Լրահոս
Օրվա լրահոսը

Անօրենին հաղթում են միայն օրենքով

Սեպտեմբեր 18,2018 10:01

Անցած շաբաթ Քոչարյանի փաստաբանները հանդես էին եկել հայտարարությամբ եւ ասուլիսով: Դա բնական է՝ միայն ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ փաստաբանը չէր փորձի հօգուտ իր վստահորդի օգտագործել հայտնի պաշտոնյաների գաղտնալսված հեռախոսազրույցը եւ վարչապետի հուզական հանրահավաքային հայտարարությունները: Իսկ Քոչարյանն իհարկե հնարավորություն ունի վարձելու լավագույն փաստաբաններին: Նրանց մեկնաբանությունները կարող են ընդունելի կամ անընդունելի լինել, ինքը՝ երկրորդ նախագահը, կարող է համակրանք կամ հակակրանք առաջացնել: Բայց ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ հոգեբանական տեռորը մերժելի է ցանկացած մարդու, այդ թվում՝ փաստաբանների կամ դատավորների հանդեպ:

Հայաստանի Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին կետում նշվում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք», ինչից հետեւում է, որ փաստաբանի օգնություն կարող է ստանալ ցանկացած քաղաքացի՝ անկախ նրանից, թե ինչպիսի մեղադրանք է առաջադրվում այդ քաղաքացու դեմ: Հիմնական օրենքում գրված չէ, որ այդ իրավական նորմը չի տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք ինձ, ձեզ կամ որեւէ մեկին դուր չեն գալիս: Եթե փաստաբանը ստանձնում է, ասենք, 15 աղջիկ բռնաբարած եւ սպանած մի մոլագարի պաշտպանությունը, դա ամենեւին չի նշանակում, որ նա որեւէ կապ ունի այդ հանցագործության հետ: Նա իրականացնում է օրենքով նախատեսված գործընթաց: Այսինքն՝ այդ մոլագարի շահերի պաշտպանը մոլագար չէ, մարդասպան չէ, ազգի դավաճան եւ ծախված տականք չէ:

Նույն Սահմանադրության 164-րդ հոդվածի առաջին կետում գրված է. «Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ եւ գործում է միայն Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան» եւ ոչ թե քաղաքացիների մեծամասնության բացասական հույզերին համապատասխան: Իհարկե, դատավորը կարող է նաեւ ապօրինի որոշում ընդունել եւ այդ դեպքում պետք է պատասխանատվություն կրի: Բայց այդ ապօրինությունը դարձյալ անհրաժեշտ է ապացուցել դատական կարգով: Իսկ եթե այդ ապօրինության մասին խոսում է ՀՔԾ պետը, ապա, ինչպես ասում են, մեխն էլ է նրա ձեռքին, մուրճն էլ՝ թող գործ հարուցի այդ դատավորի դեմ: Պետք չէ, այսպես ասած, «հալածել» այն դատավորին, եթե նրա ընդունած որոշումը մեզ դուր չի գալիս:

Ասում են՝ «բա որ Քոչարյանն էր Սահմանադրություն խախտում», բայց դա, ինչպես արդեն մի անգամ գրել էի, փաստարկ չէ: Այո, Քոչարյանի ժամանակ Հայաստանում ծաղկում էր ապօրինությունը, կոռուպցիան, քաղաքացիների նկատմամբ ամենաբիրտ ճնշումներն էին իրականացվում, եւ երկրորդ նախագահը բարոյական ոչ մի իրավունք չունի որեւէ մեկին բռնապետ անվանելու: Բայց ինչպես հայտնի է, ատելությանը չես հաղթի ատելությամբ, այն կարելի է հաղթահարել միայն սիրով: Ճիշտ նույն ձեւով՝ ապօրինությունները հնարավոր է հաղթահարել միայն օրինականությամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիամաքսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Խնդիրը այն է թէ շարժման ղեկավարը փորձում է թէ՛ յեղափոխութիւն կատարել, թէ՛ մնալ օրինական/սահմանադրական ծիրին մէջ:

    Սա paradox մըն է, որ անհնար է միտքով լուծել:

    • Հ.Շ. says:

      Այս խորապէս անտրամաբանական կացութեան ամենավարպետ կերպով յարմարվողները, փաստօրէն, ոստիկանական մարմիններն են: Տակաւին նուազ չափով՝ դատական մեքենան – զորս սակայն Հայաստանում ստորադաս է ոստիկանական ծառայութեանց – :

      Սակայն այս ընթացքով, ներազգային սուր լարուածութիւնը կարող է նաեւ վարակել բանակը:

  2. Լավատես says:

    ՝Բայց ինչպես հայտնի է, ատելությանը չես հաղթի ատելությամբ, այն կարելի է հաղթահարել միայն սիրով:՝
    Սերն էլ, ատելությունն էլ պետք է փոխադարձ լինեն, հակառակ դեպքում հաջողության չես հասնի: Այդ պատճառով, եթե ուզում ես քո սիրո դաշտ ներքաշես թշնամուդ ու այնտեղ հաղթես նրան՝ ուրեմն ստիպիր քեզ ատող թշնամուդ քեզ սիրել, իսկ եթե թշնամիդ քեզ ստիպի ատել նրան՝ կգնաս նրա ատելության դաշտն ու կպարտվես: Այստեղ գլխավոր բառը ստիպելն է, ով ում կստիպի հրաժարվել սեփական էությունից ու ընդունել դիմացինի էությունը, նա էլ կհաղթի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930