Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերե՛ք էդ մարդուն, հենց իրեն եմ ման գալիս»․ ո՞ւմ է փնտրում Գյումրու քաղաքապետը

Օգոստոս 22,2019 13:49

Գյումրու պատմական հատվածի բազմաթիվ տներ լքված են, կիսաքանդ, երբեմն մեծ վտանգ են ներկայացնում շուրջբոլորով անցնողների համար, անգամ փողոցաշինության ժամանակ այդ հատվածներում զգուշությամբ էին աշխատանքներ իրականացնում․ մտավախություն կար փլուզման։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կարծիքով, հարցի լուծման միջոցներից մեկը դրանք վաճառելն է։

«Մեր բոլորի բնավորությունն էսպիսին է․ եթե տեսնում են ինչ-որ բան լավ է, շահ կա, սկսում ենք բոլորս նույն բանը կառուցել, օրինակ՝ ուզում են գազի լիքցքավորման կայան կառուցել։ Հիմա պետք է հասկանան, որ ամենակարևորը՝ տուրիստներն են եկել քաղաք, և իրենք պետք է օգտվեն դրանից, պիտի հյուրատներ սարքեն։ Օրինակ՝ Ռուսթավելի փողոցով (խոսքը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ վերանորոգված պատմական փողոցներից մեկի մասին է, որն այսօր դարձել է Գյումրու տեսարժան վայրերից մեկը, Ա․Ն․) որ բարձրանաք, մի երկու հատ նոր հյուրատուն կա։ Մենք Դաշտենցի փողոցն ասֆալտապատեցինք, պարզվեց՝ այնտեղ շատ գեղեցիկ հյուրատուն կա, այդ մասին անգամ չգիտեինք։

Ես ուրախ կլինեմ, որ մեր համաքաղաքացիները, ովքեր այստեղ չեն, հասկանան, որ Գյումրիում ունեն մի հատ գանձ՝ տուն, որն ամենակարևորը գտնվում է Գյումրու կենտրոնում և գան, վերականգնեն։ Իհարկե, պատմական փողոցները՝ Ռուսթավելի, Շիրազի փողոցները գոտիավորված են, և մեր ցանկությամբ չէ, որ ասենք մեկ կամ երկու հարկանի կառուցեն։ Այս փողոցում բոլոր տները վերականգնվում են՝ պահելով ճարտարապետական տեսքը։ Իհարկե, կան տներ, որոնք երկրաշարժից հետո վերականգնվել են ոչ ճիշտ ճարտարապետական ոճով։ Մենք թույլատրում ենք, որ վերականգնեն ու համահունչ ունենաք այդ շենքերի շարունակությունը։

Մեր միակ խնդիրը Հյուսիս-Հարավ ճանապարհն է, հենց ունեցանք այս ճանապարհը, կունենանք շատ մեծ ներքին տուրիզմ, ու մեր քաղաքին անհրաժեշտ կլինեն հյուրատներ, հյուրանոցներ, սրճարաններ, լավ միջավայր։ Եթե Երևանում 42 աստիճան շոգ է, Գյումրիում հրաշալի եղանակ է։ Երբ ուսանող էի, այն ժամանակ մայրաքաղաքից բոլոր թատրոնները, երաժշտական խմբերը գալիս էին Գյումրի հյուրախաղերի, համերգների, շատ հետաքրքիր աժիոտաժ էր սկսվում մեր քաղաքում․ Երևանում 40 աստիճան էր, Գյումրիում՝ 27 աստիճան, հիմա այստեղ 36 աստիճան է, զարմանալի է, բայց այն ժամանակ 27 աստիճանից չէր անցնում։ Այսօր էլ եթե Երևանում 42 աստիճան է, մարդ պիտի փորձի հով տեղ գտնել, իսկ եթե Հյուսիս-Հարավ ճանապարհը լինի, մեկ ժամվա ընթացքում կարողանա գալ Գյումրի, պարզ է, որ միանշանակ տուրիզմը կզարգանա»։

Քաղաքապետի հավաստմամբ, Գյումրու պատմական միջուկում կիսավեր տները 50 տոկոսից ավելի են կազմում։ «Տներ կան, երևում են, թե լավ վիճակում են, բայց հենց մտնում ես, տեսնում ես, որ պիտի վերականգնվեն։ Հիշո՞ւմ եք Գյումրի ռեստորանի հատվածը, հիմա 2-3 հոգի ոնց որ թե ուզում են գնեն, մեկը գնեց, ոնց որ թե չստացվեց, հիմա երկու հոգի ցանկություն ունեն գնելու, մենք այնտեղ մի պատ ունենք, այդ պատը վերականգնեցինք, տվեցինք Մոնտալտոյին (խոսքը Գյումրիում Իտալիայի հյուպատոսի մասին է, Ա․Ն), որպեսզի այդտեղ ճարտարապետների դպրոց սարքեր ու Գյուրջիևյան կենտրոն։ Իհարկե, ինքն իր խոսքի տերը չեղավ այս պահին, հիմա ոնց որ թե շինարարություն է սկսել, էլի լավ, ոչինչ, ժամանակը երկարացնենք, բայց գոնե շենքը վերականգնվի։ Մենք վերականգնեցինք այդ հատվածը, սեփականատերը պետք է վերցնի ու այդպես՝ նույն ձևով վերականգնի, հնարավոր է, անհնարին բան չկա․ ես մի քանի այդպիսի շենքեր արդեն վերականգնել եմ»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Լրագրողներից մեկը նկատեց, որ այս պահին ներդրող կա, որը հետաքրքրված է Գյումրու պատմական միջուկի տներից մեկով, որի դուռը սակայն տերը փակել ու գնացել է, ներդրողը չի կարող գտնել ով է, որ այն գնելու առաջարկ անի։

Գյումրու քաղաքապետն ասաց, որ հնարավորություն ունեն գերակա շահ ճանաչելու, եթե բանը հասել է նրան, որ մեկ կամ երկու տունը խանգարում է Գյումրու պատմական միջուկի տեսքին, բայց դեռ հերթը դրան չի հասել։

«Մենք բոլոր սեփականատերերի հասցեները գիտենք, որովհետև մենք շատ հետաքրքրվեցինք, մանավանդ Ռուսթավելի փողոցն ամբողջությամբ ուսումնասիրված է։ Շիրազի փողոցում էլ մի հատված կա, որը փլված է, ձախ անկյունի վրա երեք տունը, այնտեղ էլ գիտեք ինչ եղավ, հիմնական միջոցների արժեքը կրկնապատկվեց, սա նույնպես շատ կարևոր է քաղաքի համար, քաղաքն արժևորվում է։ Տեսեք մարդը գալիս է, սկսում է բանակցել ու գինը բարձրացնում են, այսինքն` պետք է բանակցեն ճիշտ, վերջնական ու կարողանան այդ 3 տունը վերցնեն»։

Գյումրու քաղաքապետը նաև հետաքրքրվեց, թե ո՞ւր է ձեր ասած ներդրողը ու ծիծաղելով ասաց․ «Բա բերեք այդ մարդուն, հենց իրեն եմ ման գալիս»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031