Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ է արտադրվում Հայաստանի ատոմակայանի վառելիքը

Օգոստոս 13,2019 13:30


Անձնագրային հսկողություն ու զննման սարքերով անցնելուց հետո հայաստանցի լրագրողների խումբը մուտք գործեց մերձմոսկովյան Էլեկտրոստալ քաղաքում գտնվող մեքենաշինական գործարան: Այս ձեռնարկությունն ընդգրկված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջուկային վառելիքի ստորաբաժանման մեջ:

Հենց այս գործարանում է արտադրվում Հայաստանի ատոմակայանի միջուկային վառելիքը: Ընդհանրապես, այս ձեռնարկությունը համարվում է աշխարհի ատոմակայանների համար միջուկային վառելիք արտադրող ամենամեծ գործարաններից: Այն ներկայումս վառելիք է մատակարարում ՀԱԷԿ-ի ԹԹնՀ-440 ռեակտորի համար: Գործարանի տարածքը պարսպով ու փշալարերով առանձնացված է Էլեկտրոստալ քաղաքից եւ բավականին մեծ տարածք է զբաղեցնում:

Ցուցումները, որոնց հետ մինչ գործարան մուտք գործելը ծանոթացան լրագրողները՝ խիստ էին: Նախ՝ որեւէ էլեկտրական սարք չէր թույլատրվում ներս տանել, արգելված էր լուսա-տեսա նկարահանումը, ձայնագրությունը տարածքում: Խախտելու դեպքում քեզնով կզբաղվեր անվտանգության ծառայությունը:

Մեքենաշինական գործարանը պատկանում է «Ռոսատոմի» միջուկային վառելիքի «ՏՎԷԼ» ընկերությանը:

Հայաստանից ժամանած լրագրողները՝ ոտքից գլուխ ծածկված սպիտակ խալաթներով, գլխարկներով ու դիմակներով, շրջեցին գործարանի մի քանի արտադրամասերում, ծանոթացան միջուկային վառելիքի արտադրման գործընթացին ու գործարանի հնարավորություններին: Այստեղ ամեն բան մեքենայացված է, այդ պատճառով շրջայցի ընթացքում քիչ թվով աշխատակիցների հանդիպեցինք:

Արտադրամասերում տարածքներն առանձնացված էին դեղին ու կարմիր գծերով, ինչը նշանակում էր, որ օրինակ՝ այդ գծերից այն կողմ պետք է անպայման ռեսպիրատոր-դիմակ կրել:

Միջուկային վառելիքի ամեն մի տարր` «տվել», շտրիխ կոդ ունի, որը տեղեկատվություն է պարունակում՝ որտեղ է արտադրվել, ով է պատրաստել, երբ եւ այլն:

Էլեկտրոստալի մեքենաշինական գործարանը հիմնադրվել է 1917 թվականին: 2017-ին գործարանը տոնել է իր 100-ամյակը:

Գործարանի բոլոր աշխատակիցներն ունեն առողջության ապահովագրություն, տարեկան ուղեգրեր են ստանում՝ տարբեր առողջարաններում հանգստանալու: Տեղեկացանք նաեւ, որ գործարանի լավագույն աշխատակիցներին, հիպոթեքով անշարժ գույք գնելու համար, մասամբ սուբսիդավորվում են վարկերը: Իսկ այն աշխատակիցները, որոնք անմիջականորեն առնչվում են միջուկային վառելիքի արտադրության գործընթացին (խորհրդային տարիներին դրանք կոչվում էին թունավոր ցեխեր) հատուկ սնունդ՝ կաթ են ստանում:

Արտադրամասերից դուրս գալիս պարտադիր բոլոր աշխատակիցներն, այսպես ասած, ճառագայթազերծվում են, հետո ճառագայթի թեստ են հանձնում. էլեկտրական սարքը որոշում է՝ դեռ «կեղտոտ» ես, թե՝ ոչ: Եթե այո, ապա կրկին մաքրման են ուղարկում: Չնայած գործարանի պատասխանատուները հավաստիացնում էին, որ վնասակար ոչինչ չկա, պարզապես դրանք անվտանգության կանոններ են, որոնց հետեւելը պարտադիր է:

Լրագրողները նաեւ եղան մեքենաշինական գործարանի թանգարանում: Այստեղ պահպանվում եւ ցուցադրվում էին արկերի՝ «Վանյուշայի», «Կատյուշայի» եւ այլ տեսակի արկերի ու փամփուշտների նմուշներ, նախկինում եղած արտադրամասերի մինիմալիզացված տարբերակները, որտեղ հաստոցներ կային, իսկ շատ դետալներ մարդիկ ձեռքով էին պատրաստում:

Գործարանը մինչ 1945 թվականն արտադրել է արկեր: Այն հիմնադրել է ռուսաստանցի հայտնի գործարար Նիկոլայ Ալեքսանդրովիչ Վտորովը:

Թանգարանում կախված էին նաեւ գործարանը տարբեր տարիներին ղեկավարած տնօրենների լուսանկարները, որոնց մի մասը, ինչպես պատմեց թանգարանի տնօրենը, պարզապես գնդակահարվել են՝ արտադրության գործընթացում թույլ տված սխալների համար: Այդպիսի սխալներից կարող էր լինել խոտան արտադրանք տալը:

Ինչպես թանգարանում տեղեկացանք, գործարանը հիմնադրելու նպատակը եղել է Առաջին համաշխարհային պատերազմը, որին Ռուսաստանն այնքան էլ պատրաստ չէր: Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո մեքենաշինական գործարանը զինամթերքի արտադրությունը դադարեցրել է՝ փոխարինելով խաղաղ նպատակներով գործունեության: Ներկայումս «Էլմաշը» միջուկային վառելիք է մատակարարում աշխարհի մի շարք ատոմակայաններին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Էլեկտրոստալ-Երեւան


«Առավոտ» օրաթերթ

13.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031