Այսօր կառավարության շենքի առջեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները բողոքի ցույց անցկացրին՝ ընդդեմ բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի: Դասախոսները դժգոհում են ընտրության կարգից՝ պնդելով, որ այն անօրինական է:
Լրագրողների հետ զրույցում դասախոս Գագիկ Ասլանյանն ասաց, որ բուհում կատարվող ապօրինությունների մասին իրենք փաստեր են ներկայացրել պատկան մարմիններ: Ասաց նաեւ, որ նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպեսզի իր հսկողության տակ վերցնի համալսարանի խորհրդի կողմից ընդունված այն կանոնակարգը եւ դրա հիման վրա հայտարարված թափուր դասաժամերի մրցույթը, որոնք մի շարք դրույթներով հակասում են համալսարանի կանոնադրությանը, Սահմանադրությանը եւ Աշխատանքային օրենսգրքին:

Պետական տնտեսագիտական համալսարանի մարկետինգի ամբիոնի ասիստենտ Հարություն Փափազյանի ներկայացմամբ, տնտեսագիտական համալսարանում դասախոս աշխատելու համար քննություններ են անցկացնում, որը «աբսուրդի» է նմանվում. «Աբսուրդը նրանում էր,որ մաթեմատիկա էին հարցնում եւ հարցնում են նրանք, որոնք չգիտեին մաթեմատիկան ինչ է: Բերում ասում էին՝ ածանցյալ հաշվեք, ֆունկցիա հաշվեք, կամ՝ միջին թվաբանական հաշվեկշիռ հաշվեք՝ իրենք չիմանալով: Կամ անգլերեն էին հարցնում»:
Կարդացեք նաև

Տնտեսագիտականի դասախոսներին կառավարությունում ընդունեց նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը:
Դասախոսները կրկին նամակ գրեցին իրենց դժգոհության վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ





















































