Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Ռեւազյան. «Օրենսդրական առաջարկություն ենք անելու՝ օդի փողը հանեն, «Զվարթնոցն» էլ իր սակագներն իջեցնի»

Հուլիս 15,2019 12:23

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր «Արմենպրես» մամուլի սրահում իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին ասաց՝ պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի այսպես ասած՝ օդի փողը հանվի ՀՀ ավիաշուկա նոր մուտք գործող ավիաընկերությունների համար:

«Օդի փողը ամենամեծ խոչընդոտն է, 10 հազար դրամը փոքր գումար չի: Նաեւ «Զվարթնոցի» ծառայություններն են թանկ: Ավիաընկերությունները մեզ ասել են՝ եթե օրենքը ընդունեք, օդի փողը հանեք եւ միաժամանակ «Զվարթնոցն» էլ իր սակագներն իջեցնի, իրենք մուտք կգործեն Հայաստանի շուկա, եթե «Զվարթնոցը» զեղչեր տա նոր ուղղություններին՝ իրենք մուտք կգործեն շուկա 2020-ի գարնանը: Դրանք «Ռայնէյր» (Ryanair) եւ «Վիզէյլր» (Wizz Air) լոուքոսթ ավիաընկերություններ են: «Վիզէյլր»-ը Վրաստանում է թռնում, հայերը հիմնականում հենց «Վիզէյլր»-ի համար են գնում Վրաստան»,-ասաց Ռեւազյանը: Նա վստահեցրեց՝ Զվարթնոցից էլ ասել են՝ իրենք պատրաստ են զեղչեր տալ նոր ուղղություններին:

Ռեւազյանի ներկայացմամբ՝ երբ Ռուսաստանն արգելեց դեպի Վրաստան թռիչքները, քաղավիացիան իր մոտ է հրավիրել ՀՀ-ում գործող բոլոր ավիաընկերությունների ներկայացուցիչներին, որպեսզի իր խոսքով ասած՝ համոզեն Հայաստանն օգտագործեն որպես տարանցիկ չվերթների երկիր. «Չնայած դա մեր գործառույթը չէ, բայց ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, արագ լուծեցինք, որ հուլիսի 8-ից կարողանան չվերթներն իրականացնեն: Ու շատ-շատ նոր ուղղություններ են բացվել, նոր չվերթներ: «Արմենիա» ավիաընկերությունը բացեց Մոսկվա չվերթներ՝ շաբաթական 14 անգամ, սա մեծ հաճախականություն է: Ռուսական ավիաընկերություններն են ավելացրել չվերթները, «Պաբեդան« էլ: Բաթումին է բացվել: Եվ ես շատ կխնդրեի, մեր կլասիկ պատգամավորը, որ լայվ է մտնում, դրանից առաջ կուզենայի զանգեր մեզ, երբ ինքը լայվ մտավ, այդ վայրկյանին մենք հարց էինք լուծում, եւ կարող էինք տեղեկացնել ինչ քայլեր ենք անում, ու ինչ արդյունք կբերեն»:

Գյումրիի օդանավակայանի և օդային ուղևորափոխադրումների մասին:

Gepostet von Edmon Marukyan am Samstag, 22. Juni 2019

Ռեւազյանը նաեւ վստահեցրեց, որ Հայաստանի համար անվճար կրթական ծրագրեր են իրականացնում միջազգային հայտնի ընկերություններն ու մասնագետները, իսկ նման բաների համար կառավարությունները մեծ գումարներ են ծախսում, մեր քաղավիացիային հաջողվել է անվճար կազմակերպել:

«Երբ նշանակվեցի՝ խոսք տվեցի, որ այնպես կանեմ, որ Հայաստանը ճանաչվի քաղավիացիայի ոլորտում: Հպարտ եմ, որ քաղավիացիայի պետ չկա, որ չճանաչի Հայաստանը: Ամեն ինչ արել եմ, որ չկասկածեն, թե Հայաստանն ինչ մեծ հնարավորություն ունի: Օրինակ՝ Կապա ընկերությունը վերլուծություն է արել եւ ապացուցել է, մենք հնարավորություն ունենք նոր ավիաընկերություններ բերելու, եւ այդ հետազոտության արդյունքներն ուղարկել է բոլորին»,-ասաց Ռեւազյանը:

Նա նաեւ նշեց, որ փոքր քաղավիացիայի զարգացման ուղղությամբ էլ աշխատանքներ են տանում. «Մենք վերջերս գրանցել ենք երկու փոքր օդանավ: Մեր քաղավիացիան սովոր չի եղել փոքրով զբաղվել, հիմա փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ անենք, որ հեշտացնենք գրանցման գործընթացը: Պետք է օրենքը փոխենք թեթեւ օդանավերի հետ կապված՝ մինչեւ 450 կգ: Հիմա անհնար է այդ օդանավերը գրանցել Հայաստանում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031