Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրոֆեսիոնալ մոդելին անհրաժեշտ է կրթություն»

Ապրիլ 04,2019 14:00

Հարցազրույց մոդել Արթուր Գրիգորյանի հետ

– Դուք հայաստանցի եզակի մոդելներից եք, որ պրոֆեսիոնալ կրթություն է ստացել Սերգեյ Զայցեւի մոսկովյան դպրոցում (առաջին բեմելը կայացել է 2006թ.): «Առավոտի» հետ զրույցում (12.06.2014թ.) հայտնել էիք, որ պայմանագիր եք կնքել Արաբական Էմիրությունների գործակալություններից մեկի հետ, որտեղ ժամանակ առ ժամանակ անցկացնում եք ֆոտոսեսիաներ: Խոսելով հայաստանյան մոդելային ոլորտի մասին, նշել էիք, թե այն քիչ աղերսներ ունի արեւմտյան չափանիշների հետ: Մինչդեռ շուրջ 15 տարի առաջ Նանի Կազարին մոդելային արվեստում կատարելագործվելու նպատակով մեկնեց ԱՄՆ եւ այսօր համարվում է ամերիկյան այդ ինդուստրիայի նշանավոր դեմքերից մեկը, վերջին շրջանում էլ դարձյալ ԱՄՆ-ում հայտնված Ալեքս Ղարիբյանն է նկատելի հաջողություններ գրանցում կամ՝ շուրջ մեկ տարի է՝ աշխարհահռչակ Victorias Secret բրենդի մոդել է Ռուբինա Խանզադյանը… Տարիներ անց փոխե՞լ եք ձեր կարծիքը:

– Նույն կարծիքին եմ: Ցավոք, մեզանում համապատասխան կրթություն ստացած մոդելներին կարելի է մատների վրա հաշվել: Ինչ վերաբերում է Արաբական Էմիրություններում գործունեությանս, մեկ տարվա պայմանագիր էի կնքել, որի ընթացքում ժամանակ առ ժամանակ մեկնում էի ֆոտոսեսիաների: Պայմանագրիս ժամկետի ավարտից հետո հրավիրող կողմն առաջարկեց նոր երկարատեւ պայմանագիր՝ Դուբայում մշտապես գտնվելու պայմանով, քանի որ նախկինում հրավիրող կողմն էր հոգում իմ բոլոր՝ նաեւ ճանապարհի ծախսերը: Այն ժամանակ ես դեռ Երեւանի օպերային թատրոնի բալետային խմբի արտիստ էի, փաստորեն մերժեցի առաջարկը, վերադարձա թատրոն: Այսօր արդեն հանդիսանում եմ խմբի փորձավար: Մյուս կողմից՝ մեզ մոտ մոդելի հոնորարը ծիծաղելի գումար է, անգամ զուգահեռ չեմ կարող անցկացնել Արեւմուտքի հետ: Այսօր ինքնուս, ինքնակոչ հայ մոդելները շատ-շատ են եւ նրանց հրավիրում են, ասենք՝ հագուստի դիզայներներն իրենց շոուներին մասնակցելու համար, մինչդեռ պրոֆեսիոնալ մոդելին, ասել եմ եւ կասեմ՝ անհրաժեշտ է կրթություն, որի ընթացքում ձեռք ես բերում բեմական կեցվածք, սովորում աշխատել տեսախցիկի հետ եւ, որ ամենակարեւորն է՝ մոդելը պետք է ունենա իր ձեռագիրը: Օրինակ, ֆոտոսեսիաների ժամանակ ես գիտեի ինչպես «փակել» իմ թերությունները՝ ընդգծելով առավելություններս: Իհարկե, լսում էի նաեւ լուսանկարչի կամ, ասենք՝ տվյալ նախագծի հեղինակի խորհուրդները:

– Եթե չենք սխալվում, ձեր վերջին լուսանկարները հայտնվեցին Glance Hollywood հայ-ամերիկյան ամսագրում: Դա Հայոց ցեղասպանության 100-ամյակի հայաստանյան միջոցառումներից հետո էր: Ամսագրի շապիկին Քիմ Քարդաշյանն է, էջեր են նվիրված նաեւ ճանաչված արվեստագետների, այդ թվում՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանին, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանին, ջութակահար Կարեն Շահգալդյանին, կոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանին եւ այլն: Դուք հիշյալ ամսագրում ներկայացնում եք մոսկվաբնակ ճանաչված հագուստի դիզայներ Մարգարիտա Բաբաջանյանի աշխատանքներից (լուսանկարում)…

– Իսկապես դա իմ վերջին ֆոտոսեսիաներից է, լուսանկարների հեղինակն էլ Գեւորգ Ղոսալմյանն է: Ընդ որում, Մարգարիտան զգեստների հավաքածուից որոշ նմուշներ, որոնցից երկուսով ես եմ հանդես եկել, Երեւան էր բերել հատուկ այդ ամսագրի ֆոտոսեսիաներին մասնակցելու նպատակով:

– Այնուամենայնիվ, եթե լինեն առաջարկներ, կընդունե՞ք դրանք: Նկատենք, որ Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, ֆոտոմոդել Կարլա Բրունի Սարկոզին իր կարգավիճակում տեւական դադարից հետո վերադարձավ ու նշեց, թե ոլորտը գայթակղիչ է…

– Ներկայանալի նախագծերում՝ լինի հայաստանյան, թե արտասահմանյան, միգուցե համաձայնեմ, բայց այս պահին նախապատվությունը տալիս եմ նոր աշխատանքիս կամ կարգավիճակիս՝ օպերային թատրոնում որպես փորձավարի:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

03.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930