաքական ձևակերպում չեն ստացել, որովհետև մեր պատմական ավանդույթը, հոգևոր քաղաքական վերնախավերից ժողովրդին գաղափարներ պարտադրելն է և ոչ թե ժողովրդի ցանկություններից ու ձգտումներից քաղաքական գաղափարներ ու հայացքներ դուրս բերելը։ Եվ այս ավանդույթը շարունակվել է մինչև 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը։ Հեղափոխության առանցքային արդյունքը պիտի լիներ այն, որ քաղաքականությունների ու քաղաքական հայեցակարգերի ձևավորման վրա ժողովրդի ազդեցությունը մեծանար։ Այս երևույթը նախ՝ ինտուիտիվ արտահայտություններ գտավ, ապա և ավելի ու ավելի հաստատուն և համակարգված տեսք ստացավ, և այսօր այստեղ տեղի ունեցողը հենց դրա արտահայտությունն է։

Եվ հետևաբար, ինձ համար մեծ պատիվ է Ազգային ժողովից ներկայացնել Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, որով թևակոխում ենք Չորրորդ Հանրապետություն։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Կառավարության ծրագիրը, որը հիմնված է Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Ինձ համար մեծ պատիվ է Կառավարության ծրագրի ներկայացման այս առիթով վերահաստատել իմ, Կառավարության և կառավարող մեծամասնության նվիրվածությունը 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրակարգին, որը 2026-2031 թվականներին պետք է հասնի իր լրումին։

Իսկ ո՞րն է հեղափոխության օրակարգը՝ արդարության միջավայրի հաստատումը, անպատժելիության և օլիգարխիայի բացառումը, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը և ժողովրդին, հանրային լայն հնչեղության հանցագործությունների բացահայտումը և մեղավորներին պատասխանատվության կանչելը, կոռուպցիայից զերծ պետության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկ և մասնակցային կառավարումը։ Այս բոլոր ուղղություններով 2018 թվականից ի վեր Հայաստանում էական զարգացումներ են տեղի ունեցել, բայց, այնուամենայնիվ, այդ օրակարգն անկատար է մնացել երկու հիմնական պատճառով։ Պատճառներից մեկն այն է,  որ ՔՈՎԻԴ-ի համաճարակից ի վեր Հայաստանի ղեկավարումը ստանձնած հեղափոխական թիմը ստիպված է եղել զբաղվել ճգնաժամային կառավարմամբ, և նրա ուշադրության և էներգիայի մեծ մասը կենտրոնացած են եղել հենց ճգնաժամային օրակարգերի վրա։

Երկրորդ և ոչ պակաս կարևոր պատճառն արտաքին և ներքին զարտուղի ազդեցություններն են մեր երկրի ինստիտուտների և նրանց գործունեության վրա։ Բայց ի հեճուկս այս ամենի, մենք ի վիճակի ենք եղել իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք վստահություն են տալիս, որ ի վերջո, հեղափոխության կիսատ մնացած օրակարգը լրումին կհասնի, որովհետև այդ օրակարգի իրացումն ընթանում է ամբողջ ծավալով, այսօր է ընթանում։

Ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձի համակարգն արդեն իսկ գործում է լիարժեք կերպով։ Պետական և համայնքային շահերի պաշտպանության համակարգին զուգահեռ արդեն իսկ շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ են վերադարձվել պետությանը։ Սրանից բացի, Հայաստանի Հանրապետությունը մասնաբաժին ուզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Ամուլսարի նախագծում, «Վիվա Արմենիա»–ում։ Հազարավոր հեկտարներով հողեր, որոնք դե յուրե կամ դե ֆակտո ապօրինի կերպով սեփականաշնորհված էին, վերադարձվել են համայնքներին և Կառավարությանը, այդ թվում՝ բանակցությունների միջոցով։ Էլ չեմ ասում այն փաստի մասին, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ 2025 թվականի արդյունքներով ավելի քան կրկնապատկվել են, և այդ մուտքերի մեջ, բացի տնտեսական աճը, էական դեր ունի ստվերի կրճատումը, որտեղ գեներացված ահռելի միջոցներ պետական բյուջեի փոխարեն հեղափոխությունից առաջ հոսում էին բոլորիս հայտնի մարդկանց գրպանները։

Կառավարության 2026–2031 թվականների գործունեության ծրագրում արձանագրված է մինչև 2031 թվականը շուրջ 2 միլիարդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույքի պետությանը վերադարձնելու հրամայականը, և այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում ՀԷՑ-ի, «Արարատ ցեմենտ»–ի, Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ՝ վստահություն են տալիս, որ այս խնդիրն ի վերջո կլուծվի՝ ընդգրկելով ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի մեծ շրջանակ։ Այս գործընթացը, ի դեպ, կարևոր է ոչ միայն նախորդող շրջանի կոռուպցիայի հետևանքները վերացնելու, այլև կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայից զերծ պետության տեսլականն իրագործելու համար։ Այսօր գործող ցանկացած պաշտոնյա, Կառավարության անդամ, թե պատգամավոր, համայնքի ղեկավար, թե հիմնարկի տնօրեն, ովքեր իրենց աչքի առաջ կունենան կոռուպցիոն գայթակղություններ ու կտրվեն այդ գայթակղությանը, պետք է վստահ լինեն, որ ապօրինի կերպով ձեռքբերված ոչ մի գույք չի մնալու իրենց և իրենց ընտանիքի անդամների տիրապետմանը։

Վերջին տարիներին Կառավարությունը բավարար ջանքեր է գործադրել դատաիրավական համակարգի բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման համար, և կարող ենք ակնկալիք ունենալ, որ Հայաստանի զարգացման ընթացքը շեղած հանցագործությունները բացահայտվեն և մեղավորները պատժվեն, արժանի պատիժ ստանան և որոշ պրոցեսներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների դատարանի որոշումները հույս են ներշնչում, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի։ Այս կենսական գործընթացի վիժեցման մեծագույն ռիսկը, ուզում եմ ուղիղ ասել իմ տպավորությունը, կապված է դատական համակարգի գործունեության հետ։ Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան։ Սրա պատճառը ոչ միայն այն է, որ դատական համակարգում լայնորեն գործում են նախկին վերնախավերի ընտանեկան կապերը, այստեղ մենք ունենք նաև ինստիտուցիոնալ խնդիր: Հայաստանի դատական համակարգը կաստայացված է և չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի և կրողի՝ ժողովրդի հետ:

Հայաստանում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, բայց գործում են դատական իշխանության գեներացման համակարգեր, որոնք ժողովրդից այնքան են հեռացված, որ, ըստ էության, նրա հետ ոչ մի կապ չունեն։ Հարցեր է հարուցում, մասնավորապես, դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում՝ իսկ ումի՞ց է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը: Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից և այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, առնվազն հարցեր է առաջացնում։ Այս տարօրինակ կառուցակարգը, որի մասին խոսեցի, մինչև օրս գործում է մի պարզ պատճառով։ Այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո և դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մի ճանապարհ կա՝ նոր Սահմանադրության ընդունումը, որով անհրաժեշտ է լուծել նաև Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը։ Այս փոփոխությունների արդյունքում` կոռումպացված շրջանակների արդարությունից ու արդարադատությունից խուսափելու հնարավորություններն էականորեն կկրճատվեն, եթե չասենք՝ գրեթե կբացառվեն։ Սա է պատճառը, որ այդ նույն շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում նոր Սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն՝ որպես օտարերկրյա, ավելի ճիշտ՝ ադրբեջանական օրակարգ ներկայացնելու համար։

Նախ պիտի արձանագրեմ, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռևս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը և հայտարարել դրա մասին, այլև հիմա։  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ի վերջո իր լեգիտիմ և ազատ կամարտահայտմամբ ընդունված Սահմանադրություն ունենալ և ազատ կամարտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ և ապրելու կանոններ։ Մյուս կողմից, հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում և նույնիսկ գործիքայնացնում է սահմանադրական բարեփոխումների թեման, և սա հանրահայտ փաստ է։

Բայց եթե սա նշանակում է, որ նոր Սահմանադրության հարցն ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ, եկեք հետ գնանք և նայենք Երրորդ Հանրապետության պատմությունը։  Այդ նույն տրամաբանությամբ՝ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել յոթ շրջանների վերադարձի թեման, այսինքն՝ Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել։ Եվ, ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, այն է՝ գործող երկու ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական՝ կամ առաջնորդները, պաշտպանները կամ ներկայացուցիչները, այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել։ Բա ինչո՞ւ են բանակցել։ Բա ինչո՞ւ են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ։ Ինչո՞ւ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով։ Միթե՞ այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչը։ Մանավանդ, որ նրանց մի մասը ծնվել և մեծացել է Ադրբեջանում։ Այս բնորոշումներն անում եմ՝ ցույց տալու համար, թե մեր մի շարք ընդդիմադիրների տրամաբանությունն ինչ անհեթեթ հետևությունների կարող է հանգեցնել։

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության տեքստին՝ այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990 թվականի անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչո՞ւ՝ մի պարզ պատճառով. մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը և ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։ Նոր Սահմանադրության մեջ հղում անել անկախության հռչակագրին՝ կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը։ Իսկ սա անել չենք կարող, առավել ևս՝ 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին, և խաղաղության օրակարգն այժմ այլևս համապետական օրակարգ է։

Ըստ այդմ, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը Կառավարության համար առաջնային օրակարգ է։ Այս ուղղությամբ առաջիկա կարևոր անելիքներից մեկը գետնի վրա TRIPP նախագծի իրագործումն է, որը բխում է Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, և որը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի կարևոր գործնական արդյունքներից մեկն է: TRIPP նախագիծը, որն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա՝ վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը: Հայաստանի շրջափակումը, ի դեպ, հիմա արդեն մասամբ հաղթահարված է, որովհետև 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Վրաստանի տարածքով բաց է Հայաստան ներմուծումների և Հայաստանից արտահանումների համար, իսկ Ախալքալաք-Կարս երկաթուղին, ինչպես տեղյակ եք, մայիսին բացվեց Հայաստանից արտահանումների և դեպի Հայաստան ներմուծումների համար։ Այժմ նաև Թուրքիայի ճանապարհներն են Վրաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար։ TRIPP նախագիծը, սակայն, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, ներառյալ՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը, նաև Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապը Սյունիքի մարզի հետ Նախջևանի տարածքով, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։

Ուզում եմ ընդգծել, որ նախագծի իրագործումը բացելու է նաև երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև Իրանի, Նախջևանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով, որը դարակազմիկ փոփոխություն է թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար: Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Պարսից ծոց-Սև ծով երկաթուղին TRIPP-ի հետ ուղիղ կապ չունի, այսինքն՝ այդ նախագծի մաս չէ, դրա վերաբացումը դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։ Ինչ վերաբերում է բուն TRIPP-ի երկաթուղային ենթակառուցվածքներին, ակնհայտ է, որ այն անցնելու է Նռնաձոր-Ագարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով` խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած մեզ բոլորիս հայտնի երկաթուղու ծրագծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և կենտրոնական Ասիայի հետ, և հասկանալի է, որ դրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու, հատկապես արևելքից արևմուտք։ Այդ բեռներն անխուսափելիորեն անցնելու են TRIP-ով՝ Նռնաձոր-Ագարակ, երկաթուղիով։

Հասկանալի է, որ Ագարակից բեռները մտնելու են Նախջևան և այստեղ է, որ մեզ համար ծագում է մի իրադրություն, որի կառավարումն էական նշանակություն ունի Հայաստանի համար։ Իսկ այդ իրադրությունը հետևյալն է՝ Խորհրդային ժամանակներում Նախջևանից երկաթուղին Արարատի մարզի Երասխ բնակավայրով մտել է Հայաստան և շարունակվել է մինչև Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայր, ապա և մտել Թուրքիա։ Ու մենք հիմա տեսնում ենք, որ միջազգային ներդրողները, ոգևորված լինելով TRIPP նախագծով և ներդրումներ անելու մեծ ախորժակ ունենալով, Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Փնտրում են սխեմա, որ բեռները Նռնաձոր-Ագարակ երկաթուղով Նախջևան մտնելուց հետո դեպի արևմուտք ընթացքը շարունակեն ոչ Հայաստանի երկաթուղով, այլ շրջանցեն Հայաստանի երկաթուղին։ Սա մեզ համար մեծ խնդիր է, որովհետև նման սցենարում Հայաստանը մեծ եկամուտներ, ներդրումներ, պոտենցիալ աշխատատեղեր, զարգացման հնարավորություններ է կորցնում։ Իսկ ինչո՞ւ են ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռք բերողներն ուզում խուսափել Երասխ-Ախուրիկ երկաթուղուց։ Մի պարզ պատճառով՝ երկաթուղու այդ հատվածը, թեև Հայաստանի լիարժեք սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո։ Իսկ Ռուսաստանի և արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել։ Այսինքն՝ նրանք համարում են, որ աշխատելով նման ենթակառուցվածքների հետ, ռիսկի են դիմում, մանավանդ, եթե հաշվի առնենք TRIPP-ով բեռնափոխադրումների ամենախոշոր հաճախորդները լինելու են այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ։

Հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի առնչություն և ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում։ Հասկանալի է, որ մենք խնդիր չունենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Սա մեզ համար որևէ խնդիր չի եղել, և մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել։ Ընդ որում, էլի ուզում եմ կրկնել, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, ու մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ։ Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը և նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով՝ հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։

Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի, կրկնում եմ՝ Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Ընդ որում, բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այս հանգամանքներում ավելի է ակտիվացել Թուրքիայի տարածքում Կարս-Դիլիջու, այսինքն՝ Կարսից Նախջևան երկաթուղու կառուցման ընթացքը։ Հասկանալի է, որ մենք չենք կարող արգելել կամ արգելակել այդ երկաթուղու կառուցումը և պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Երասխ-Ախուրիկ երկաթուղին պետք է մրցակցի Դիլիջու-Կարս երկաթուղու հետ, և սրա համար մենք պետք է հնարավորինս արագ Երասխ-Ախուրիկը բերենք մրցակցային լավ վիճակի և հետագայում էլ ապահովենք երկաթուղու կողմից ծառայությունների բարձր որակը և մրցունակ գինը։

Եվ ահա այս ամենի կարևորության գիտակցումն է, որ հանգեցրել է Կառավարության քննարկվող ծրագրի հետևյալ ձևակերպմանը, որը կարող եք գտնել ծրագրի չորրորդ բաժնում։ Մեջբերում եմ. «Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է»: Մենք շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ և Ռուսաստանի մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը։

Վերադառնալով TRIPP նախագծին՝ ընդգծեմ, որ այն ներառելու է ոչ միայն երկաթուղին, այլև խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Մեծ է հավանականությունը, որ էլեկտրահաղորդման գծերը կլինեն TRIPP–ի շրջանակներում գործարկված առաջին ենթակառուցվածքը, որովհետև նախ՝ տեխնիկապես համեմատաբար հեշտ է արագ ավարտին հասցնելը, և հետո՝ էլեկտրաէներգիայի աշխարհում աճող պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանից էլեկտրական էներգիայի արտահանման նախագծերին։

Ներկայումս TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում։ Ավարտական փուլում են TRIPP Development Company ընկերության հիմնադրման աշխատանքները։ Հիշեցնեմ, Հայաստանն այդ ընկերությունում ունենալու է 26%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 74% բաժնեմաս։ Այս բանաձևը գործելու է առնվազն 49 տարի, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվելու դեպքում՝ ևս 50 տարի, իսկ այս դեպքում արդեն Հայաստանի մասնաբաժինը կդառնա 49%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաբաժինը 51%՝ առանց Հայաստանի կողմից հավելյալ ֆինանսական կամ այլ ներդրման։

Նախագիծը, ինչպես ասացի, իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Եվ հատուկ ուզում եմ ընդգծել, որ TRIPP-ն օտարերկրյա որևէ ռազմական և/կամ զինված ներկայություն չի ենթադրում։ Ընդգծեմ նաև, որ TRIPP-ից առաջ նախկինում մենք երբեք մեր առջև 100 տարվա նախագիծ կամ հեռանկար չենք ունեցել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Երբեք մենք չենք ունեցել ծրագիր, նախագիծ, որը մեր առջև 100 տարվա հեռանկար է բացում, այն էլ աշխարհի թիվ մեկ գերտերության հետ։ Եվ սա թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է։ TRIPP նախագծի իրագործումը փոխելու է իրադրությունը և մթնոլորտը մեր տարածաշրջանում՝ խաղաղությունը տարածաշրջանային երկրների համար դարձնելով շահավետ ոչ միայն բառի սոցիալ-հոգեբանական ու քաղաքական, այլև ֆինանսական ու տնտեսական իմաստով։ Սա ժամանակակից անկայուն աշխարհում կայունության ու խաղաղության շատ էական երաշխիք է, և մեր ժամանակներում ավելի հուսալի երաշխիք դժվար է պատկերացնել։

Ինչ վերաբերում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ, և մենք Ադրբեջանի հետ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Ինչպես առիթ ունեցել եմ ասելու՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակումը և վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա մեր աշխատանքային օրակարգից։

Իհարկե, կշարունակվեն աշխատանքները Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման ուղղությամբ։ Համոզված եմ՝ Ադրբեջանից Հայաստան ներմուծումներին զուգահեռ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան։ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեկնարկը և զարգացումը, իհարկե, էականորեն ուժեղացնում է հաստատված խաղաղությունը։ Եվ մենք մեր տնտեսվարողներին քաջալերելու ենք աշխատել այս ուղղությամբ։

Առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումից և խորացումից, սահմանների սահմանազատումից, գերիների և անհետ կորածների հարցերի շուրջ համագործակցությունից, ապաշրջափակումից, նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անդին՝ շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների սոցիալ-հոգեբանական կողմը։ Եվ հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է խաղաղություն հաստատել սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է մեկ բան, որ թե մենք, թե Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ՝ ոչ ավելի, ոչ պակաս։

Օգոստոսի 8-ի առաջին տարեդարձի առիթով հղած իմ ուղերձում էլ եմ ասել, որ խաղաղությունն անշրջելի և հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։ Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք և հետապնդեն,ք և պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ և գործողություն։ Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել։ Ես չեմ մոռացել, քավլիցի, որ ասել եմ. «Արցախը Հայաստան է և վերջ»: Բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձած լինելով այս թեմային, ուզում եմ ամփոփել մեկընդմիշտ. հայաստանյան ավագ և միջին սերնդի քաղաքական, ըստ էության, բոլոր գործիչների քաղաքական ծագումնաբանությունը հանդիսացած Ղարաբաղյան շարժմանը և Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին անմնացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարագույրը և տեսնել, թե ինչ կա Ղարաբաղի շարժման հետևում:

35 տարի Հայաստանը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար, բացարձակապես՝ ոչինչ: Մեր Կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար: Մեր կառավարման տարիներին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ՝ մեկ միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում ենք հատկացրել Ղարաբաղին։ Սա այն գումարն է, որը հաշվարկվում է հավելյալ նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ ի վերջո մենք վարագույրը բացելու և տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ, ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը՝ Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ։

Կօգտվե՞նք մենք այդ հնարավորությունից, թե՞ ոչ, ուրիշ հարց է։ Եվ այստեղ է, որ ուզում եմ ընդգծել. մենք ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք, Իրանում չպետք է Հայաստան փնտրենք, Վրաստանում չպետք է Հայաստան փնտրենք երկու հիմնական ռացիոնալ պատճառով՝ առաջինը, երբ Հայաստանի Հանրապետությունից դուրս Հայաստան ենք փնտրում, տեսադաշտից և ուշադրությունից դուրս ենք թողնում Հայաստանի Հանրապետությունը, նրա կարիքներն ու շահերը, նրա համար հոգ տանելու մեր պատասխանատվությունը և պարտավորությունը։ Եվ երկրորդ՝ ոչ պակաս կարևոր պատճառը, երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր չորս հարևանների միջազգային ճանաչված տարածքներում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում: Եվ ստացվում է, որ մենք փնտրում ենք չորս տեղ, իրենք չորսով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում, մեր պետությունում, մեր հայրենիքում ու մենք հայտնվում ենք մեկն ընդդեմ չորսի կարգավիճակում։ Մենք հայտնվում ենք, ուշադրություն դարձրեք, մեկն ընդդեմ չորսի կարգավիճակում։ Ու երբ հայտնվում ենք մեկն ընդդեմ չորսի կարգավիճակում, անխուսափելիորեն հասկանում ենք, որ չենք կարող նման հարևանության մեջ ապրել առանց արտաքին օգնության: Իսկ նա, ով գալիս է մեզ օգնելու, որ մենք մեր հարևանության մեջ կարողանանք ապրել, պարզվում է, ինքն էլ իր հայրենիքն է փնտրում այստեղ և նույնիսկ վիրավորվում է, որ մենք մեզ, մեր պետությանն ու անկախությանը լուրջ ենք վերաբերվում՝ լուրջ ենք վերաբերվում դրան և չենք հասկանում, որ ընդամենը տեղապահ ենք, ժամանակավոր տեղապահ և գործիք պատմական արդարության, իր պատմական արդարության վերականգնման համար։

Այս սոցիալ հոգեբանության շավիղներում, պատմության այս տրամաբանության ընթացքի մեջ է, որ հայ ժողովուրդը ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու, ինչո՞ւ է դա մեզ հետ տեղի ունենում: Եվ «Արցախը, Հայաստանը և վերջը» ծառայել է այս նպատակին, որ ի վերջո բացենք մեր պատմության վարագույրը, մտնենք մեր պատմության և իրականության կուլիսներ և տեսնենք, թե ինչ է կատարվում, որ լսենք ի վերջո պատմական Հայաստանի ուղերձը, որը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, մի դարձրեք հերթական Հայաստանը պատմական, որ լսենք մեր պատմության ուղերձները, որը մեզ ասում է՝ մի կրկնեք ինձ և «Արցախը Հայաստան է և վերջը» այն շրջադարձային կետն է, որը պիտի հանգեցներ մեր պատմության ընթացքի փոփոխությանը: Եվ մենք պատմության փակուղուց պիտի դուրս գայինք ու հայտնվեինք ապագայի խաչմերուկում ու մենք այսօր հայտնվել ենք ապագայի խաչմերուկում ու ապագան այսօր է, խաչմերուկը այստեղ է՝ Հայաստանի Հանրապետությունում։

Բայց սա այս ճանապարհի վերջը չէ: Այս նոր ճանապարհի առանձնահատկությունն է սա, այն չունի և չի ունենում վերջ: Վերջ ունենում է պատմության այն նախորդ տրամաբանությունը, որի մեջ գտնվել ենք մինչև 2024 թվականը: Իսկ այս նոր պատմությունը վերջ չի ունենում, եթե ինքներս մեզ չենք առաջնորդում դեպի փակուղի և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մտնի փակուղի։

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Նախագահի հարգելի՛ տեղակալներ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության հարգելի՛ անդամներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը դարձավ այն առանցքային գործիքներից մեկը, որը թույլ տվեց կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։

Կառավարությունը ոչ միայն շարունակելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, այլև այն որդեգրում է որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, որի առանցքային խնդիրն արտաքին հարաբերությունների մեջ անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով` հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունեն կարևոր նշանակություն։

Միացյալ Նահանգների հետ արդեն արտատարածաշրջանային քաղաքականության մասով մեր հարաբերությունները գտնվում են վերընթաց վիճակում։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հուշագիրն ընդամենը 2025 թվականի հունվարին է ստորագրվել, և տեսեք, թե այս ընթացքում ինչ զարգացումներ են տեղի ունեցել։ Ես հիշում եմ, որ նախորդ տարվա սեպտեմբերին՝ ուղիղ մեկ տարի առաջ, այս դահլիճում ստիպված էի «արդարանալ», որ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին ընդամենը մտադրությունների հուշագիր եմ ստորագրել, որն, այդ թվում՝ այս պահին դահլիճում ներկա որոշ ընդդիմադիր պատգամավորների՝ այն ժամանակվա պնդմամբ, ոչինչ չասող և չնշանակող թուղթ էր։ Այդ «ոչինչ չասող թղթի» ստորագրումից մեկ տարի անց Հայաստանում երեք սուպերհամակարգչային կենտրոն է բացվել, որոնցից մեկը՝ Երևանի պետական համալսարանում, մյուս երկուսը՝ արհեստական բանականության գործարաններ են, և այս ոլորտում Հայաստան-Միացյալ Նահանգներ-մասնավոր ներդրողներ համագործակցության պլաններն այնպիսին են, որ մենք թերևս ստիպված կլինենք կրկին անդրադառնալ մեր էներգետիկ ռազմավարությանը, որովհետև արհեստական բանականության ոլորտի ներդրումային նախանշվող ծրագրերը էներգետիկայի պահանջարկը մեծացնելու են ահռելի տեմպերով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները հիմա արդեն հիմնված են Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա, որը բոլորովին վերջերս է ստորագրվել, և սա մեր երկրների հարաբերությունների բարձրակետն է։

Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, հետ։ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները գնալով դառնում են ավելի բազմաչափ ու բազմաշերտ, և մենք արդեն համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որ նախկինում երբեք չենք գործակցել։ Եվրոպական Միության հետ մեր գործընկերության ռազմավարական օրակարգն իրացվում է տեսանելի տեմպերով։ Նախորդ տարի Ազգային ժողովի կողմից ընդունված՝ Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այս գործընթացին։ 2026 թվականի մայիսին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթաժողովը, ապա և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական Միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում, և մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում։

Հարգելի՛ ներկաներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Գաղտնիք չեմ բացի՝ ասելով, որ Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունում։ Իմ կարծիքով, Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացումն իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ: Իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառն այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ընդ որում, այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեծ հաշվով՝ բնական գործընթաց։ Մի բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում և բոլորովին այլ բան այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն ընդհանրապես չկա, և հեռանկարը դրական է:

Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական, անվտանգային: Արդեն երկու դար հայ-ռուսական հարաբերությունները կառուցվել են այն հենքի վրա և ըմբռնման, որ Ռուսաստանը հայ ժողովրդի, ապա և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Ես չեմ կասկածել այս գործառույթը կատարելու Ռուսաստանի նվիրվածությանը, բայց 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով Ռուսաստանի Դաշնությունն երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար։ Դա մենք տեսանք 2022 թվականի սեպտեմբերին, դա մենք տեսանք 2023 թվականի սեպտեմբերին: Եվ այստեղ է, որ կրկին առերեսվեցինք մեր պատմության դասերը սովորած չլինելու ցավալի փաստի հետ:

Ի վերջո, 19-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրությունում հայության կոտորածներն ահագնացան այն բանի հետևանքով, որ մենք նախ որոշեցինք, որ մեր հարցերը միջազգային երաշխավորների միջոցով պետք է լուծենք, ապա և մեր ամբողջ գործունեությունը ծավալեցինք՝ այս տրամաբանության վրա հենվելով, հավատալով նաև ուժային գործոններին։ Կար նույնիսկ ժամանակ, երբ թվում էր, գոնե մեզ այդպես էր թվում, թե աշխարհի հզորները, մասնավորապես՝ Ռուսաստանը, տարածքներ է գրավում մեզ համար։ Այս ընկալումն ավելի էր թանձրացնում մեր շուրջ ձևավորող թշնամությունը, այսինքն՝ մենք ինչքան ուրախանում էինք Ռուսաստանի հաջողություններով Առաջին համաշխարհային պատերազմում և դրանից առաջ, այդքան մեր շուրջ ձևավորվում էր թշնամության մթնոլորտ։ Իսկ երբ Ռուսաստանն իր ներքին խնդիրների և այլ պատճառներով ստիպված էր հեռանալ տարածաշրջանից, մենք մեն-մենակ մնացինք մեզ թշնամի համարող և մեր կողմից թշնամի ընկալվող միջավայրի հետ։ Եվ ահա այս պայմաններում ջարդերը դարձան կոտորածներ, կոտորածները՝ ցեղասպանություն։

Մենք պատմության դասն այդպես էլ չսովորեցինք նույնիսկ 21-րդ դարում, մինչև իրականությունն իր տերթոդիկյան ոճի դասատուի պես մեզ չսովորեցրեց այդ դասը ու մենք, ի վերջո, մեզ ճանաչեցինք հայտնի առածի հերոսի այն դերում, որում գտնվում ենք: Իսկ առածը հետևյալն է. «Մարդու, 20-րդ և 21-րդ դարի մասին է խոսքը, ամենամեծ դժբախտությունն այն է, որ նա չգիտի, թե որքան երջանիկ է»։ Ու մե՛նք, որ 19-րդ դարում մեկնարկած մեր գաղթն այդպես էլ չէինք դադարեցրել նույնիսկ 1991 թվականից պետություն ունենալու պայմաններում, մե՛նք, որ նույնիսկ պետություն ունենալու պայմաններում շարունակում էինք ավետյաց հայրենիքի մեր փնտրտուքը, միայն պատմության քննությունից կտրվելու վերջին պահին հասկացանք, որ պատմական արդարության մասին երազելու կարիք չկա, ազգային իղձերով ապրելու կարիք չկա, հայրենիքի մասին երազելու կարիք չկա, որովհետև մեր երազանքները և իղձերն իրականացված են, և Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը։

Մենք շատ դժվար հասկացանք, որ հայրենիքը պետությունն է, որ պետությունից դուրս այլ հայրենիք չկա, և մենք որոշեցինք ճանաչել այդ հայրենիքը, մենք որոշեցինք ճանաչել Հայաստանի Հանրապետությունը ու նրա տարածքային ամբողջականությունը: Եվ այդ հենքի վրա հնարավոր եղավ հաստատել խաղաղություն և բացել ապագայի դռները և այդ դռներով մտնել ապագայի մեջ։ Մենք որոշեցինք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում, ու մինչ նախադասություններ էինք ձևակերպում մեր հանրությանը բացատրելու, թե ինչու, իրադարձություններն իրենք ի ցույց դրեցին մի պերճախոս բացատրություն, երբ բոլորովին վերջերս Իսրայելի Կառավարությունն ամենասուր վճռականությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման պրոցես սկսեց, ապա նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց այդ պրոցեսը։ Սա էլ էր մի կարևոր իրադարձություն, որ բացեց վարագույրը, և մենք բոլորով տեսանք, ստիպված եղանք տեսնել, թե ինչ է կատարվում դրա հետերում։

Միջազգային խաղացողները, ներողություն այս ձևակերպման համար, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում։ Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում, այնպես, ինչպես եղել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ու վերջին և մինչև բոլորովին վերջերս։ Մենք պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին, որովհետև եթե նույնիսկ միամտություն ունենանք մտածելու, թե դա զենք է նաև մեր ձեռքին, այդ զենքի կրակոցից էլի ու էլի մենք ենք զոհվել, էլի ու էլի մենք ենք զոհվելու։ Ապրիլի 24-ը մեր ապրիլի 24-ն է, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է: Մենք պետք է խոկանք Ծիծեռնակաբերդում՝ խոնարհված ու պետք է որոշենք, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ժամանակների կոտորածների, տեղահանությունների, ցեղասպանության զոհերի հետնորդների գերեզման չպետք է լինի, այլ հայրենիք- պետություն, որտեղ մարդիկ ապրում են ազատ, բարեկեցիկ և անվտանգ։ Մենք չպետք է այլևս երազենք այլ հայրենիքի մասին, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը ու մենք երջանիկ ենք, որ ունենք այդ հայրենիքը։ Եվ մեր անելիքը պետք է լինի այս հայրենիք-պետությունը զարգացնելն ու այն հարատև սերնդեսերունդ փոխանցելը։

Եվ սրա համար այո՛, նախ պետք է ապահովել պետության լինելիությունն ու անվտանգությունը։ Սրա համար էլ հարկավոր է նախ սերտել մեր հին ու նոր պատմության դասերը, թե ինչ է լինում, երբ անվտանգության մեր հույսերը կապում ենք ուրիշների հետ։ Ընդ որում, ինչպես վերը ցույց տվեցի, պարտադիր չէ, որ ուրիշներն իրենց խոստացածը չանեն չարամտորեն։ Դա կարող է տեղի ունենալ պարզապես անհաղթահարելի հանգամանքների կամ այլ սահմանափակումների պատճառով, ինչպես ժամանակին անգլիական նավերն իսկապես չէին կարող լեռներ մագլցել: Բայց անվտանգության ապահովման մեր ընկալումները նույնպես պիտի վերանայենք՝ հասկանալով, որ չի կարելի արտաքին անվտանգության ապահովման ամբողջ բեռը դնել բանակի վրա, էլի՛ բանակի վրա, անընդհա՛տ բանակի վրա, շարունակաբա՛ր բանակի վրա։ Բանակը, այո՛, մեր արտաքին անվտանգության ապահովման առանցքային, բայց նաև ամենավերջին գործիքը պիտի լինի, անվտանգության ռեզերվը պիտի լինի, և նրանից առաջ մենք պետք է ունենանք և ստեղծենք անվտանգության լրացուցիչ շերտեր: Եվ որքան շատ լինեն այդ շերտերը, այնքան ավելի անվտանգ կլինի պետությունը։

Որո՞նք են, ուրեմն, արտաքին անվտանգության մեր նոր ճարտարապետության այն գործոնները, շերտերը, որ պիտի դիտարկենք և տեղադրենք բանակից առաջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առաջին գործոնը միջազգային լեգիտիմությունն է։ Միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Խորհրդային միության հայկական ԽՍՀ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Ինչպես արդեն ասացի, այս սկզբունքն է դրված նաև հաստատված խաղաղության հիմքում: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են՝ հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին միացած խորհրդային հանրապետություններն իրենց վարչական սահմաններում դարձել են անկախ պետություններ: Չվիճարկվող, այսինքն՝ միջազգային օրենքով լեգիտիմ տարածք և արտաքին հարաբերությունների մեջ լեգիտիմ դիրքորոշումներ ու ակնկալիքներ ունենալն արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիք է: Այն, չլինելով բացարձակ երաշխիք, այնուամենայնիվ, կարևոր հիմնաքար է։

Աշխարհի հետ փոխկապվածությունն է արտաքին անվտանգության ապահովման հաջորդ գործիքը: Այս գործոնը թույլ է տալիս, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի, տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որ նրա անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների համար, և ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և սրանից բխող TRIPP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար: Եվ մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա։

Արտաքին անվտանգության ապահովման հաջորդ կարևոր գործիքը երկարաժամկետ կանխատեսելիությունն է: Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում այլ երկրները Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի պակաս պետք է ընկալեն որպես սպառնալիք: Եվ խաղաղության օրակարգին նվիրվածությունը պետք է դառնա այլ երկրների կողմից Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և ռազմավարական ընկալումը։ Այս խնդրի լուծման համար էական են ոչ միայն հռչակված քաղաքականությունները, այլև սոցիալ-հոգեբանական, կրթական-մշակութային, հանրային-քաղաքական ոլորտների բովանդակությունն ու խոսույթները։ Պատմության և ապագայի հստակ սահմանազատումը և օրվա իրականության գործնական կապակցումն ոչ այնքան անցյալի, որքան ապագայի հետ կենսական են Հայաստանի Հանրապետության հարատևությունն ապահովելու համար։ Նաև այս նպատակին է ծառայում «Ապագան այսօր է» բանաձևը։

Երկարաժամկետ կանխատեսելիության գործիքի մասին իրականում ելույթի նախորդ հատվածում էլ խոսեցի։ Կրկին պարզաբանելով՝ ասեմ, որ եթե մեր միջավայրը Հայաստանի Հանրապետությունը ընկալի որպես մի պետություն, որը, այսպես ասած, աչքից հեռու զարգանում է ու հարմար պահ է փնտրում պատմական հայրենիքը վերականգնելու համար, բնականաբար, իրենք էլ հարմար պահ են փնտրելու մտքերի այս ընթացքը կասեցնելու, ի վերջո, նաև այդ սպառնալիքին վերջ դնելու համար։ Եվ այս պրոբլեմն արմատապես հասցեագրելու, եթե նույնիսկ ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայմանն Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում որպես ռազմավարություն սերմանելն է։ Այս բանաձևն օրգանապես պետք է ինտեգրվի մեզանում թերագնահատված այն ընկալման հետ, որ խաղաղությունն է անվտանգության ապահովման միակ գործուն և հուսալի երաշխիքը։ Ավելի հուսալի երաշխիք պարզապես գոյություն չունի։

 

Եվ հետևաբար՝ խաղաղության վրա, խաղաղության ամրապնդման վրա ամեն օր աշխատելը, խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը։ Նաև պետք է հասկանալ, որ չկա ավելի հեշտ բան, քան խաղաղությունը փլուզելը, մանավանդ հիմա խաղաղությունը փլուզելն առանձնահատուկ ջանքեր չի պահանջում, խաղաղությունը փլուզելը հեշտ է, դժվար չէ դա անելը՝ բացարձակապես: Իսկ ահա, խաղաղությունն ամրապնդելը, խաղաղության մասին հոգ տանելն էական ջանքեր է պահանջում, նույնիսկ՝ դրամատիկ ջանքեր: Դրամատիկ ջանքեր ասելով՝ նկատի ունենք, որ մենք մեր կոմֆորտ զոնաներից պետք է դուրս գանք: Դա պահանջում է շատ ուշադիր լինել՝ ինչ ես խոսում, ինչ ես կախում դոշիցդ, ինչ քայլեր ես անում: Օրինակ՝ Կտրիճ Ներսիսյանի ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևորականներ, իմ տեսածն եմ ասում, սուրբ և անմահ պատարագների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ: Սա, ընդհանրապես, շատ հետաքրքիր ֆենոմեն է: Այս կոչերը հղում են, հետո ասում են. «Եւ եւս խաղաղութեան Աստծուն աղաչեսցուք»: Այսինքն՝ պատերազմի կոչ անելով՝ Աստծուն պետք չէ աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել, պետք է ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար։

Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ։ Իմ հանձնարարությամբ՝ զեկույց է պատրաստվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում առաջացած խորը համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից սրանից բխող բոլոր հետևանքներով։

Եվ եթե նկատել եք, Հայաստանյայց  առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես տեղ ունի Կառավարության գործունեության ծրագրում։ Վերադառնալով արտաքին անվտանգության թեմային՝ ուզում եմ հատուկ ընդգծել, որ ուժեղ, պաշտպանունակ բանակն էական տեղ է զբաղեցնում Իրական Հայաստանի մեր տեսլականում։ Բայց ինչո՞ւ ենք այսքան շեշտում բանակի հանգամանքը, եթե խաղաղություն է հաստատված, եթե խաղաղությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն է։ Մի պարզ պատճառով. խաղաղության պայմաններում էլ ուժեղ, պաշտպանունակ բանակ չունեցող պետությունը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար և ուժեղ, պաշտպանունակ բանակը, այս իմաստով, այո՛, խաղաղության կարևորագույն գործիք է։

2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսը, կարծում եմ, հօդս ցնդեցրեց բոլոր այն շահարկումները, թե Կառավարությունն, արտաքին թելադրանքի ներքո, Հայաստանի Հանրապետությունը թողել է առանց պաշտպանության։ Այդ սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ այսօր ունենք, այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ այսօր ձեռք ենք բերում և արտադրում, Հայաստանի Հանրապետությունը նախկինում երբեք չի ունեցել։ Մենք, այո՛, Հայաստանում ստեղծել ենք ռազմարդյունաբերական իրական համալիր, ու Կառավարությունը շարունակելու է աջակցել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։

Հիմա սակայն մենք մի կարևոր ու որոշիչ փուլ ենք մտնում. միջնաժամկետում ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա ֆինանսապես ինքնաբավ և ավելի ու ավելի պակաս կախված լինի պետական գնումներից: Եվ ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պայմանագրերի ծավալը շարունակաբար աճում է, իսկ Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս մի շարք տեղական արտադրողների, ձեռք է բերել հուսալի մատակարարներ։ Այսօր մեր բանակը դինամիկ կերպով զարգանում է, բայց ոչ առանց պրոբլեմների։ Ինքնասպանությունների, ինքնասպանությունների հասցնելու դեպքերը, սպանությունները, տարբեր պատճառներով մեր զինվորների մահերը խորապես մտահոգում են Կառավարությանը, և այս խնդիրները հասցրեագրելու մեր ջանքերը չեն դադարելու և մենք արդեն կոնկրետ ծրագրեր ենք նախանշում, թե ինչպես պետք է լուծենք այդ խնդիրը՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ դա որոշակի կապվածություն ունի նաև արտաքին միջավայրի փոփոխության հետ: Ես համոզված եմ՝ հարցուպատասխանի ընթացքում այս թեմային ավելի մանրամասն անդրադառնալու առիթ կլինի։ Թեմայի հետ առնչվելիս պարզապես չեմ կարող չնկատել ևս մի հանգամանք, որ բանակում առկա պրոբլեմների մի զգալի հատվածը բանակում ոչ թե ծագում է, այլ խտանում և, դրսևորվում է, և հանրային, սոցիալ-քաղաքական, կրթական-մշակութային խորը վերափոխումները բանակում խնդիրների հասցեագրման գործընթացի կարևոր մաս են։

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Նախագահի հարգելի՛ տեղակալներ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության հարգելի՛ անդամներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Վերադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների թեմային, պիտի ընդգծեմ, որ մեր նպատակը Ռուսաստանի հետ փոխշահավետ, բազմաոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունն է, հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ։ Սա հեշտ գործընթաց չէ, բայց մենք առանց կրքեր բորբոքելու գնալու ենք այս ճանապարհով: Բայց պետք է ասել ուղիղ, որ արտահանման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված և խնդրված են հայաստանյան ընդդիմության կողմից, ովքեր ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն, և այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։ Հայաստանյան այդ նույն շրջանակները, հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն և ավելի խստացվեն, իրենք վստահաբար փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ Գաղտնի պլանը, որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, հենց սա է: Ըստ այդ պլանի՝ իրենց հովանավորների աջակցությամբ պետք է այնպիսի տնտեսական սահմանափակումներ մտցվեն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվի, որպեսզի ժողովուրդը Կառավարության դեմ սոցիալական բունտ անի։ Սա է գաղտնի պլանի էությունը։

Իհարկե, սա նմանօրինակ առաջին պլանը չէ, նման մի քանի պլաններ նախկինում արդեն տապալվել են, այս մեկն էլ կտապալվի, որովհետև Հայաստանի ժողովուրդն իր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը չի զիջի մաֆիային և Հայաստանի տնտեսությունն էլ կշարունակի իր դինամիկ զարգացումը։ Ու վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ներդնել նաև տնտեսության ոլորտում և ունենալ տնտեսական դիվերսիֆիկացված հարաբերություններ։ Եվ ընդհակառակը, վերջին ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, թե տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան ինչպես է օգնում, որ գլոբալ ճգնաժամերի հետևանքներն ի վիճակի լինենք մեղմացնել։

Հորմուզի նեղուցում և Ռուսաստանի Դաշնությունում նավթամթերքի մատակարարումների հետ կապված ճգնաժամի հետևանքով Հայաստանը բենզինային ճգնաժամի առաջ չկանգնեց, որովհետև 2018 թվականի հեղափոխությունից առաջ և մինչ այդ հստակ վերահսկվող նավթամթերքի շուկան ազատականացվեց, 2025-ին սրան գումարվեց նաև Ադրբեջանից նավթամթերք ներմուծելու հանգամանքը: Բոլորս մոռացել ենք, որ 2008 թվականին Օսեթիայում տեղի ունեցած իրադարձությունները մի քանի օր տևեց, Հայաստանի բենզինի շուկան կաթվածարար էր եղել։ Իսկ այսօր  գլոբալ փոփոխությունները, այո՛, գների վրա ազդեցություն ունեցավ, բայց ապրանքի առկայության հարց ընդհանրապես չառաջացավ, զրո։

Դիվերսիֆիկացման այս տրամաբանությունը պետք է կիրառել տնտեսության բոլոր ճյուղերում, արտահանումների և ներմուծումների ոլորտում, և մենք գնալու ենք այս ճանապարհով, որովհետև ակնհայտ է, որ մեկ շուկայից անհամաչափ կախվածությունը, անկախ նրանից տվյալ պահին այդ շուկայի հետ կապված որևէ դժվարություն առկա է, թե ոչ, սպառնալիք է, որը ցանկացած պահի կարող է կիրառվել երկրի անկախությունը սահմանափակելու համար։ Սա այն դեպքն է, որի կառավարման ճշգրիտ բանաձև գոյություն ունի։ Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, և նավթամթերքի շուկան այս բանաձևի կիրառման փայլուն օրինակ է։

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նավթամթերք է ներմուծվել 20 տարբեր երկրներից: Սա իրական դիվերսիֆիկացիա է, հավասարակշռման և հավասարակշռված քաղաքականություն, և այդ քաղաքականությունը պետք է տարածել տնտեսական բոլոր ոլորտների վրա:

Հարգելի՛ ներկաներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Առիթ ունեցել եմ ասելու, որ հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Դա, ըստ էության, ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում։

Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են, մեջբերում եմ՝ կիսում ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանն անդամագրվելու կամ Եվրոպական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը։ Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում և վստահ եմ՝ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա։ Խնդիրը ժամկետներն են, բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային։

Ինչպես ասացի, 2025 թվականի մարտին Ազգային ժողովն ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, վերնագրից և նաև օրենքի կարճ բովանդակությունից ակնհայտ է, որ այն ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին է, իսկ հարցի վերաբերյալ հանրաքվեն տվյալ պրոցեսի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան, ասել է թե՝ հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի և հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իրատեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով են իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ են Եվրոպական միությանն անդամագրվելու համար։

Այս հարցերին որևէ պատասխան ունենալը կարևոր է ոչ միայն ընթացակարգային առումով, այլև հանրաքվեի ընթացքում ժողովրդի կողմից ուղղվող հարցերի գոնե մոտավոր պատասխան ունենալու համար։ Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացն առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Կա նաև տնտեսական կոմպոնենտը, Հայաստանի՝ Եվրոպական միության շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում, և սրա հնարավոր էֆեկտները տեսնելու և հասկանալու ժամանակ էլ պետք է ունենա մեր ժողովուրդը։ Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես Եվրոպական միությանը դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։ Բայց նաև այս առիթով եմ ուզում պարզաբանել, թե մենք ինչո՞ւ ենք որդեգրել հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն, և ինչո՞ւ ենք խոսում Եվրոպական միությանն անդամագրվելու օրակարգի մասին, եթե շատ հարցերի պատասխաններ այսօր չունենք: Մի պարզ պատճառով. այն իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը գնալու տեղ չունի, այլընտրանք չունի, սպառնալիք է մեր պետականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Մենք ձևավորում ենք և ձևավորելու ենք այլընտրանքներ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի համար: Այլընտրանքներ ունենալը պետական անվտանգության հարց է մեզ համար, որովհետև այլընտրանք չունենալը նշանակում է որևէ մեկին հնարավորություն տալ մեզ պարտադրել ցանկացած բան։

Այս ընթացքում մենք ստեղծել ենք բազմաթիվ այլընտրանքներ, օրինակ՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հարցում։ Եթե մենք շարունակեինք մնալ առանց այլընտրանքների, մեր բանակը չէր ունենա այն սպառազինությունը և տեխնիկան, որն այսօր ունի։ Եվ ընդհակառակը, մենք հիմա կրում ենք այն բանի հետևանքը, որ Հայաստանում արտադրված վարդի արտահանման այլընտրանք չէր ձևավորվել, եթե ձևավորված լիներ, մենք մեզ կերաշխավորեինք ընթացիկ պրոբլեմից, այնպես՝ ինչպես երաշխավորել էինք բենզինի պրոբլեմից: Եվ նորից ասում եմ, բացարձակապես համաձայն չեմ այն գնահատականի հետ, թե արտահանման ոլորտում առաջացած խնդիրը ճգնաժամ է: Դա ճգնաժամ է Եվրասիական տնտեսական միության համար, իսկ Հայաստանի Հանրապետության համար դա հնարավորություն է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ինչպես աշխարհում կան բազմաթիվ զենք վաճառողներ, մանավանդ, երբ դու որդեգրում ես այդ զենքը միայն պաշտպանական նպատակներով կիրառելու և քո երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս դրանք չկիրառելու ռազմավարություն, ինչը մենք արել ենք հրապարակային կերպով, այնպես էլ աշխարհում կան բազմաթիվ վարդ գնողներ և վարդն այդ բազմաթիվ գնողներին հասցնելու համար մի բան է հարկավոր՝ աշխատանք, գրագետ, հետևողական, համբերատար աշխատանք, ինչը և մենք մեր հարգելի տնտեսվարողների հետ անպայման կանենք և անում ենք։

Ի դեպ՝ Կառավարությունն այս աշխատանքը վաղուց է սկսել, բայց զենքի թեմայով Կառավարությունը որոշելու մենաշնորհ ունի՝ որտեղ ձեռք բերի, ինչ և այլն, մյուս ոլորտներում այդպես չէ։ Եվ հաջողություն այդտեղ շատ դեպքերում չենք ունեցել, որովհետև մեր հարգելի տնտեսվարողներին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով շատ դժվար է դուրս բերել, այսպես ասած, կոմֆորտ զոնայից, բայց մենք միշտ այդ ազդակը տվել ենք, որ տեսեք շատ ապրանքներ կան, որ դուք արտահանում եք մեր ինքնիշխանության հաշվին, և գալու է պահը, երբ հարց է ձևակերպվելու՝ ի՞նչն ենք մենք ընտրում: Մենք այս ուղերձը միշտ տվել ենք, որ մենք ընտրելու ենք ինքնիշխանությունը, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Բայց հիմա ադապտացիայի շատ կարևոր պրոցեսներ են տեղի ունենում մեր տնտեսության հետ, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո դիմակայունության բարձր հատկանիշներ է ի ցույց դնում, և այդ հատկանիշը զարգացնելն առավել քան կարևոր է։ Մեր տնտեսության մասին է խոսքը, և հույս ունեմ մեր տնտեսության դիմակայունությունը և ակտիվությունը բոլորիդ տեսանելի է, և, իհարկե, առաջիկայում մենք այդ միտումները, համոզված եմ, ավելի շեշտված կտեսնենք։

Ուզում եմ նաև շատ հստակ հայտարարել, որ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն, սխալ չլսեցիք՝ էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն, և սա առավել քան իրատեսական է: Բոլորովին վերջերս է դարձել իրատեսական՝ պայմանավորված վերականգնվող, մասնավորապես, արևային էներգետիկայի զարգացման հանգամանքով: Հայաստանի Հանրապետությունն արևային հսկայական ռեսուրս ունի, և մենք այդ ռեսուրսը զարգացրել ենք:

2018 թվականի, թվերին խնդրում եմ ուշադրություն դարձրեք, 16 մեգավատի դիմաց այսօր մենք ունենք 1213 մեգավատ, 16 և 1213, մեգավատ արևային էլեկտրակայաններ, և հիմա այս գործընթացի հետագա զարգացումն ապահովելու համար մեկնարկելու ենք էլեկտրաէներգիայի կուտակիչների հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի դրանք հավաքելով ցերեկն արտադրված արևային էներգիան, գիշերը մատակարարեն մեզ անհրաժեշտ էլեկտրական հոսանք։ Իհարկե, այս պրոցեսը ժամանակ կտանի, և պլանավորում ենք մինչև 2031 թվականն առնվազն 800 մեգավատ կուտակիչ կայան ունենալ, որը շուրջ երկու անգամ գերազանցում է գործող ատոմային էլեկտրակայանի դրվածքային հզորությունը։

Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետև, ինչպես գիտեք, 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է, և ի դեպ, ատոմակայանի փակումը, որպես դե յուրե պարտավորություն, Հայաստանը ստանձնել է հեղափոխությունից առաջ, նախորդ իշխանության օրոք, 2017 թվականին։ Չնայած պիտի ասեմ, որ զարգացող տեխնոլոգիաները հնարավոր է թույլ տան 2036-ից հետո ևս մեկ անգամ երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը, և մենք այս մասին քննարկումներ ենք վարում արդեն բավական ժամանակ հնարավոր գործընկերների հետ։ Նման որոշում, իհարկե, կկայացվի միայն միջազգային իրավասու կառույցների հետ սերտ գործակցությամբ և համաձայնությամբ, բայց հարկ համարեցի բարձրաձայնել, որ մենք այս թեմայի շուրջ արդեն բավական երկար ժամանակ աշխատում ենք։

 

Էներգետիկան այն ոլորտն է, որտեղ զարգացումներն առավել քան դինամիկ են, և մենք պետք է ուսումնասիրենք մեր երկրում էլեկտրական էներգիա արտադրելու բոլոր հնարավորությունները՝ գեոթերմալ տեխնոլոգիաներից սկսած, կանաչ ջրածնով ավարտած, և ի դեպ՝ ջրածնի արտադրությունը շատ երկրներում հիմա արդեն փորձարկվում և կիրառվում է՝ որպես բնական գազի այլընտրանք, որովհետև բնական գազի համաշխարհային պաշարներն ապագա որևէ մի կետում սպառվելու են։

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Նախագահի հարգելի՛ տեղակալներ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության հարգելի՛ անդամներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Ներկայացվող ծրագրում մենք առանձնացրել ենք Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներ։ Դրանք հետևյալն են՝

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում և հետագա զարգացում տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող  գործընկերությունների խորացման ճանապարհով։

Հաջորդը՝ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի TRIPP նախագծի հիման վրա։

Հաջորդը՝ ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումների խորացում, որը կչափվի միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով։

Հաջորդը՝ ամբողջ բնակչության ներառում Առողջության ապահովագրության համակարգում։

Հաջորդը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի  վիզաների ազատականացում։

Հաջորդը՝ տարեկան միջինում 6% տնտեսական աճ։

Հաջորդը՝ 125 000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Ի դեպ, 2018 թվականից մենք արդեն ավելի քան 300 000 աշխատատեղ ենք ստեղծել։

Հաջորդը՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի ավելացում առնվազն երեք անգամ:

Հաջորդը՝ հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում:

Հաջորդը՝ արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% աճ ընթացիկ գներով՝ 2025 թվականի 3.3 տրիլիոն դրամից հասնելով մինչև 5 տրիլիոն դրամի:

Հաջորդը՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելացում առնվազն 50%-ով, հացահատիկի արտադրության կրկնապատկում։

Հաջորդը՝ 10 ջրամբարի կառուցման մեկնարկ 2033 թվականին ավարտելու նպատակադրումով, 350 կմ ջրանցքների և խոհավակաշարերի կառուցում և վերակառուցում, ոռոգման ապահովում 10 000 հեկտար նոր հողերի համար, 24-ժամյա ջրամատակարարում առնվազն Երևանում, Գյումրիում, Վանաձորում։

Հաջորդը՝ 300 նոր դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի՝ ներառյալ համայնքային լողավազանները, կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում և ամբողջական գույքով հագեցում, գործարկում։

Հաջորդը՝ 2500 կիլոմետր ավտոճանապարհի և 40 կամուրջի կառուցում և/կամ նորոգում:

Հաջորդը՝ Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցում:

Հաջորդը՝ առաջատար դասի արհեստական բանականության հաշվարկային առնվազն 100 000 GPU-ի համարժեքի կամ մեկ միլիոն բնակչի հաշվով առնվազն 35 000 GPU-ի համարժեքի ձևավորում, այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիության ապահովում Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածների համար։

Հաջորդը՝ Հայաստանի ազգային տիեզերական կարողությունների զարգացում, երկրի դիտարկման առնվազն երկու և հեռահաղորդակցման մեկ արբանյակի ձեռքբերման և շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման և տվյալների մշակման ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաև պետական, գիտական և մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների ու կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։

Հաջորդը՝ 1000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում:

Հաջորդը՝ աղքատության կրճատում 5% կետով:

Հաջորդը՝ պետական և համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում:

Հաջորդը՝ ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականություն, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված և վարձակալության վերցրած անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև կրթական հաստատությունների և այլ հանրային տարածքների վերադարձ համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվեհամարի շարունակական համալրում, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքերի վերադարձ հանրությանը՝ շուրջ երկու միլիարդ դոլար համարժեք ծավալով։

Հարգելի՛ ներկաներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Կառավարության ներկայացվող ծրագրի ամենակարևոր ուղերձը, սակայն, հետևյալն է՝ Կառավարությունը կրթությունը հայտարարել և ընկալում է որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Պետության, Հայաստանի Հանրապետության դերի և հարատևության այն նոր ընկալումը, որի մասին խոսեցի այս ելույթում, ենթադրում է այդ խնդրի տեսական և գործնական շերտերի, ինչպես նաև աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող վերափոխումների շարունակական և զարգացող իմացություն։ Այս իմացությանը պետք է միևնույն ժամանակ տիրապետեն հանրությունը, պետական ինստիտուտները, համայնքները, մասնագիտական և հասարակական խմբերը, անհատները՝ ձևավորելով պետականակենտրոն սոցիալ-հոգեբանություն։

Կրթությունը մեր պետության զարգացման ու հարատևության խնդիրը ոչ միայն լուծելու, այլև դա հասկանալու միակ հուսալի ճանապարհն է։ Սա վերաբերում է թե՛ անհատական, թե՛ խմբային, թե՛ հանրային, թե՛ պետական մակարդակին, թե՛ ներքին և թե՛ արտաքին հարթությանը։ Հետևաբար, կրթությունը պետության զարգացման և վերելքի նոր որակի պետություն ունենալու ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է՝ այն ընկալմամբ, որ ցկյանս գործընթաց է և վերաբերում է կրթության բոլոր հնարավոր ձևերին՝ նախադպրոցական կրթությանը, հանրակրթությանը, արտադպրոցական կրթությանը, մասնագիտական կրթությանը, բուհական, հետբուհական կրթությանը, ոչ ֆորմալ կրթությանը, մասնագիտական վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը, վերամասնագիտացմանը, ինտելեկտուալ զարգացմանը։ Կրթության համակարգն ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ և լիարժեք կյանքի երջանկության համար անհրաժեշտ հնտություններ։ Մենք պետք է արձանագրենք, որ բարեկեցության ձևավորման առանցքային մոդելը Հայաստանի Հանրապետությունում հետևյալն է՝ կրթություն, աշխատանք, մասնագիտական կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Կրթական համակարգը պետք է կարողանա մարդուն օժտել բարեկեցության այս բանաձևն իր կյանքում կիրառելու համար անհրաժեշտ հմտություններ։

Կրթությունը նաև սոցիալական երևույթ է և բացի կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտներից, որպես պետության վերելքի և կրթական միջավայրի զարգացման գործոն, էական է հանրության սոցիալական կապերի ամրապնդումը, այդ թվում՝ սոցիալական, անմիջական և ոչ թե համացանցային շփման հարթակների զարգացմամբ, կրթականին զուգահեռ նաև մշակութային հոգևոր կյանքի, ինչպես նաև սոցիալական շփման մյուս հնարավոր հարթակների՝ ընթերցանության և այլ ակումբներ, երիտասարդական կենտրոններ, ահա այս ամենի զարգացումն ու քաջալերումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Այս համատեքստում, առանձնահատուկ կարևոր է մշտական ու շարունակական անդրադարձ ունենալ հետևյալ հարցերին՝ ի՞նչ է պետությունը, ո՞րն է նրա առանձնահատկությունն ու նշանակությունն արտաքին և ներքին հարաբերություններում, ի՞նչ է նշանակում լինել պետություն, լինել պաշտոնյա, պետական կամ համայնքային ծառայող և/կամ լինել քաղաքացի, ինչպիսի՞ն են նրանց հարաբերությունները և ինչպիսի՞ն պետք է լինեն, ի՞նչ առանձնահատկություններ և ինչպիսի՞ ռիսկեր ունեն այդ հարաբերությունները։ Սա առանձնահատուկ կրթական թեմա է, որը կենսական նշանակություն ունի պետության զարգացման և հարատևության համար, և այս ուղղությունը պետք է ներկա լինի կրթության բոլոր մակարդակներում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հանրային քննարկումներում։

Ի վերջո, քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, վստահի նրան, պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն և սիրելի լինի նրա համար։ Սա է պետական պաշտոնյայի գործունեության խորքային նպատակը։ Միևնույն ժամանակ, պետք է գիտակցել, որ քաղաքացու իրավունքների և պարտականությունների համակարգերը որակական փոխկապակցվածության մեջ են։ Որքան բարձր է պարտականությունների կատարման որակը, այնքան ուժեղ է իրավունքների պաշտպանության համակարգը: Միևնույն ժամանակ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել իրավունքի գերակայությունը և օրենքի առաջ բոլորի հավասարությունը:

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Նախագահի հարգելի՛ տեղակալներ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության հարգելի՛ անդամներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Ներկայացվող ծրագրի հիման վրա ես աշխատեցի հնարավորինս կարճ ելույթ ունենալ, ծրագիրը բազմաշերտ է, հարցուպատասխանի փուլում, համոզված եմ, մնացած շերտերին էլ կանդրադառնանք՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, և ներկայացվող ծրագրի հիման վրա Կառավարությունն ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը և իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն, այսպիսով, թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը: Շնորհակալ եմ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31