Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորեայում ողջ դահլիճն ինձ հետ երգում էր «Հով արեք»

Սեպտեմբեր 09,2019 13:00 Share

Թամար էսկենյանը իր եղբայրների եւ օտարերկրացի երաժիշտների հետ Կոմիտաս է քարոզում:

Թամար էսկենյանը ծնվել է Լիբանանում, այժմ ապրում եւ ստեղծագործում է Շվեյցարիայում: Նա ավարտել է Բազելի Hochschule fur Musik-ը եւ Զալցբուրգի Mozarteum-ը: Ֆլեյտա է նվագում, շվի եւ սրինգ: Համերգներով շրջել է աշխարհով մեկ ու հայկական ազգային երաժշտությունը տարածել: «Առավոտի» հետ զրույցում Թամարը նշեց, որ Կոմիտասի 150-ամյակի առիթով մի շարք համերգներ է ունեցել: Իբրեւ մենակատար 2019-ին Կոմիտասի աշխարհիկ եւ հոգեւոր ստեղծագործություններն է կատարել շվեյցարացի երաժիշտների մասնակցությամբ համերգներին, Հարավային Կորեայում, նաեւ Tongeyoung Music Festival-ին է ներկայացել համերգներով եւ դասախոսություններով՝ Սեուլի ազգային համալսարանում: Համերգներ է ունեցել Eskeniangeli անսամբլի հետ, որի հետ համերգները շարունակվում են: Սեպտեմբերի 13, 14, 15-ին դրանք կկայանան Շվեյցարիայում՝ շվեյցարացի, գերմանացի, իտալացի եւ ֆրանսիացի երաժիշտների հետ: Ջութակահարը եւ անսամբլի հիմնադիրը եղբայրն է՝ Շանթ Էսկենյանը, իսկ թավջութակահարը՝ Անգելիկա Ցվերգերը: Շվեյցարիայում եղբայրը շվեյցարացիներից կազմված իր երգչախմբի հետ կատարել է Կոմիտասի գերմաներեն ստեղծագործությունները:


Թամար էսկենյանը Կոմիտաս հնչեցնում է իր ողջ գործունեության ընթացքում: Նշում է, որ իր ավագ եղբայրը՝ Լեւոն Էսկենյանն էլ Կոմիտաս է կատարում իր հիմնադրած Gurdjieff ensemble-ի հետ: Gurdjieff ensemble-ը պատրաստվում է այս տարի կոմիտասյան ծրագրով շրջագայել Ամերիկայում: Թամար էսկենյանը մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանում, դրանցից մեկը՝ Համահայկական նվագախմբի կազմում:

Դասական երաժիշտը նշում է, որ հայկական ազգային երաժշտություն է նվագում, մասնագիտացած է հնագույն բարոկկո երաժշտության մեջ: Հավելում է, որ Լիբանանում է կրթություն ստացել, տեղի հայկական դպրոցում եւ ընտանիքում հայեցի դաստիարակություն են տվել: Ֆլեյտայի առաջին ուսուցիչն է եղել Զաքար Քեշիշյանը: Երաժիշտը շեշտում է, որ ժամանակին հոր եւ մոր ծնողները Հայոց ցեղասպանությունից հրաշքով են փրկվել:

«Լիբանանում շեշտադրված է հայապահպանության գործընթացը, դա է նրանց հայ պահել, հայերեն են գրում, կարդում, հայ մշակույթը պահպանում: Կարծեմ հայ մշակույթը եւ լեզուն ինքնության պահպանման կարեւոր արժեքներից են»,- ասում է Թամարը: Իր ձեւակերպմամբ, իր համար այցեքարտային է այն երաժշտությունը, որը կարողանում է թափանցել մարդու հոգու մեջ, իսկ այդպիսին հենց Կոմիտասի գործերն են:

«Դրանք այնքան մաքուր են, ջերմ, որ օտարներին էլ են հուզում: Մի քանի ամիս առաջ Կորեայում էի, այնտեղ ներկայացնում էի հայկական երաժշտությունը, եւ ամբողջ դահլիճն ինձ հետ երգում էր՝ «Հով արեք»,- ասում է մեր զրուցակիցը: Թամարը փաստում է, որ իրենց տանը Կոմիտասի ներկայությունը միշտ զգացել են, մայրն էլ է Հալեպի երգչախմբում Կոմիտաս երգել:

Խոսեցինք նաեւ ծնողներից, որոնք ազգակցական կապ ունեն Կոմիտասի հետ: Թամարն ասաց, որ մոր ազգականները Քյութահիայից են, մորական պապի մեծ մայրիկը Կոմիտասի զարմիկն էր: «Գենետիկ կապից կարեւոր է, որ մարդը Կոմիտասի գործերը ճիշտ կատարի եւ հետեւողականորեն ուսումնասիրի Կոմիտասին: Կոմիտասի երաժշտությունն ամբողջ աշխարհում ներկայացնելը ազգակցական կապից կարեւոր է»,-համոզված է Թամարը: Ինչ վերաբերում է Կոմիտաս թանգարան-ինստիտուտի իր ամենասիրելի բաժնին, ասում է, որ շատ սիրելի են Կոմիտասի ձեռագրերը եւ սրինգները:

Հավելենք, որ Թամար Էսկենյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, իբրեւ մենակատար հանդես է եկել Նյու Յորքի Carnegie Hall-ում եւ համագործակցել է West Eastern Divan Orchestra-ի, Համահայկական նվագախմբի հետ՝ Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ, Swiss Youth Symphony Orchestra-ի, Argovia Philharmonic, Capriccio Barockorchestra, Itempi Chamber Orchestra, Sinfonie orchester Regio Basiliensis, Munich Youth Philharmonic Orchestra եւ այլ նվագախմբերի կազմում:

Մի շարք կամերային անսամբլների հիմնադիր անդամ է՝ Eskenian Trio (իր Լեւոն եւ Շանթ եղբայրների հետ), Ruf Des Windes մոդեռն երաժշտության անսամբլի, Arpine Trio, Duo Avedis-ի: Նա հանդես է գալիս նաեւ հնագույն երաժշտության անսամբլների կազմում՝ Early Music I Pizzicanti, Ensemble Eskeniangeli:

Համագործակցել է Սեբաստիան Վիենանդի, Նադիա Լեզուլնիերի, Սերջիո Ազոլինիի, Գերարդ Վիսսի, Մարկուս Վայսի, Սոլ Գաբետտայի եւ այլ անվանի երաժիշտների հետ: Թամար էսկենյանի համար եվրոպացի կոմպոզիտորները գրել են գործեր, հատկապես շվիով կատարելու համար:

Թամար Էսկենյանի երկացանկը բավականին լայն է՝ հայկական երաժշտությունից մինչեւ մոդեռն էքսպերիմենտալ: Նա տեղեկացրեց, որ բացի Եվրոպայից՝ համերգներով հանդես է եկել Հարավային Ամերիկայում՝ Արգենտինայում՝ Theatre Colon սրահում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Չինաստանում Լոնդոնի Albert Hall-ում՝ տարբեր ազգերի երաժիշտների հետ: Աշխարհահռչակ դիրիժոր եւ դաշնակահար Դանիել Բարենբոյմի հետ եւս համագործակցել է ավելի վաղ, շրջագայել նրա նվագախմբի հետ:

Թամարը հատկապես տպավորված է նրանով, որ դրսում հայկական երաժշտություն հնչեցնելուց հետո ոչ հայ հանդիսատեսը հուզվում է, համերգից հետո շատերը մոտենում են իրեն ու ասում են, որ ցանկանում են Հայաստան այցելել: «Օտարազգիներն ինձ միշտ ասում են, որ երբ հայկական երաժշտություն են լսում, իրենց թվում է, թե Հայաստանի լեռներում են»,-ասում է մեր զրուցակիցը; Նա նաեւ երաժշտական հետազոտական աշխատանքով է զբաղված, երեխաների եւ մեծահասակների համար ֆլեյտա սովորելու նոր մեթոդ է ստեղծել: Երազանք ունի սեփական դպրոց ունենալ:

Կոմիտասյան մշակումներից էլ խոսեցինք: «Կոմիտասն ասել է` մտիր խորը, գտիր նորը»,-շեշտեց Թամարը: Ասում է, որ Կոմիտասը հավանաբար նկատի է ունեցել ազգային երաժշտությունն ապրեցնելը, բայց զգուշ լինելը, որ այն չդառնա, օրինակ, ճապոնական երաժշտություն: Երաժիշտը նշում է, որ թյուր է տպավորությունը, թե հայ երաժշտությունը միայն տխուր է, ասում է՝ այն այլ երանգներ էլ ունի, նույնիսկ Կոմիտասն իր գերմաներեն դասախոսություններում անդրադարձել է հայ երաժշտության տարբեր գույներին ու երանգներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է
Թամար էսկենյանը

«Առավոտ» օրաթերթ
7.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30