Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշի ռազմավարական բարձունքներն ու Մատաղիսն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդին ևս պատգամավորի թեկնածու է

Նոյեմբեր 22,2018 00:25

Արմավիրի մարզի  «Իմ քայլը» դաշինքի 14 վարկանիշային թեկնածուներից մեկը Էջմիածնի փոխքաղաքապետ, անկուսակցական Արգիշտի Մեխակյանն է, ով ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին շքանշանների ասպետ, Ֆիզուլիի գրավման մարտերին մասնակցած, Թալիշի վերին բարձունքից մինչև Մարտակերտ ձգվող լեռնաշղթայի հերոսական պաշտպանությունն իրականացրած, 60 նվիրյալներով Մատաղիսն ու Թալիշի ռազմավարական բարձունքներն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդին է։

Մեխակ Մեխակյանն իր կյանքն ավանդել էր հենց Թալիշի բարձունքում, որը և անվանել են Մեխակասար։ Հերոսի անունն է կրում նաև հայրենի Արագած գյուղի դպրոցը, որտեղ նա Հայոց պատմություն է դասավանդել, դպրոցում հնագիտական թանգարան հիմնել։

Հերոսի որդին՝ մասնագիտությամբ տնտեսագետ Արգիշտի Մեխակյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, պետական կառավարման համակարգում աշխատանքային բավական հարուստ փորձ ունի․ նա  զբաղեցրել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնականի, այնուհետ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնականի պաշտոնը։ Այժմ Էջմիածնի փոխքաղաքապետն է։ Լինելով իր աշխատանքային և մասնագիտական ոլորտներում արհեստավարժ և տիրապետելով օտար լեզուների՝ Հայաստանը ներկայացրել է Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված միջազգային կոնֆերանսների, ֆորումների և աշխատանքային հանդիպումների ժամանակ։

Aravot.am-ը թեկնածուից հետաքրքրվեց՝ պետական կառավարման ու  տեղական ինքնակառավարման համակարգում ի՞նչը չի բավարարում, որ ցանկություն է հայտնել օրենսդիր մարմնում իր ներուժն ունենալու։

-Երկար տարիներ ներգրավված եմ եղել ինչպես հասարակական, այնպես էլ պետական աշխատանքի մեջ։ Սակայն նախկին իշխանության տարիներին, ինչպես տնտեսության բոլոր ոլորտներում, այնպես էլ քաղաքական դաշտում, գաղջ մթնոլորտ է տիրել, և շատերը, այդ թվում նաև ես իմ գաղափարներն իրացնելու խնդիր ենք ունեցել։ Ուստի այդ ընթացքում ավելի շատ աշխատել եմ իմ կրթության և որպես մասնագետի կայացման վրա։ Իսկ մեր թավշյա հեղափոխությունից հետո, երբ որ նախկին իշխանությունները ընկրկեցին, հնարավորություն ստեղծվեց այդ ամենն իրականացնելու։ Եվ ես հիմա արդեն իմ հոր գաղափարների հետևից եմ գնում, քանզի հնարավորությունն է ստեղծվել, որ ես շարունակեմ դրանց իրագործումը՝ ի նպաստ հորս երազած Հայաստանի, որտեղ յուրաքանչյուր հայ պետք է իրեն ապահով և երջանիկ զգա։

-Ձեր հայրն իրեն պետության զինվոր է համարել, նույնիսկ վիրավոր լինելով ու չորս մանկահասակ երեխաներ ունենալով՝ ռազմադաշտից տուն չի եկել, բարդ ռազմական օպերացիաներ է իրականացրել։ Ձեր պատկերացմամբ՝ բացի արցախյան հերոսներից, ովքեր իրավունք ունեն պետության զինվոր կոչվելու։

– Ինձ համար պետության զինվորը նա է, ով իր և՛ մասնագիտական կարողություններով, և՛ մարդկային հատկանիշներով, իր նիստուկացով, վերաբերմունքով և առավել ևս իր գործունեությամբ պետք է ամեն օր ի նպաստ իր երկրի, հայրենիքի, իր համայնքի կայուն զարգացման համար աշխատի։ Սա եմ ժառանգել իմ հորից, որը որպես խոր արժեք, մանկուց ի վեր նստած է իմ ներսում։

-Ո՞վ կլինի ձեր ընտրազանգվածը, ուսումնասիրություն կատարե՞լ եք, շուրջբոլորից մարդկանցից արձագանքներ ստացե՞լ եք այս թեմայի շուրջ։

-Ինձ հասած արձագանքները դրական են միայն, բայց ես չեմ ուզում հենվել միայն դրանց վրա․ դրանք կարող են խաբուսիկ լինել, քանի որ ոչ մեկը չի գա և ձեզ չի ասի վատը, պարզ է, որ միայն ավելի լավն են ասում։ Իհարկե, շատ ուրախ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ինձ արված առաջարկը այսպիսի դրական արձագանքների արժանացավ, ինչը ինձ համար էլ ավելի պարտավորեցնող է։ Արմավիրում շատ շատերը իմ ընտանիքին ճանաչում են, գիտեն ես ինչպիսի դաստիարակություն և կրթություն եմ ստացել, ինչով եմ զբաղվել այս տարիների ընթացքում։ Իմ ընտրազանգվածը մասնավորեցնելը բավականին բարդ է ինձ համար, քանի որ ինձ սատարում է և հասարակ գյուղացին, և մտավորականը, և երիտասարդները։ Եվ սա ինձ համար մեծագույն պատիվ է, ինչի համար շնորհակալ եմ յուրաքանչյուր արմավիրցու։

-Ձեր հայրիկի անցած փառահեղ ճանապարհը կօգնի՞ ձեզ՝ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու։

-Իհարկե շանսերի առումով դա մեծ առավելություն է տալիս։ Սակայն այդ հանգամանքը ինձ համար քառակի պատասխանատվություն և պարտականություն է նշանակում։ Խորհրդարանական աշխատանքներում ներգրավելու ցանկությունս ինքնանպատակ չէ, և դա ինձ համար պարզապես հարթակ չէ, որտեղ պատսպարվելու եմ գնալու, ընդհակառակը՝ իմ քաղաքական թիմի հետ միասին գնալու եմ պայքարելու՝ ի նպաստ մեր երկրի շարունակական զարգացման։

-Իսկ ինչպե՞ս կգնաhատեք Արմավիրում տիրող նախընտրական մթնոլորտը, Ընտրական նոր օրենսգիրք չունենալը որոշակի խոչընդոտներ չի ստեղծի՞, և արդյո՞ք վերջնականապես ազատականացված է այդ տարածքը, որ ով ուզի պատգամավորի թեկնածություն առաջադրի և  գեներալ կամ գեներալի բարեկամ լինելը ոչ մի նշանակություն չունենա։

-Չեմ կարծում խոչընդոտներ կլինեն։ Հիմա դաշտն ազատ է, մաքուր է, բոլորն էլ հավասար իրավունքներ և հնարավորություններ ունեն։ Վիճակը դեռևս նորմալ եմ գնահատում, այս պահի դրությամբ հանգիստ է, իրավիճակի ավելի կոնկրետ գնահատական կարող եմ տալ հենց բուն քարոզարշավի ընթացքում։

-Եթե ընտրվեք Ազգային ժողովի պատգամավոր, ո՞ր խնդիրների լուծմանը կնպաստեք ձեր օրենսդիր գործունեությամբ։

-Ես գործադիր մարմիններում եմ աշխատել, այժմ Էջմիածնի փոխքաղաքապետն եմ և լավ եմ պատկերացնում այն խնդիրները, որոնք ունեն համայնքները՝ մասնավորապես Արմավիրի մարզում։ Մեր մարզը, հիմնականում լինելով գյուղատնտեսական գոտի,  լուրջ խնդիրներ ունի ոռոգման հետ կապված, կան համայնքներ նույնիսկ խմելու ջրի խնդիր ունեն, գյուղացիները գյուղմթերքի իրացման լուրջ խնդիր ունեն։ Իսկ այս խնդիրների կարգավորման համար պետք է բարեփոխումներ կատարել և նպաստավոր օրենսդիր դաշտ ձևավորել, որտեղ յուրաքանչյուր հայ՝ լինի երիտասարդ, թե տարեց անկախ իր զբաղեցրած դիրքից, ունեցած կապերից և հայացքներից, պետք է հավասար, ապահով և պաշտպանված զգա։

-Իսկ Պաշտպանության բանակի որոշ զորամասերում տիրող անառողջ մթնոլորտն ու վատ բարքերը վերացնելու ուղղությամբ ի՞նչ անելիք  կունենաք։

-Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը՝ մեր հայոց բանակը, կուզենայի ավելի համակարգված և ավելի հզոր տեսնել։ Բանակ, որտեղ ձևավորված միջավայրը, արմատացած բարքերը ծառայությունից խուսափելու առիթ չեն դառնում․ ընդհակառակը՝ յուրաքանչուր հայորդու համար մեծագույն պատիվ պետք է լինի Հայոց բանակի զինվոր լինելը։ Եվ օրենսդրական բարեփոխումների առաջնահերթ թիրախներից մեկը հենց բանակը պետք է լինի, ուր հայ զինվորը, անկախ ստեղծված պատերազմական դրության, իրեն պետք է պաշտպանված զգա, որպեսզի կարողանա ապահովի իր իսկ հայրենիքի անվտանգությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930