Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզիչ տեսարան Գյումրու քաղաքապետարանում․ լեգենդար հրամանատարին ու դիրիժորին արժանացրին քաղաքի ամենաբարձր կոչմանը

Հոկտեմբեր 08,2019 21:03

Այսօր Գյումրու ավագանու նիստից առաջ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին լեգենդար հրամանատար, արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին ու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանին։

Նշենք, որ վերջինս ծանր տարիներին՝ 1992-2000թթ․-ին գլխավորել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն և Գյումրու կամերային երգչախումբը, եղել է գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:

Լեգենդար հրամանատարը ևս ապրել ու ծառայել է Գյումրիում:

Հիշեցնենք, որ նրանց պատվավոր քաղաքացու արժանացնելու առաջարկն արել էր Սամվել Բալասանյանը դեռ օգոստոսի 25-ին՝ Վարդանանց հրապարակում Գյումրի տոնին նվիրված համերգի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները։ Քաղաքապետի առաջարկը միաձայն հաստատվել էր ավագանու նախորդ նիստում՝ սեպտեմբերի 10-ին։

Սամվել Բալասանյանն այսօրվա նիստում նշեց, որ ամենաբարձր կոչմանն են արժանացնում «թանկարժեք մարդկանց»։

Անդադար ծափահարությունների ներքո նրանց հանձնվեցին ավագանու միաձայն ընդունված որոշումն ու փակցվեցին կրծքանշանները։ Ինչպես նշեց Գյումրու «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն, այս երկու անձանց միավորում է բացառիկ համեստությունը։

Լեգենդար Կոմանդոսը, մոտենալով ամբիոնին, ասաց․ «Ծառայում եմ հայրենիքիս»։ Դահլիճը հուզվեց նրա այս խոսքերից։ Նա ասաց, որ Սովետական Միությունում ծառայել է 30 տարի, որից վեց տարին Գյումրիում։

Նա նաև նշեց, որ ամուսնացել է գյումրեցի կնոջ հետո, Գյումրիում ծառայելուց հետո եղել է Գերմանիայում, Չեխոսլովակիայում, հետո Բելոռուսիայում, իրեն շատ լավ է զգացել ու չի ուզել որևէ այլ տեղ տեղափոխվել, սակայն գյումրեցի կինը հարկադրել է վերադառնալ Հայաստան։ 1988 թվականի շարժումն էլ, երբ սկսվել է, ինքը մեկնել է Արցախ՝ տղերքին օգնելու ու այստեղ բազմաթիվ ջոկատների հետ է մտերմացել, այդ թվում Գյումրիի։

«Ես էլի պարտք եմ»,-ասաց Կոմանդոսը՝ նշելով, որ պարգևը իրեն պարտավորեցնում է։

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ իր ելույթում նշեց․ «Ամենադժվար դերակատարումը հիմա իմն է, որովհետև կանգնել Ազգային հերոսի կողքը ու ստանալ իր հետ մրցանակ, արդեն մեծագույն պատիվ է։ Մարդ, որն այնքան մաքուր է, որ խոսելուց հուզմունքից մինչև վերջ չկարողանա մտքերն արտահայտել․․․ Միայն խոնարհումի է արժանի, իսկ հաջորդ խոսքը, որ պիտի ասեմ, հետևյալն է՝ գյումրեցի լինելը պատկանելություն չէ, պարտադիր չէ, որ դու ծնվես, որպեսզի լինես այս քաղաքին նվիրյալ, այս քաղաքի համար կյանք ներդնող, ուժ ներդնող անձնավորություն։ Ասում եմ՝ ցավոք սրտի, ես ծնվել եմ ոչ Գյումրիում, բայց հոգով, սրտով ավելի գյումրեցի եմ, քան որևէ այլ տեղ կարող էի ապրել։ Հ1-ով, հաղորդումներից մեկի ժամանակ հարցրեցին՝մաեստրո, դուք որտե՞ղ կուզեիք ապրել, ասի՝ Գյումրիում, ասեց՝ ամբողջ աշխարհը պտտվել եք, Գյումրիո՞ւմ, ասի՝ եթե հանկարծ մի պահ չկա պատկերացնենք, որ Գյումրին չկա, աշխարհ պտտվելուց հետո Հռոմում, բայց քանի որ Գյումրին կա, ո՞նց կարելի է գնալ որևէ տեղ ապրել։

Ժողովուրդ, դուք չեք պատկերացնում՝ ի՞նչ է նշանակում ինձ համար Գյումրին, կամ էլ որ պատկերացնում եք, դրա համար շատ շնորհակալ եմ, որովհետև ամենակարևոր խոսքերը մարդիկ միշտ ասում են շշուկով, բարձրագոչ չես կարող ասել ամենակարևոր բանը։

Ամենակարևոր բանը իմ կյանքում նա է, որ ես դեռ 30 տարեկան հասակում մուտք գործեցի այս քաղաք ոնց որ թե վերջնականապես մինչև կյանքիս վերջ և ինչ խոստում տվել եմ, արվել է, և հետո, երբ ես այս քաղաքից պիտի մեկնեի Երևան, այնտեղ ստեղծեի նվագախումբ, երգչախումբ և այլն, և այլն, դա չէր նշանակում, որ Գյումրին իմ կյանքից դուրս պիտի մնա։

Հակառակը էլ ավելի մեծ թափով եկա հետ, որովհետև այս անգամ մեր երեխաներին էր պետք կրթել, հիմիկվա մեր Գյումրվա երեխաները, որոնք երգում են Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի մեջ և պատարագիչն է Հռոմի պապը և այնտեղ անընդհատ ասվում է՝ Գյումրիի «Տիրամայր Հայաստան» երգչախումբ և Գյումրի բառն անընդհատ հնչում է աշխարհի բեմերում, հնչում է ամենապարզ, ամենամաքուր երեխաների բերանով։ Սա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է»։

Նա նաև նշեց, որ իրեն երկրագնդի բոլոր անկյուններում դիմում են՝ ասելով «մաեստրո», իսկ Գյումրիում իրեն ասում են՝ «մեր մաեստրոն»։

«Խոնարհվում եմ այս քաղաքի՝ Սուրբ քաղաքի դիմաց, որի զավակն եմ համարում ինձ, կյանքիս ամենադժվար ու ամենակարևոր օրերն ապրել եմ այստեղ, դա 90-ական թվերն էին, ես ապրել եմ ամենաերջանիկ կյանքով հենց այդ ծանրության մեջ, որովհետև եթե այդ ծանրության մեջ ընկերներ ունես, որոնք նվիրվում են քեզ, դու պարտավոր ես իրենց մինչև կյանքիդ վերջ նվիրվել։ Ես խոնարհվում եմ Գյումրիի դիմաց և գերագույն պատիվ եմ համարում այս պատիվը, որ ես Գյումրու պատվավոր քաղաքացի եմ »,-ասաց Ռոբերտ Մլքեյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031