Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակը կգլխավորեմ ես, Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին. Վիգեն Սարգսյան

Նոյեմբեր 11,2018 20:32 Share

«Որոշումը կայացված է. մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ անդամ, ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ընտրվել է կուսակցության նախագահի առաջին տեղակալ:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց՝ մի փաստաթուղթ՝ բանաձև է մշակվել, որը տեղադրված է ՀՀԿ կայքում, որտեղ ամրագրված են  ՀՀԿ մոտեցումները երկրում գոյություն ունեցող գործողությունների, գործող կառավարության արձանագրած արդյունքների վերաբերյալ:

Վիգեն Սարգսյանը փաստեց՝ իշխանություն լինելուց հետո երկար տարիներ կուսակցությունը նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներ է որոշում: Ուստի որպես ընդդիմադիր ուժ՝ ՀՀԿ-ն պատրաստ է կուսակցությունում կուտակված փորձը, թիմը օգտագործել երկրի հետագա առաջընթացի համար:

Վիգեն Սարգսյանն ասաց՝ իրենց թիմը քաղաքական է, ինչն ապացուցեցին վերջին ամիսների իրադարձությունները. «Գոնե այն մարդիկ, որոնք քաղաքական կորիզն են կազմում կուսակցության և լինելու են մեր ցուցակի առանցքում, գտնվել են ցուցակում ոչ այն պատճառով, որ կուսակցությունը եղել է իշխանություն, այլ համարել ենք, որ ՀՀԿ-ն ունի առաքելություն, գաղափարական օրակարգ, որը այսօրն էլ ավելի է պահանջված: Ընդդիմության մեկ հայտ կա, դա ՀՀԿ-ի կողմից է: Եթե ուզում ենք, որ խորհրդարանում լինի երկու կարծիք կամ պետք է ընտրենք Նիկոլ Փաշինյանին, կամ ՀՀԿ-ին»:

Դառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մոտեցումներին՝ Վիգեն Սարգսյանն այդ ընտրությունները որակեց չափազանց արագացված. «Դա խաթարում է քաղաքական գործընթացները, թույլ չի տվել բազում քաղաքական ուժերի վերադասավորվել և պլանավորել իրենց մասնակցությունն ավելի տրամաբանական և խելամիտ ձևով: Մեզ ավելի հեշտ է դա անել. ունենք կառույցներ, փորձ և բավարար ինստիտուտներ, որ կարճ ժամկետում նախապատրաստվենք ընտրություններին: Գնում ենք ընտրությունների՝ շատ լավ հասկանալով, որ այդ հապճեպության պատճառներից մեկն այն ոգևորությունն է, որն իշխող ուժն ունի հատկապես Երևանի ընտրություններից հետո: Հենց սրա վրա էլ հիմնված է քաղաքական հաշվարկը: Մենք հայտ ենք ներկայացնում մասնակցելու այս ընտրություններին որպես հիմնական ընդդիմադիր ուժ»:

Ըստ Վիգեն Սարգսյանի՝առաջիկա ընտրություններում չի որոշվում, թե ով է լինելու իշխանությունը. այդ հարցը կարծես արդեն որոշված է, և այն վարչապետը, որին հրապարակում հավաքված ժողովուրդը և ԱԺ-ն հնարավորություն է տվել աշխատելու, ունի ապացուցելու, աշխատանք կատարելու բան:

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ունենալով ընտրված վարչապետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ ընդդիմություն ձևավորելու համար են:

Դառնալով ՀՀԿ ցուցակին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ ցուցակն ինքն է գլխավորելու ու մանրամասնեց. «Ցուցակը կազմված է լինելու ինչպես մեր կուսակցության անդամներից, ընկերներից, այնպես էլ այլ կուսակցության ներկայացուցիչներից կամ անկուսակցական թեկնածուներից»:

Հարցին Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է քարոզարշավին, Վիգեն Սարգսյանը պատասխանեց՝ ոչ: Կարեն Կարապետյանը լինելո՞ւ է ցուցակում հարցին ի պատասխան Վիգեն Սարգսյանը կրկին բացասական պատասխան տվեց:

Իսկ թե ինչու էր Ռուբեն Հայրապետյանը բարկացած դուրս եկել նիստից, Վիգեն Սարգսյանը պարզաբանեց. «Ռուբեն Հայրապետյանի հետ զրուցել եմ, շատ լավ տրամադրությամբ է եղել չգիտեմ՝ ճանապարհին ում է  տեսել, որ դժգոհել է»:

Թե ինչու պետք է ժողովուրդը ձայն տա այն ՀՀԿ-ին, որը լինելով իշխանություն բոլոր ոլորտներում ձախողել է, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Այն պատճառով պիտի վստահեն ՀՀԿ-ին, քանի որ մենք երկար տարիներ լինելով իշխանություն՝ գիտենք մեր երկիրը մանրամասն, և գործող իշխանությանն ունենք ապացուցելու բան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զ.Կ. says:

    ՀՀԿ-ի ու Դաշնակցության հավաքած ձայներից պարզ կդառնա թե բնակչության քանի տոկոսն է կրում այդ բանդաների ֆաշիստական գաղափարախոսությունը: Պարզ կդառնա թե ինչքան մարդ է դրական գնահատական տալիս Արցախի հողերի հանձմանը, ստրկամտությանը, մանվելներին ու սաշիկներին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930