Մթերման գներից բողոքող կաթ արտադրող ֆերմերներին երեկ կառավարության շենքի առջեւ փոխարինելու էին եկել արմավիրցի միս արտադրողները: Ավելի կոնկրետ՝ մսամթերման նպատակով անասնապահությամբ զբաղվող մեր հայրենակիցները: Խոսքն, ընդհանուր առմամբ, մի քանի հազար ֆերմերի է վերաբերում, իսկ ընտանիքներով՝ մի քանի տասնյակ հազար մարդու:
Ցուցարարներից մեկը սպառնում էր «ճամփեքն էնպես փակել», որ ապրիլ-մայիսյան հեղափոխական ճանապարհափակումները մանկական խաղ թվան: Մի քանիսն ընդհանրապես սպառնացին, որ «կթողենք-կեթանք Ռուսաստան, բանվորություն անելու»:Մեկ ուրիշը նկարագրում էր, թե ինչ ծանր պայմաններ են, մանավանդ «էս շոգի պայմաններում: Անասունները նիհարում են, կորցնում ապրանքային քաշը, ցուլիկները, երինջները «քաշ են գցում», մեկը պատմեց, որ խոզերն են նաեւ «փչանում», սատկում: Մեկ ուրիշը խոստանում էր եղած կենդանիներին բերել հրապարակ, մորթն անել, հենց մայրաքաղաքի կենտրոնում դնել սեղանիկներին, վաճառել, հասույթի գումարով էլ օդանավի տոմս առնել ու արտագաղթել…
Մի խոսքով, ահավոր կորուստներ են կրում մեր հայրենակից անասնապահ-մսի ֆերմերները: Դիմում էին, իհարկե, Նիկոլ Փաշինյանին՝ «օգնեք գյուղացուն»…
Լավ, իսկ ի՞նչ է եղել: Ի՞նչ է պատահել: Ո՞րն է խնդիրը:
Իսկ խնդիրը, սիրելի, այդ թվում՝ հպարտ ու տրամաբանող հայրենակիցներ, այն է, որ տեղական միսը չի մթերվում: Սա շղթա է, ուստի խնդիրը դիտարկենք «ըստ օղակների»:
Թեթեւակի հիշեցնենք, որ թավշահեղափոխական նոր իշխանության առաջին քայլերից մեկը եղավ սուպերմարկետների վրա ԱԱԾ-ով ու հարկային մարմիններով «նայեզդ անելը»: Այն ժամանակ 11 սուպերմարկետատեր հայտարարեց, որ նախկինում տեղական գյուղմթերքի վերաբերյալ եղել է պայմանավորվածություն, ինչի համար ԱՁ-ներով են աշխատել: Բայց դե, գործը հարուցվել է, քննությունն, ինչպես հայտնի է, ընթանում է:
Իսկ բիզնեսը զգայուն է: Բարդ է բացատրել հեղափոխական կառավարիչներին, բայց դա արդեն կարեւոր չէ:
Կարեւորն այն է, որ սուպերմարկետները, որոնք, ի լրումն ամենի, տեղական գյուղմթերքի, այդ թվում՝ մսի խոշոր մթերողներ են: Այսինքն՝ մեծածախ գնորդներ: Տավարի եւ խոզի մսի մեծ ծավալ է իրացվում այդ սուպերմարկետներում: Իսկ սուպերմարկետներն ստիպված են աշխատել ավելացված արժեքի հարկման դաշտում: Ինչպես ասվում է՝ մեռնեմ օրենքին: Խնդիր չկա՝ 20 տոկոս ԱԱՀ պե՞տք է վճարեն: Վճարում են: Ամեն ինչ օրինական է ու հստակ: Բայց դա նշանակում է, որ մսի գինը պիտի առնվազն 600 դրամով (իրականում՝ մինչեւ 1000 դրամ) բարձրանա: Իսկ թանկացած միսն արդեն վատ կսպառվի: Շրջանառություն է ընկնում եւ այլն:
Միս արտադրող ֆերմերներին սուպերմարկետատերերն ասում են՝ եղբայրներ, 600 դրամ «իջեք» մեծածախ գինը (1 կգ-ն՝ 2500-2650 դրամ, կախված որակից եւ այլ հանգամանքներից), որ վերցնենք: Գյուղացիներն էլ պատասխանում ու երեկ էլ ասում էին՝ եթե 600 դրամ իջնենք, կտուժենք, չենք կարող, վարկեր ենք մարում, կերակրում ենք, ծախսեր ենք անում, գին իջնելու տեղ չկա:
Ի՞նչ է անում սուպերմարկետատեր գործարարը: Ճի՛շտ է: Գտնում ու գտել է համեմատաբար մատչելի միս, բայց արտերկրում: Կարճ ասած, ներկրում են համեմատաբար մատչելի միս, աշխատում են ԱԱՀ-ի դաշտում, գինն էլ չեն բարձրացրել, շրջանառությունն էլ համեմատաբար պահպանվում է:
Հա, բայց անելանելի ու ահավոր վիճակում են հայտնվել տեղական միս արտադրողները: Շուկայում, պարզ ասած, տեղական մսի լճացում է: Խոշոր մթերողներին, սուպերմարկետներին այդ միսն, ըստ էության, պետք չէ: Իրենք գտել են էժան մսի տարբերակ, որ ե՛ւ 20 տոկոս հարկման դաշտում աշխատեն, ե՛ւ շրջանառությունն ու հաճախորդներին չկորցնեն: Կա, իհարկե, էժան մսի որակի հարցը, բայց «երկու երանի մեկ տեղ չի լինի»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում


















































