Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձվեր նետելու ակցիայի մեջ անկեղծության պակաս զգացի եւ փորձ՝ կապելու սեփական ակցիան կառավարող ուժի հետ»

Հոկտեմբեր 10,2019 14:30 Share

Պատգամավորները դատապարտում են՝ եթե դուր չի գալիս ԶԼՄ-ի հրապարակումը, դա չի նշանակում, որ պիտի բադրիջան, պոմիդոր, ձու, կաղամբ կամ «կիսլատա» առնես ու գնաս խմբագրություն:

«Պիտի չլինի ընտրովի արդարադատություն, հենց արդարադատությունը լինում է ընտրովի, մենք կանգնում ենք նման խնդրի առջեւ: Ինձ համար լրատվամիջոցի անվանումը կարեւոր չէ, ինձ համար կարեւորը երեւույթն է: Եթե ինձ դուր չի գալիս «իքս» ԶԼՄ-ի հրապարակումը, դա չի նշանակում, որ ես պիտի բադրիջան, պոմիդոր, ձու, կաղամբ կամ «կիսլատա» վերցնեմ ու գնամ տվյալ լրատվամիջոց»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպին՝ ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ օրերս 4 երիտասարդներ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը «Հայելի» ակումբը պաշարել էին ու ձվեր նետել ակումբի դռներին, պաստառներ փակցրել պատերին՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։ Այդ ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր։ Երեւան քաղաքի դատախազի հանձնարարությամբ` այդ միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրեն դուր չէր գալիս այն, ինչ արեցին Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ. «Իմ ընտանիքում էլ տղամարդիկ, երբեմն եղել է, որ ուզել են գնալ եւ փորձել որպես տղամարդ կանչել… ե՛ս եմ կանխել՝ լինելով մեծապես վիրավորված, վիրավորել են իմ մահացած հորը չճանաչելով: Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ ինձ առաջարկեցին, ասացին՝ ճիշտ պահն է, բերեք օրենքի նախագիծ, ես ասացի՝ ոչ: Եթե ես բերեմ օրենքի  նախագիծ, դա ընկալվելու է՝ որպես խոսքի ազատության ճնշում, ես սա կհաղթահարեմ, սրա միջով կանցնեմ, ես կդառնամ ավելի ուժեղ, բայց ատելության խոսքն այլեւս պիտի կարգավորվի իրավական տիրույթում»: Հարցին՝ կա՞ խտրական մոտեցում, «մերոնք-ձերոնքի» հարց կա՞՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք չե՞նք տեսնում, որ լրատվամիջոցի վրա հարձակումներն ինչպիսի էյֆորիա առաջացրեցին մի հատվածի մոտ: Էն մեկի հարձակումները մյուս հատվածի մոտ էյֆորիա առաջացրեց: Սա ինձ համար անընդունելի է: Դատավոր Դանիբեկյանի դեպքը՝ այս հատվածի մոտ առաջացրեց, Գյուլումյանի վրա հարձակումը՝ էն մի հատվածի մոտ առաջացրեց էյֆորիա, այդպես չպիտի լինի: Ցանկացած բռնություն, կլինի դա դատավորի, ԶԼՄ-ի, քաղհասարակության հանդեպ, մեզանից յուրաքանչյուրի մոտ պիտի առաջացնի նույն անհանդուրժողականությունը: Քանի դեռ մենք մեր ներսում այս խնդիրը չենք լուծել, մենք որեւէ պոզիտիվ տեղ չենք տանի»:

Երեկ Իմ քայլական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանն ու Արթուր Հովհաննիսյանը հայտարարություն էին ներկայացրել «Քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման մասին»: Սա մեկնաբանվում էր՝ որպես Սորոսի՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի դիմաց «ՎԵՏՕ» շարժման իրականացրած հերթապահության դեմ քայլ ու հարցադրումներ էին հնչում, թե՝ ինչո՞ւ լրատվամիջոցի դեմ հարձակումը նույնպիսի արձագանք չի ստանում, խտրական մոտեցում են ցուցաբերում: Մինչդեռ հայտարարության տեքստում անդրադարձ կա նաեւ ԶԼՄ-ների նկատմամբ ոտնձգություններին, իսկ «ՎԵՏՕ»-ի մասին խոսք չկա: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Մարիա Կարապետյանը վստահեցրեց, որ իմ քայլականներն առաջինն են դատապարտում այն միջադեպերը, որոնք այս կամ այն ձեւով կարող են ասոցացվել իրենց հետ. «Ցանկացած հանրային պաշտոնյա մինչեւ իրավունք վաստակելը՝ դատապարտելու այլոց գործողությունները, պետք է նայի իրեն ու իր թիմին: Ես ինձ պատասխանատու եմ զգում առաջին հերթին իմ թիմի հանրային պաշտոնյաների խոսքի համար, հետո դրանց առնչվող շրջանակների, կառավարող ուժին սատարող շրջանակների եւ հետո նոր մյուսների: Ես գուցե լռեմ, եթե քրեական հանցակազմ կա, պարզից էլ պարզ է, որ երբ մեկը մեկի գլխին շշով խփում է, ես դատապարտող խոսքով պարտավոր չեմ հանդես գալ, որովհետեւ դա քրեական հանցակազմ ունի իր մեջ: Հանրային պաշտոնյաների խոսքը կարեւոր է այն պարագայում, երբ այդ գիծը չի հատվում եւ անհրաժեշտ է ուղղորդող խոսք ասել հանրությանը, որ մարդիկ հասկանան, որ դա գուցե քրեական հանցագործություն չի, բայց, այնուամենայնիվ, պախարակելի է: Այս գործողությունը հանրային պաշտոնյան պետք է անի բոլոր պարագաներում: Եթե ընտրողաբար է անելու… սեփական թիմի եւ սեփական պաշտոնյաների մասին առաջինն է պետք»:

Հարցին՝ «Հայելի« ակումբի վրա ձվեր նետելով՝ արջի ծառայությո՞ւն էին մատուցում իշխանությանը, իրենց թվում էր, թե դրանով իշխանությանը օգո՞ւտ են տալիս՝ Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Իմ վերլուծությամբ, այն դերակատարները, ովքեր այդ ձվերը նետում էին, որոշակի առումով բեմականացրել էին այդ ակցիան եւ ընտրել էին մի թեմա, որն ըստ նրանց ավելի մեծ հանրային աջակցություն կստանար՝ ա՛յ, եթե Ղարաբաղ ասենք, միանգամից բոլորը մեզ կաջակցեն: Ես, ճիշտն ասած, ակցիայի մեջ անկեղծության պակաս զգացի եւ փորձ՝ կապելու սեփական ակցիան կառավարող ուժի հետ: Ակցիայի լուսաբանման, բառապաշարի առումով ես չզգացի, որ այդ ակցիայի մասնակիցները անկեղծ են դա անում, ինչպես, օրինակ գլուխ կոտրելու ակցիան էր, երբ օպերայում ինչ-որ բեմ էին գտել, բարձրացել էին եւ հանրահավաք էին կազմակերպել, նման գործողությունները չեն կարող  կապ ունենալ կառավարող ուժի հետ, որովհետեւ մեր փիլիսոփայությունը եւ մոտեցումը ՀՀ-ում գործընթացներին պարզից էլ  պարզ է՝ այս հանրությունը պետք է բռնությունից զերծ լինի եւ ի պաշտպանություն մեզ այսպիսի խոսք հնչեցնելն իրականում վնասում է մեր օրակարգին»

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031