Լրահոս
Օրվա լրահոսը

Հպարտ քաղաքացու նամակը հոգեբուժարանին

Դեկտեմբեր 01,2018 23:55

Խոստովանում եմ, որ արդեն խելագարության շեմին եմ: Եվս մի երկու շաբաթ և կամավոր ներկայանալու եմ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում հանգրվանած Հոգեկան առողջության կենտրոն: Եթե բախտը կյանքում գեթ մեկ անգամ ինձ ժպտա, ապա նաև երկարատև բուժման:

Դուք, իհարկե, կռահեցիք, որ խոսքս վերաբերում է չարագույժ դժոխային հրավառություններին և դժնդակ պայթուցիկագրոհներին: Նոյեմբերի 2-ին «ՀՀ»-ում տպագրվեց «Տանկի և ռագատկայի պատերազմը» բազմախոստում վերնագրով ֆելիետոնը, որտեղ հանգամանալից նշագրված էին թե՛ հրագործական ապրանքատեսականու գործածման ահարկու վնասները (մեջբերված էր ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական եզրակացությունը), թե՛ գործածողների ահավոր արհամարհանքն առ համերկրացիները, թե՛ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հարգարժան տիար Արարատ Միրզոյանի

ելույթը խորհրդարանում, երբ իշխանության էր ՀՀԿ-ն, իսկ «Ելքը» արմատական ընդդիմություն էր: (Ի՜նչ երանելի օր էր, վերջապես երկրում իրական ընդդիմություն էր ձևավորվել, որի ներկայացուցիչը տեր էր կանգնում երկրին, երկրի բնակչին, փորձում պաշտպանել ՀՀ տարաբախտ, քաղաքացիներիս նախ առողջությունը, այնուհետև արժանապատվությունը: Ահա մեկ դրվագ նրա արժանավոր ելույթից. «…Ժողովուրդ ջան, այս հրավառությունները պետք է կամ առհասարակ արգելել, կամ թողնել պետության մենաշնորհը՝ տոների ժամանակ»): Ավա՜ղ…

***

Ի՜նչ թեթևություն էր պարուրել հոգիս, երբ ընդունվեց օրենք, որը պետք է կարգավորեր հրավառությունների գործածության վայրերը (դուրս բակերից, բնակելի շենքերի մոտակայքից, մետրոպոլիտենից և այլնից), և տուգանք էր սահմանել՝ կարգազանցներին պատժել 1 մլն դրամով, եթե կարգազանցը խելքը գլուխը չի հավաքում, ապա արդեն 2 մլն-ով: Օրենքն ընդունվեց, սակայն չի գործում:

Գործնական քայլ կատարեց (ինչ խոսք՝ «Քայլ արա, մերժիր հրավառողներին» նշանաբանի ներքո) ՀՀ առողջապահության նախարար, հարգարժան տիար Արսեն Թորոսյանը սույն տարվա հունիսի 7-ի կառավարության նիստում, առաջարկելով հրավառությունները կամ առհասարակ արգելել, կամ թույլատրել պետական տոների ժամանակ: Առաջարկը մերժվեց և խելագարության առաջին նախանշանը բնավորվեց հպարտ քաղաքացուս անպարտ ներաշխարհում:

***

Այս աշնանը դիմեցի ՀՀ 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, ներկայացրի եղելությունը և առաջարկեցի արմատական քայլեր ձեռնարկել շուրջօրյա հրավառությունների և ամանորյա պայթուցիկագրոհների կանխարգելման նպատակով: Տե՜ր իմ երկնավոր, ի՜նչ հույսեր էի փայփայում…

Ախորժակիս մի ողջ տակառ քացախաթթու, հուսավառ դիմումիս ի պատասխան ստացա հուսախորտակիչ մի գրություն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից, որն ինձ ուղղորդել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի  Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ա. Ղազարյանը: Բա, կներեք, չգժվե՞մ, և դիմում եմ ՀՀ 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, ինձ պատասխանում է ՀՀ վարչապետի վերոնշյալ ծառայության պետը՝ ահա նման առաջնատողով. «Ի պատասխան ՀՀ վարչապետին հասցեագրված Ձեր դիմումի…»: Եվ այլն: (Տիար 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյան, թախանձագին պաղատում եմ, անձամբ պատասխանեք նամակիս, արդեն հոգեբուժարանի հասցեով):

***

Եվ ահա հասունացավ ժամանակը ծնրադիր ներողություն հայցելու գործող ոստիկանապետ, ինձ համար խիստ համակրելի գնդապետ տիար Վալերի Օսիպյանից, ահա այս բացատրությամբ. արգո ոստիկանապետ, այսօր Դուք (և ողջ ոստիկանությունը), նախկինում ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ՝ պատվարժան գնդապետ Ա. Կիրակոսյանը, դարձել եք իմ և ՀՀ նախկին, նաև ներկա իշխանությունների և կառավարության վաղուց ի վեր խիստ համազուրկ փոխհրաձգությունների զոհը: Ես դիմում եմ նրանց, որ սթափվեն, ամորձատեն հրագործական ապրանքատեսական ներկրումը, արտադրությունը, վաճառքն ու գործածումը խստորեն վերահսկող անհայտ, բայց ամենազոր հրեշին, նրանք թիրախավորում են ձեզ:

***

Էական մի տարբերությամբ տիար Օսիպյանը վերջնական լույս է սփռում իրավիճակի վրա. «Այսպիսով գործող իրավակարգավորումներով հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը արգելված չլինելու պարագայում, ոստիկանությունը այս ոլորտում իրականացնում է միայն իրավախախտումների նախականխման և բացահայտման լիազորություններ»:

***

Հույսով առլեցուն դիմեցի նաև Երևանի նորընտիր քաղաքապետ տիար Հայկ Մարությանին և մայրաքաղաքի ավագանուն: Ղշի թևով ուղարկված նամակս վերադարձավ տատրակի կաքավումով, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Ա. Թովմասյանի գրությամբ: Ահավասիկ մեկ պարբերություն գրությունից, որը լիառատ լույս է սփռում Երևանի երիտասարդ և բարեփոխիչ քաղաքապետի և մեր հույս ու ապավեն ավագանու դիրքորոշման վրա. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12.1-րդ մասի համաձայն տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութերի (արտադրանքի), հրագործական բաղադրիչների և այլ պայթուցիկ սարքերի (նյութերի) վաճառքը թույլատրվում է բացառապես սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից…»:

Ձեզնից ևս ծնրադիր ներողություն եմ խնդրում, հարգարժան ժ/պ Ա. Թովմասյան:

***

Վերջին մի հույսով դիմել եմ ՀՀ ՄԻՊ տիար Արման Թաթոյանին: Դիմել և խնդրել եմ պաշտպանել ինչպես իմ, այնպես էլ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության արժանապատվությունն ու առողջությունը: Դիմել եմ, առաջարկելով միջազգայնացնել խնդիրը, քանզի երկրի կառավարությունը կամա-ակամա անզոր է այն լուծելու:

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ.Գ.-1. Սույն հրապարակմամբ դիմում եմ նախընտրական քարոզչության մեջ խորասուզված քաղաքական ուժերին՝ սկսած ՔՊ-ից և վերջացրած ՀՀԿ-ով, սույն խնդիրը ներառեք ձեր նախընտրական ծրագրերում և խոստացեք այն անհապաղ լուծել:

Հավատացեք, բավականին ձայներ կստանաք:

Հ.Գ.-2. Հարգարժան տիար Թաթոյան, եթե հաճեք պատասխանել ինձ, ապա պատասխանը երկու օրինակից (մեկը հաստատության գլխավոր բժշկին, մյուսն անձամբ ինձ) ուղարկեք Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն:

Հ.Գ.-3. Տեղեկացնում եմ, որ հոգեբուժմանս ծախսերն հոգալու է ներկա կառավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ցավակցություններս ՀՀ հպարտ քաղաքացուն…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31