Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կան տերեր փնտրող դատավորներ` ամենալավ վեթթինգը դա է»

Հուլիս 20,2019 10:25

«Ես սպասում էի, որ դատավորների կողմից արձագանք կլինի եւ կտեսնենք` թե ովքե՞ր են վնգստացողներն ու չվնգստացողները: Հրապարակայնորեն նման բան ասելը նաեւ յուրաքանչյուր հայ տղամարդու համար արժանապատվության հարց է` անկախ զբաղեցրած պաշտոնից: Եվ երկրորդ` պատասխանատու, շատ կարեւոր պետական այրերի մասին այդ կերպ արտահայտվելն, առնվազն արժանի էր արձագանքի»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը:

-Պարոն Սահակյան, վերջին օրերի իրադարձություններին հետեւե՞լ եք, ի վերջո Վենետիկի հանձնաժողովի փակ նիստի արձանագրության շուրջ առաջացած աղմուկի պատճառը ո՞րն. ո՞վ, ո՞ւմ հետ եւ ի՞նչ է պայմանավորվել, ըստ Ձեզ:

– Վեթթինգ նշանակում է զտել, մաքրել: Շատ կարեւոր է, թե ովքե՞ր են զտողները եւ ի՞նչ սկզբունքով են զտելու: Զտում կատարելու չափանիշներն ու չափորոշիչներն այնքան հստակ պետք է դրվեն, որ կամային, անհատական, անձնավորված մոտեցումները բացառվեն, այլապես մենք կունենաք հերթական «մերոնք-ձերոնք» դրսեւորումը, եւ այն դատավորները, որոնք այսօրվա իշխանության պահանջները կատարում են, հարմար տեղավորվում են նրանց հետ տարբեր գործարքների եւ մեխանիզմների մեջ, նրանք կանցնեն այդ վեթթինգը….

Բայց միեւնույն ժամանակ մենք պետք է արձանագրենք` որքան էլ այսօրվա դատական համակարգի հեղինակությունը բավականին ցածր է, կան դատավորներ, ովքեր իրենց բոլոր որոշումները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության` բառիս բուն իմաստով, որովհետեւ նրանց վրա չի կարող ազդել որեւէ այլ բան, քան օրենքները: Հետեւաբար, թացն ու չորը խառնելու լուրջ վտանգ կա այստեղ: Մինչեւ այսօր մենք օրվա իշխանության կողմից չենք լսել եւ չենք տեսել որեւէ հստակ եւ կոնկրետ տեսակետ, որ վեթթինգն իրականացնելու է, օրինակ, ԲԴԽ-ն կամ Սահմանադրական դատարանը`այս սկզբունքներով: Կամ, օրինակ, նոր խորհուրդ է ձեւավորվելու, ներկայացուցչական մարմին է ձեւավորվելու եւ այլն: Մենք ընդամենը փորձում ենք տարբեր իշխանավորների, փորձագետների անձնական տեսակետների շրջանակներում եզրակացություններ անել: Վեթթինգը, շատ կարեւոր եւ շատ սկզբունքային գործընթաց է, որը պետք է անեն այնպես, որ, ինչպես ժողովուրդն է ասում, աչքը սարքելու փոխարեն ունքն էլ չհանեն:

– Վարչապետի`«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից Դուք ի՞նչ տպավորության ստացաք. վեթթինգ է լինելո՞ւ, թե՞ ոչ:

– Ոչ մեկից կոնկրետ տեսակետ չեմ լսել. մի մասն ասում է `լինելու է, մի մասն ասում է `վեթթինգը կարող է պարզ ձեւով չլինել, զտումների ձեւով չլինել, այլ ձեւով լինել: Ես չգիտեմ` այլ ձեւը ո՞րն է. զանգահարելու են եւ ասեն`դուք մեզ հարմար չեք, գնացեք տու՞ն: Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ բան ասելուց, քանզի իշխանությունից, կոնկրետ, պաշտոնական տեսակետ չենք լսել:

– Նույն հարցազրույցում վարչապետը դատավորների մասին ասաց` «գնում վնգստում են իրենց նախկին տերերի դռների մոտ, ասում են`եկեք, մեզ տիրություն արեք»: Դրան ինչպե՞ս եք վերաբերվում, կա՞ նման բան:

– Վիրավորելով մի ամբողջ արդարադատության համակարգին, իշխանության մի ամբողջ թեւի… Ես սպասում էի, որ դատավորների կողմից արձագանք կլինի եւ կտեսնենք` թե ովքե՞ր են վնգստացողներն ու չվնգստացողները: Հրապարակայնորեն նման բան ասելը նաեւ յուրաքանչյուր հայ տղամարդու համար արժանապատվության հարց է` անկախ զբաղեցրած պաշտոնից: Եվ երկրորդ` պատասխանատու, շատ կարեւոր պետական այրերի մասին այդ կերպ արտահայտվելն, առնվազն արժանի էր արձագանքի: Ես անձամբ, իմ անունից եմ ասում` վնգստացող, տերեր փնտրող դատավորներ մեզ պետք չեն, որովհետեւ նրանք արդարադատություն իրականացնել չեն կարող, նրանք պատվեր իրականացնող մարդիկ են:

Ես հիմա էլ սպասում եմ դատավորների արձագանքին, ովքեր տերեր չեն փնտրել, այլապես, սա ստացվում է հերթական անհասցե, անպատասխանատու հայտարարությունը, որը արձագանք չի ստանում ոչ մի կողմից: Եթե կան տերեր փնտրող դատավորներ`ամենալավ վեթթինգը դա է: Եթե իշխանությունն ունի տեղեկատվություն, որ դատավորները տերեր են փնտրել եւ վնգստացել են, թող հրապարակեն, դատավորներն էլ թող իմանան, որ իշխանությունը տեղյակ է եւ գնան տուն: Վեթթինգի ամենալավ, ամենապարզ, ամենահրապարակային տարբերակներից մեկն էլ սա է: Այլապես այս հայտարարությունը դիտարկվում է, որպես մթնոլորտը ախտոտելու, սեւով ներկայացնելու փորձ, որպեսզի հետո օրվա իշխանությունը կարողանա իր գործերն անել:

– Դուք համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է այդ «բուդկան»` Սահմանադրական դատարանը:

– Նախ, լինելով վարչապետ` իշխանության այլ թեւի ներկայացուցիչ, Նիկոլ Փաշինյանը շրջափակեց, պարալիզացրեց ԱԺ-ն, բոլորին ասաց «գնացեք տուն»` ճնշեց օրենսդիր իշխանությանը: Ամբողջ աշխարհում իշխանության տարանջատման սկզբունքը ներդրվում է, որպեսզի գործեն զսպումների եւ հակակշիռների մեխանիզմները եւ ճիշտ գործեն վերահսկելու, օգնելու եւ այլ մեխանիզմները. այլապես բոլորը կլինեին մեկ տեղում` օրինակ, կառավարության օրենսդիր բաժին կամ դատական վարչություն:

Ինչո՞ւ է սահմանված, որ դատավորները պետք է աշխատեն մինչեւ 65 տարին լրանալը կամ ցմահ, որպեսզի կախված չլինեն որեւէ չինովնիկից, որը կհանի իրենց աշխատանքից, հետեւաբար նաեւ կարողանան հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնեն:
Նույնը գործում է Սահմանադրական դատարանի դեպքում: Եթե օրենսդիրը քաղաքական մարմին է, եւ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ շրջափակումը, ապա դատական իշխանության եւ դատարանների շրջափակումը լրիվ անթույլատրելի էր: Դա ուղիղ միջամտում էր դատական իշխանության աշխատանքին: Այդ ձեւով փորձ արվեց նաեւ լրիվ ամայացնել առանց այդ էլ ոչ այնքան բարձր հեղինակություն եւ վստահություն վայելող կառույցը: Այդ քայլով, ցածր վարկանիշ ունեցող համակարգը լրիվ փոշիացրին:

Դատական համակարգի վերին օղակը ՍԴ-ն է, հայտնվել է անթույլատրելի իրավիճակում: Նախ, ՍԴ նոր ընտված դատավոր Վահե Գրիգորյանի ելույթը, այդ շենք մտնելն ու հայտարարություն անելն ի սպառ զրոյացնում են իր հեղինակությունը: Այս խնդրի լուծումը ես տեսնում եմ մեկ կերպ` կամ մի կողմն է ճիշտ, կամ մյուսը: Եթե պարզվի, որ այն ինչ առկա էր Վահե Գրիգորյանի նամակում ճիշտ է, ապա պետք է Հրայր Թովմասյանի թիմը հեռանա, հակառակ դեպքում` մյուս թիմը պետք է հեռանա: Պետք է փորձենք վերականգնել ՍԴ-ի վտանգված հեղինակությունը: ՍԴ-ի մասին շատ կտրուկ հայտարարություններ են հնչում, բայց ՍԴ-ն Շենգավիթի առաջին ատյանի դատարանը չէ, որ արագ փոփոխություններ արվեն:

Դա մի կառույց է, որը լուծում է ընտրական վեճերը, կուսակցությունների գործունեության կասեցման հարցերը, միջազգային պայմանագրերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցերը եւ այլն: Այսինքն, այս կառույցն է լուծում ժողովրդավարության ամենակարեւոր օղակների հետ կապված խնդիրները: Իսկ այդ կառույցի ցածր հեղինակության դեպքում դրա որոշումները չեն դիտվի օրենքի տառին համապատասխան: Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ անթույլատրելի է ժողովրդից թաքուն, կուլիսային քննարկումների միջոցով խնդրի լուծումը: Օր առաջ այս խնդիրը պետք է հանգուցալուծվի եւ նրանք, ովքեր իրենց ոչ պատշաճ են դրսեւորել` պետք է հեռանան:

-Կարծում եք այստե՞ղ է որոշվելու Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կամ պարտությունը:

– Ես չէի ուզի առավել սրել, քանզի իշխանությունն այնքան է սրել, որ այլեւս տեղ չկա սրելու, բայց, ցավոք սրտի, այո, այստեղ է դա որոշվելու: Մինչդեռ, ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է: Չի կարելի ՍԴ-ին այս կերպ ներքաշել քաղաքական երեւույթների մեկնաբանման մեջ, քանզի ՍԴ-ն մեկնաբանում է միայն իրավական ակտերը:
ՍԴ-ի հարցը եթե վաղը չլուծվի`արդեն վատ է, հրատապությունը հիմա այդ մակարդակին է հասել: Դանդաղելը բերելու է ՀՀ պետության եւ պետականության լուրջ խնդիրների:

– Իսկ Ստամբուլյան կոնվենցիայի մասին ի՞նչ կասեք: Դա էլ վերջին շրջանում շատ է քննարկվում եւ քննադատվում: Խոսակցություններ կան, որ իշխանական շրջանում կոնվենցիան վավերացնելու մտադրություններ կան. ինչի՞ դիմաց կամ ինչի՞ համար է դա արվում, իշխանության ինչի՞ն է այս աղմուկը հիմա պետք:

– Ես ուշադիր հետեւել եմ եւ նկատել եմ ամեն ինչ: Ինձ համար շատ զարմանալի էր, երբ կառավարության ներկայացուցիչն ասաց, որ այդ կոնվենցիան օրենքով սահմանված կարգով անցնում է ընթացակարգեր, որպեսզի գնա վավերացում`ԱԺ-ում: Ինչ վերաբերում է կոնվենցիայի բովանդակությանը, ապա այն, նախ եւ առաջ, հարիր չէ մեր մենթալիտետին: Մենք ականատեսն ենք լինում այն վուլգարացմանը, որ մոտավորապես բոլոր ընտանիքներում կա բռնություն, պոտենցիալ բռնաբարվող կանայք, եւ օր առաջ այս կոնվենցիան պետք է ընդունվի, որ այդ ամենը չլինի: Սակայն, ինչի՞ դիմաց: Սա մենք դեռեւս չգիտենք. լավ գրանտների՞, լավ քաղաքական աջակցությա՞ն: Այս պահին մեզ համար սա ակնհայտ չի:

– Բայց, իրավացիորեն նկատում են, որ կոնվենցիան ստորագրվել է ձեր իշխանության տարիներին:

– Ես պետք է հիշեմ եւ նշեմ, որ միջազգային պայմանագրերի մասին օրենսդրությամբ`միջազգային պայմանագրի ստորագրումը դեռեւս չի նշանակում այն պարտադիր տեղայնացնել ներպետական օրենսդրության մեջ` որպես կիրառման ենթակա: Ստորագրելով դու պարզապես տալիս ես գործընթացին միանալու քո հավանությունը: Վավերացումն արդեն ենթադրում է պայմանագրով սահմանված պահանջների իրականացում: Այսօր մենք տեսնում ենք, որ Ստամբուլյան կոնվենցիան գնում է վավերացման: Որպես նախկին պատգամավոր եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ` ես ուղղակի կոչ կանեմ`այդ կոնվենցիան իր մեջ պարունակում է բավականին լուրջ վտանգներ. երրորդ սեռի վտանգ, ընտանիքի եզրույթում առկա է «զուգընկեր» բառը, իսկ մեր Սահմանադրությամբ ընտանիքի ձեւաչափն արդեն տրված է:

Շատ չծանրանալով մանրամասների վրա, քանզի քննարկումը դեռեւս քաղաքական ասպեկտում է, կասեմ հետեւյալը`պետք չէ հասարակությանը նոր մարտահրավերների տանել: Ես վստահ եմ, որ կոնվենցիան չի վավերացվի: Բայց եթե, Աստված մի արասցե, վավերացվի, մենք ստիպված ենք լինելու մի շարք չերեւացող խնդիրներ տեղայնացնել մեր հասարակության մեջ:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 20․07․2019 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031